Նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է ծննդյան 91-րդ հոբելյանը նշող Ալբերտ Ազարյանին

Հեղինակ MediaLab

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն այսօր տոնում է ծննդյան 91-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լեգենդար մարզիկին շնորհավորել է նրա անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ անվերջ կարելի է թվարկել կոչումներն ու մեդալները, որոնք Ալբերտ Ազարյանի տասնամյակների բեղուն գործունեության արդյունքն են.

«Անգնահատելի է Ձեր անմնացորդ նվիրումը, ներդրումն ու վաստակը հայկական սպորտի զարգացման և հայ մարմնամարզիկների վարպետության բարձր մակարդակն աշխարհին ներկայացնելու կարևորագույն գործում: Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ Ազարյանն իր օրինակով շարունակում է սերունդներ կրթել:

Ալբերտ Ազարյանը նշել է, որ իրեն 19 տարեկան է զգում, շարունակում է մարզվել և ոգեշնչել երիտասարդ մարզիկներին: «Օղակների արքան» և ԿԳՄՍ նախարարը շրջել են մարզադպրոցում, հայկական սպորտի լեգենդը վարակիչ կենսուրախությամբ ներկայացրել է մարզադպրոցի գործունեությունը: Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ 92-ամյակին Ալբերտ Ազարյանին նույն ոգևորությամբ կտեսնի, իսկ շնորհավորելու առիթներն ավելացած կլինեն՝ ակնարկելով, որ Ազարյանի մարզադպրոցի սան Արթուր Դավթյանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում գուցե կդառնա մեդալակիր: