«Գնային դավադրություն». գնաճի տեմպերի պատճառների կողքին փորձագետները նաև խարդախություն են նկատում

Հայաստանում գների անկասելի աճը դժվարին կացության մեջ է դրել շատ ընտանիքների, որոնք մտածում են, թե ինչպե´ս են հաղթահարելու ձմռան ամիսները` սննդամթերքի, ինչպես նաև կոմունալ ծառայությունների այս թանկացումների դեպքում:
Այս տարվա գարնան համեմատությամբ` հիմնական սննդամթերքների մեծ գնաճ է գրանցվել. բրինձը, օրինակ` թանկացել է գրեթե 20, ձուն` 70, հնդկացորենը`100 տոկոսով: Որոշ ապրանքներ թանկացել են կրկնակի, նույնիսկ եռակի և ավելի. կարտոֆիլն անցյալ տարվա համեմատությամբ թանկացել է առնվազն 150%-ով, տավարի միսը` գրեթե 30, իսկ, օրինակ` «Լոռի» պանիրը` առնվազն 80%-ով:
«Այս ամենի պատճառով ամեն տեղից դժգոհություններ ենք լսում»,- օրեր առաջ իրավիճակը լրագրողներին ներկայացրել է կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
«Հայաստանում հասարակության մեծամասնությունն այս տարվա նոյեմբերի 22-ին ապրում է շատ ավելի վատ, քան անցյալ տարվա նոյեմբերի 22-ին»,- ասել է նա:

Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 23,5%: Ճգնաժամի և դրան հետևած դրամական փոխանցումների նվազման դեպքում, ըստ փորձագետների, իրավիճակը կարող է սրվել` աղքատության ցուցանիշը հասցնելով մինչև 31%:

Հայաստանում միջին անվանական աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, թեև այս տարի աճել է 4,2 տոկոսով` կազմելով մոտ 85.000 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 9,3 տոկոսով` հասնելով 133.000 դրամի, սակայն, գնաճի թռիչքային պայմաններում այս հավելումները մեծ հաշվով որևէ բան չեն փոխում:

Մարդկանց սոցիալական վիճակը մնում է անփոփոխ, իսկ որոշ դեպքերում անգամ` ավելի է վատանում:

Եղինյանների սառնարանը այս աշնանն ավելի «ընդարձակ» է դարձել: Ընտանիքն սկսել է ավելի քիչ քանակությամբ սննդամթերք գնել: Իսկ որոշ մրկ` խնձորը, տանձը, ընդհանրապես բացակայում են օրակարգից:

«Գների բարձրացումն ազդել է մեզ վրա: Թանկացել են պանիրը, միսը, կարոֆիլը, շատ մրգեր: Էլ խանութից գնումներ չենք կատարում: Ստիպված որոշ բաներ կողքից էժան առնում եմ: Իսկ որոշ բաներ էլ պարզապես չենք գնում, օրինակ` խնձոր: Անցյալ տարի խնձորի գինը 100 դրամ էր, հիմա հազիվ կարողանաս 500 դրամով գտնել»,- բողոքում է տնային տնտեսուհի Սալոմե Եղինյանը:

Եղինյանների հարևան Կարապետ Մովսիսյանը շինարար է աշխատում: Նրա խոսքով` իր ստացած աշխատավարձը հիմնականում ծախսվում է սննդի վրա:

«Ես ստանում եմ 104 հազար դրամ, իսկ թանկացնում են եռապատիկ: Ես չեմ հասկանում` սրա վերջը ո՞նց ա լինելու: Երիտասարդ տղա եմ, հազիվ եմ հասցնում հաց առնել և տրանսպորտին եմ փող տալիս: Փոխանակ նպաստները, թոշակները և աշխատավարձերը բարձրացնեն, գներն են թանկացնում»,- «Մեդիալաբին» ասում է Կարապետը:

Չնայած գների բարձրացման մասին մամուլի բազմաթիվ հրապարակումներին և մարդկանց բողոքներին` սննդամթերքի և գյուղմթերքի շուկայում որևէ փոփոխություն չի արձանագրվել:

Փորձագետները սա բացատրում են նրանով, որ թանկացումը Հայաստանում հիմնականում օբյեկտիվ պատճառներ ունի:

Գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանի խոսքով` գների բարձրացման պատճառները բազմաթիվ են, օրինակ` բնակլիմայական պայմանները:

«Ձմռան բարձր ջերմաստիճանը, գարնանային հորդառատ անձրևները, որոնց հաջորդեց շոգ և չոր ամառը, լուրջ բացասական ազդեցություն թողեցին գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության վրա»,- ասել է Գառնիկ Պետրոսյանը:

Բացի այդ, գների բարձրացման պատճառ են հանրապետությունում ցանքատարածությունների կրճատումը:

Վերջին 5-6 տարիների ընթացքում շուրջ 50 հազար հա-ով կրճատվել են աշնանացան ցորենի ցանքատարածությունները, այս տարի ավելի քան 10 հազար հա-ով` կարտոֆիլի ցանքատարածությունները, զգալիորեն կրճատվել են նաև բանջարեղենի ցանքատարածությունները: Սա էլ իր հերթին բերում է նրան, որ որոշ մթերքներ պարզապես շատ քիչ են արտադրվում, օրինակ` խնձորը:

Այդուհանդերձ, չնայած այս օբյեկտիվ պատճառներին, որոշ թանկացումներ, ինչպիսին է պանրի գնի թռիչքային «առաջընթացը», հասարակության մեջ լուրջ կասկածներ առաջացրին: Այս խնդրին անդրադարձավ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

«Պանրի գների բարձրացման մասին մամուլի հրապարակումներից և հանձնաժողովի պարբերական մոնիթորինգի արձանագրած գների աճից անմիջապես հետո` հոկտեմբերի 22-ին, հանձնաժողով էին հրավիրվել պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչներ: Նրանք պարզաբանել էին, որ պանրի թանկացումը պայմանավորված չէ մրցակցությանն առնչվող խնդիրներով, այլ հետևանք է մթերվող կաթի գնի բարձրացման»,- ասվում է հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ պանրի շուկան խիստ ցածր կենտրոնացվածություն ունի, չկան խոշոր տնտեսավարող սուբյեկտներ: Այսօր շուկայում գործում են 78 գրանցված սուբյեկտներ, չհաշված պանիր արտադրող բազմաթիվ գյուղացիական տնտեսությունները:

Այդուհանդերձ, հասարակության մի ստվար զանգված չի հավատում, որ պանրի գների բարձրացման հարցում ամեն ինչ «մաքուր» է, և ոչ մի խարդախություն չկա:

«Ես կարծում եմ, որ գներն անհիմն են բարձրացնում: Էս ի՞նչ է ստացվում`կովերն անցյալ տարի կաթ ունեին, էս տարի չունե՞ն: Ստացվում է որ միայն պանրի ու կարագի գինն է բարձրացել, իսկ մածնի, կաթի, թթվասերի գները չեն փոխվել, ուրեմն այստեղ ինչ-որ խարդախություն կա»,- «Մեդիալաբին» ասում է Երևանի բնակիչներից մեկը:

«Նոյյան տապան» թերթի խմբագիր, տնտեսական մեկնաբան Հարություն Խաչատրյանը կարծում է, որ այս խնդրում խարդախության նշաններ այդուհանդերձ կան:

«Թերևս խարդախություն կարելի է կասկածել այն հանգամանքի մեջ, որ տարբեր պանիր արտադրողներ, գրեթե միաժամանակ, գրեթե նույն չափով բարձրացրին իրենց արտադրանքի գինը: Դա վկայում է այն մասին, որ գոյություն ունի ինչ-որ համաձայնեցված դավադրություն, այսպես կոչված` գնային դավադրություն»,- «Մեդիալաբին» ասում է Հարություն Խաչատրյանը:

Ըստ ՀՀ ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի` վերջին շրջանում Հայաստանում արձանագրված պանրի գնաճն արդարացում չունի: Այն պետք է թանկանար 2-3 ամիս անց և առավելագույնը` 200 դրամով` կապված կաթի գնաճի հետ:

«Արտահանվող ծավալների մեծացումը կապ չունի գնաճի հետ»,- կարծում է Հրաչ Բերբերյանը:

Ընտրությունների նախաշեմին, երբ իրականում կուսակցություններն արդեն իսկ սկսել են նախընտրական քարոզարշավը, դժգոհությունների նոր ալիք կարող է բարձրանալ:

Տարբեր խմբերի և խավերի մարդիկ փողոց են դուրս գալիս բողոքի ցույցերի` տարբեր հարցերի կապակցությամբ: Այս պարագայում գնաճի նման տեմպերը և մարդկանց կենսապայմանները իրական լուրջ մարտահրավեր են գործող իշխանությունների և նրանց «ձևավորվող» վարկանիշի համար:

Նոյեմբերին կենսաթոշակները բարձրացրել են մոտ 2500 դրամով: Սակայն սրանից թոշակառուների բեռը հազիվ թե թեթևանա, երբ նրանց թոշակը բարձրացել է մոտ 11 տոկոսով, մինչդեռ հիմնական սննդամթերքի մի մասի գինն աճել է առնվազն կրկնակի:

«Մենք ապրելու ճար չունենք, կոտորվելու ենք»,- «Մեդիալաբին» ասում է 70-ամյա թոշակառու Վարդուհի Հովհաննիսյանը:

Կառավարության` ստեղծված իրավիճակը շտկելու կամ մեղմացնելու հարցին ի պատասխան ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը պատասխանել էր, թե իրենք ամեն ինչ պետք է անեն այս և գալիք տարի գնաճը զսպելու համար։

Մինչդեռ տնտեսական մեկնաբան Հարություն Խաչատրյանի կարծիքով` անգամ ցանկության դեպքում կառավարությունը շատ բան անել չի կարող:

«Միակ բանը, որ կառավարությունը կարող է անել, փորձել որոշ չափով հակակշռել գների բարձրացումը նպաստների կամ իր վճարների բարձրացումով: Դրա հնարավորությունը խիստ սահմանափակ է ճգնաժամի պատճառով,- «Մեդիալաբին» ասում է Հարություն Խաչատրյանը: – Իսկ ավելին, կարծում եմ, մեր կառավարությունը, եթե նույնիսկ կարող է, ապա դժվար թե անի, որովհետև այս օրերին աշխարհում ուրիշ շատ վտանգներ կան, և կառավարությունը խիստ զգուշավոր է ավելորդ ծախսեր անելու ճանապարհին»։

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am