Կվերակառուցվի Գյումրու պատմական թաղամասերից մեկը՝ Սլաբոդկան.Factor.am


ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից մշակվում է Գյումրու պատմական կենտրոնի զարգացման ծրագիր, որի մեջ ներառված է նաև Գյումրու Սլաբոդկա թաղամասի փողոցների վերանորոգումը։

Սակայն կոլորիտով ու իր ավանդույթներ ունեցող այս թաղամասի ոչ բոլոր փողոցներ են վերանորոգվելու, ներառված են չորս փողոցներ՝ Հանեսօղլյան փողոցը, Աճեմյան փողոցը, որի վրա գտնվում է Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգո» հայտնի ֆիլմի «Վառեմ-մարեմ»-ի շենքը, Տերյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց տանող հատվածը՝ ռուսական «Պլպլան ժամ» ընկած մասը, ինչպես նաև Ջիվանու փողոցի Սլաբոդկա թաղամասում գտնվող հատվածը։

Նշենք, որ Ջիվանու փողոցում է գտնվում նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տունը, գարեջրի գործարանը։ ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի ծրագիրը քննարկման վերջնական փուլում է, բայց գրեթե հաստատված է․ այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը։

Գյումրիում քաղաքի զարգացման ծրագրերը թվարկելիս՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ևս հայտարարեց, որ քաղաքի պատմական միջուկի շինարարությունը շարունակվելու է, վերականգնվելու է հայտնի Սլաբոդկա թաղամասը։

«Ծրագիրը գլոբալ է, միայն Սլաբոդկա թաղամասով չէ։ Վեց բաղադրիչ ունի․ ասֆալտապատվելու են նաև Խանջյան, Չայկովսկու փողոցները, Բարեկամության այգու հատվածը»,- տեղեկացրեց Խաչատուր Խնձրցյանը։

Մանրամասները՝ factor.am-ում