Իրավասու կերպով հայտարարում եմ, որ Ադրբեջանին չզայրացնելու իշխանությունների քաղաքականությունը պարտություն է կրել. Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը 

– Պարո՛ն Նորիկյան, քանի որ Սյունիքի մարզի Տեղ համայնք էիք գնացել, կխնդրեմ ներկայացնեք իրավիճակն ականատեսի աչքերով։

– Պետք է արձանագրեմ, որ եղանակային պայմանները թույլ չտվեցին անմիջապես տեսնել թշնամու դիրքավորումները, բայց մենք խոսել ենք համայնքի տասից ավելի բնակիչների հետ, որոնք միաբերան հաստատում են, որ ՀՀ ինքնիշխան տարածք հերթական ներխուժման հետևանքով 200 հեկտարից ավել հողատարածք է մնացել թշնամու հսկողության տակ, կամ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ իրենց վերահսկողության տակ չանցած հողատարածքներում էլ, միևնույն է, գյուղացիները չեն կարող աշխատանքներ կատարել։ 

Գյուղացիները մի բան արձանագրեցին, ինչն ինձ համար շատ տարօրինակ է, որ մինչև նրանց տեղակայումն այդ տարածքներում հերթապահություն են իրականացրել ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները, ու նրանց գնալուց տառացիորեն մի քանի ժամ անց ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները եկել ու դիրքավորվել են։ 

Տեղ համայնքի բնակիչների մոտ կա կասկած, որ այս ամենը պայմանավորվածության արդյունք է։ Նրանք ՀՀ գործող իշխանություններին մեղադրում են թուլակամության ու անգործության մեջ, ասելով, որ նրանք պարտավոր էին համապատասխան քայլեր ձեռնարկել, եթե այդտեղ տեղի էր ունենում սահմանների հստակեցում, նախապես իրականացնել քայլեր, որոնք ադրբեջանցիների առաջխաղացումը թույլ չէին տա։ 

Ըստ էության, բնակիչների տրամադրվածությունը մարտական է, իրենք պատրաստ են պաշտպանելու իրենց հայրենիքը, բայց ստեղծված իրավիճակից դուրս գալու, ադրբեջանցիներին ինչպես հետ շպրտելու հարցերի պատասխանները չունեն։ 

Ես տագնապով արձանագրում եմ, որ գործ ունենք մի իրավիճակի հետ, որ Ադրբեջանը որտեղ ուզում է՝ Հայաստանի հետ իր սահմանը գծում է, հանդես գալով ուժի դիրքերից՝ փաստորեն Հայաստանին պարտադրում է իր օրակարգը, իսկ Հայաստանը ընդամենը փաստերն արձանագրողի ու իրավիճակի հետ համակերպվողի դերում է հայտնվել, ինչը շատ վատ է։ 

Ազգովի պետք է հասկանանք մեր առջև ծառացած մարտահրավերը, որովհետև փաստ է, որ Ադրբեջանը մեզ հետ խաղաղություն հաստատելու նպատակ ու տրամադրվածություն չունի, իսկ ՀՀ իշխանությունն էլ չունի նրան զսպելու համապատասխան խաղաքարտեր։ 

Իրավասու կերպով հայտարարում եմ, որ Ադրբեջանին չզայրացնելու գործող իշխանությունների քաղաքականությունը պարտություն է կրել, ձախողվել է խաղաղության դարաշրջան բացելու քաղաքականությունը։ Մեր քաղաքականությունը պետք է վերանայվի, որովհետև էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ մենք հնարավորություն ենք տալիս, որ Ադրբեջանը մաս-մաս մեր հայրենիքը խլի մեր ձեռքից։ 

Վերադարձի ճանապարհին այցելեցինք նաև Ջերմուկ քաղաք՝ փորձելով հնարավորինս մոտ տեսնել, թե անցյալ տարվա ռազմական էսկալացիայի հետևանքով որտեղ են տեղակայվել Ադրբեջանի զինված ուժերը: Նույն վիճակն էլ այնտեղ էր․ քաղաքը, ինչպես նաև Տեղ գյուղը շրջապատող բոլոր բարձունքների վրա առկա է ադրբեջանական գերիշխանություն։ Իրենք ռազմավարական տեսանկյունից լուծել են հետևյալ խնդիրը․ ցանկացած պահի թե՛ Ջերմուկում, թե՛ Վարդենիսում, թե՛ Սյունիքի այլ հատվածներում պարզապես պարալիզացնել բնականոն կյանքը։

– Տեղ համայնքի ղեկավարն ասում է, որ ինքը շատ է ուզում, որ ստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը, որ կռիվը դադարի, լիահո՞ւյս եք, որ այդ պայմանագրով էլ կռիվ չի լինելու, ադրբեջանական զորքն էլ դեօկուպացիայի կենթարկի ՀՀ տարածքները։

– Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե կնքվի այդ պայմանագիրը, ու չունենա միջազգային երաշխիքներ, դա լինելու է հերթական թղթի կտորը, որովհետև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը յուրովի զինադադար էր, ինչը նշանակում էր, որ կողմերը գտնվելու են իրենց դիրքերում, և կրակոցներ չեն իրականացնելու, մյուս հարցերն էլ կարգավորվելու են խաղաղ ճանապարհով, բայց մենք տեսնում ենք, որ այդ փաստաթղթից հետո Հայաստանը երեք անգամ ենթարկվել է ռազմական ագրեսիայի, որի հետևանքով ունեցել է տարածքային, մարդկային կորուստներ։ Որևէ մեկը չի հրաժարվում խաղաղության պայմանագրից, բայց պետք է հասկանալ դրա գինն ու այն, թե արդյոք դա կդառնա՞ երաշխիք, որ Ադրբեջանը իր զավթողական քաղաքականությունը չծավալի հետագայում։ 

– Դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի՞ ադրբեջանցիներին հետ մղել ՀՀ սուվերեն տարածքներից, պարո՛ն Նորիկյան։

– Ես բացառում եմ, ի՞նչ դիվանագիտության մասին է խոսքը, երբ թշնամի երկրում ստեղծել են Արևմտյան Ադրբեջան հորջորջվող հիմարությունը՝ բոլոր առումներով։ Ավելին ասեմ՝ ես խոր կասկած ունեմ, որ վտանգի տակ են նաև «անկլավները», ու իրենք կոնկրետ ախորժակ ունեն Տիգրանաշենի ու Տավուշի մարզում գտնվող որոշ տարածքների նկատմամբ։ Խորապես համոզված եմ, որ իրենք ինչ-որ մի փուլում առաջ են բերելու այս զգայուն հարցը, որպեսզի խոչընդոտեն կամ արգելակեն խաղաղության պայմանագրի կնքումը։ Վաղ թե ուշ այս հարցը բարձրացնելու են, եթե արդեն չեն բարձրացրել։ 

– Ձեր տպավորությամբ՝ հիմա դելիմիտացիա ու դեմարկացիա՞ է իրականացվում։

– Այո՛, ես տասը օր առաջ եմ ասել, որ սա, ըստ էության, չհայտարարված դելիմիտացիա ու դեմարկացիա է ռուսական մոդերատորությամբ։ Մարդիկ իրենց սահմանն են գծում, սահմանագծումն էլ ո՞նց է լինում։

– ՀՀ իշխանությունն այդ դեպքում ինչո՞ւ անկեղծ չէ հանրության հետ։

– Ես երեկ էլ, տասը օր առաջ էլ հայտարարել եմ, որ իրենք ազնիվ լինեն այս ժողովրդի հետ ու ներկայացնեն՝ ինչ է կատարվում իրականում հայ-ադրբեջանական սահմանին։

– Պարո՛ն Նորիկյան, ձեր քաղաքական ուժն ի՞նչ է առաջարկում այս իրավիճակից դուրս գալու համար։

– Ուժերի մոբիլիզացիա, ամբողջ ներուժը պետք է կենտրոնացվի խախտված ռազմաքաղաքական հավասարակշռության վերականգնելու, հարկ եղած պահին ոչ համարժեք ու պատժիչ գործողություններ թշնամու նկատմամբ իրականացնելու վրա։ Ես չեմ պատկերացնում Հայաստանի մեկ մետր հողն անգամ Ադրբեջանին զիջել։ 

Անկեղծ եմ ասում, եթե տարածաշրջանում Հայաստանը որպես պետություն չի լինելու, ես, կներեք, թքած ունեմ այդ տարածաշրջանի վրա։ Մենք պետք է վերակազմակերպենք մեր ռեսուրսներն ու կարողանանք միջազգային դիմադրողականության համակարգ ձևավորել, իհարկե բոլոր ճակատներով։ 

Ուրիշ տարբերակ չունենք, Ադրբեջանին պետք է զսպենք, պետք է կարողանանք դաշնակիցներ, գործընկերներ, բարեկամներ գտնել, մեր ամբողջ հայ ժողովրդի ներուժն ի մի բերենք, վերջիվերջո 90-ականներին էլ Ադրբեջանը մեզանից թույլ չէր։ Մենք պետք է ձգտենք իրավիճակը բեկել, դժվար է, բայց պետք է անել, իսկ ի՞նչ անենք, լրիվ հանձնվե՞նք, ես դրան համաձայն չեմ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am