Կոպիտ սխալ է 60 հազար ԱՄՆ դոլլարով բանակից ազատվելու գաղափարը․Բանակն առաջին հերթին սպան է, ոչ թե զինվորը.Նորայր Նորիկյան

Փաստաբան,«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախօրերին անդրադարձել էի, որ կոպիտ սխալ է 60 հազար ԱՄՆ դոլլարով բանակից ազատվելու գաղափաը, քանի որ այն հստակ խտրական վերաբերմունքի ցցուն դրսևորում է, սոցիալական արդարության փիլիսոփայության խախտում, ինչպես նաև նախագծով մեկ անգամ ևս հավաստվում է, որ մեր բանակը աղքատների բանակ է, բանվորագյուղացիական բանակ։

Եվ ես իսկապես զարմանում եմ, թե ինչպե՞ս և ու՞մ մոտ են ծնվում այսպիսի դարակազմիկ գաղափարներ։
Չի՛ կարելի այս աստիճան խզել հասարակության տարբեր շերտերի միջև կապը։

Մեր երկրում որևէ մեկը չպետք է այսպիսի հարցերում արտոնյալ լինի ու վերջ։

Փոխարենը գործի ճիշտ հակառակ փիլիսոփայությունը, որ պետությունն աստիճանաբար ձեռձնարկի այնպիսի քայլեր, որոնք մեզ կմոտեցնեն պրոֆեսիոնալ բանակի կայացմանը, որ բանակում ծառայելու դիմաց զինծառայողը պետք է ստանա արժանապատիվ աշխատավարձ, հիմա տարվում է այն քարոզը, որ փող տուր, մի ծառայի։

Այդուհանդերձ, այս հրապարակման հիմնական նպատակն այլ է։ Ես ցանկանում եմ ընդգծել, որ բանակն առաջին հերթին սպան է, ոչ թե զինվորը։

Բանակում առկա խնդիրներից առաջնայինը պրոֆեսիոնալ սպայական կազմի խնդիրն է։

Ցավոք, այսօր չունենք պրոֆեսիոնալ սպայական կազմ և դրա համալրման պաշար, մեր ռազմաուսումնական հաստատություններն այսօր համալրված կամ թերհամալրված են շատ նվազ գիտելիքներ ունեցող կոնտինգենտով, ու եթե վաղը նրանց տանելու են որպես սպա, ուղղակի պատուհաս են դառնալու մեր բանակի համար։

Բանակին պետք են ինտելեկտուալ, գրագետ, մտավորական սպաներ, ովքեր առաջնորդելու են բանակը։

Մեծ ինքնախաբեություն է, որ սպան պետք է հրաման կատարի, և նրան խելք պետք չէ։

Ո՛չ, սպան պետք է լինի բավական կիրթ, զարգացած անձնավորություն, որպեսզի կարողանա պահանջներին համապատասխան զորք ղեկավարել։

Եթե մենք չունեցանք խելացի, գրագետ սպայական կազմ, հազար լոզունգ լինի և հազարավոր զինվորներ լինեն, մենք մարտունակ բանակ չենք ունենա, քանի որ բանակի կորիզը սպայական կազմն է։

Դա միայն բավարար չէ, ինտելեկտուալ սպան նաև պետք է բոլոր պայմաններով ապահովված լինի։

Այսօրվա բանակի սպան, պատկերավոր ասած, երկու ուղեղ ունի. մի ուղեղով մտածում է ընտանիքի կենցաղային խնդիրների, իր վարկերը մարելու մասին, մյուս ուղեղով իրականացնում է զինվորական ծառայություն:

Պետության սուրբ խնդիրն է լուծել բոլոր կոմունալ-կենցաղային պայմանները սպաների համար, որ սպան զորամաս մտնելուց հետո երբեք չմտածի, որ տանն ունի սոցիալ-տնտեսական խնդիրներ և զբաղվի իր սպայական ծառայությունների կատարմամբ։

Այդ պայմաններում և՛ բանակում լուրջ առաջընթաց կունենանք, և՛ մարտունակության խնդիրը, և՛ բարոյահոգեբանական խնդիր կլուծենք, և՛ սպայական կազմի արտահոսք չենք ունենա։

Այդ պայմաններում, վստահեցնում եմ, դեպի բանակ մեծ հոսք կլինի, և մարդկանց համար մեծ պատիվ կլինի զինված ուժերում ծառայելը։

Եթե մենք չլուծեցինք սպաների սոցիալական խնդիրները, ոչինչ չի ստացվի: Ամենամեծ լոզունգը այսօր պետք է լինի ԶՈՒ-ում սոցիալական երաշխիքների ճկուն համակարգի ներդրումը»: