«Ուժային ազդեցությունների փոփոխման խնդիր է դրված իշխանության առաջ, ու իրենք հանուն դրա զոհաբերում են Արցախը». Արմեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը 

– Պարո՛ն Խաչատրյան, Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակն ինչպե՞ս է հանգուցալուծվելու, եթե նկատի ունենանք այն, որ իշխանության ներկայացուցիչները՝ ի դեմս խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի, հայտարարում են, որ «մենք աշխարհում մենակ ենք»։

– Իսկ ինչքա՞ն ասենք, որ մենք աշխարհում մենակ ենք, ընդ որում՝ աշխարհում մենակ ենք մեկ հարցի շուրջ, բայց թե ինչի՛ շուրջ՝ այդպես էլ չեն հասկացել։ Այս իշխանության խնդիրն այն է, որ իրենք իրողությունները չեն հասկանում։

Տեր-Պետրոսյանի խոսքը, որ «մենք դաշնակիցներ չունենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցի շուրջ», բնավ չի ու չէր նշանակում, թե մենք մենակ ենք Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ։ Ամենամեծ խնդիրն այստեղ է, երբ մենք բովանդակային առումով սխալ ընկալում ենք ունենում։

Այո՛, աշխարհում մեզ որևէ մեկը թույլ չէր տալու, չէր օգնելու, չէր աջակցելու, որպեսզի ԼՂ անկախությունը դե յուրե ճանաչվեր։ Բայց արդյոք մենք չունեի՞նք կամ այսօր չունե՞նք դաշնակիցներ, որոնք Արցախի դե ֆակտո ճանաչման կողմնակից էին կամ այսօր աջակցում են, որպեսզի Արցախում առկա ստատուս քվոն պահպանվի։

Այստեղ է, որ մենք ասում ենք, որ իրենք առնվազն կոմպետենտ չեն, որովհետև իրենք ավելի քան չորս ու կես տարի իշխանության լինելով, Արցախին ու Հայաստանին պատերազմի մեջ գցելով, պատերազմը պարտվելով, այնուամենայնիվ չհասկացան, թե խոսքն ինչի մասին է, խնդիրն ինչի վերաբերյալ է, լուծումներն ինչպիսին կարող են լինել։ Նույն անհեռատեսությամբ, նույն մանկամտությամբ շարունակում են այս խնդիրը տանել մեզ համար ամենաանցանկալի ուղղությամբ։

Իհարկե, աշխարհում մենք մենակ ենք մնալու, եթե մեր մաքսիմալիստական մոտեցումներից չհրաժարվեն, եթե մեր քայլերը համահունչ չլինեն խաղացողների շահերին։ Պետք է այդ խաղի մեջ մեր շահը գտնենք ու հետո տեսնենք, թե այդ խաղացողներից որի՛ շահի հետ է համընկնում այն, ի՛նչ մասով, ու արդյոք այս մեկի հետ համընկնելու պարագայում այն մյուսի հակազդեցությունն ավելի վնասակար չի՞ լինի։

Սրանք կոչվում են ստրատեգիական հաշվարկներ, բայց քանի որ մեր իշխանությունն անգամ տակտիկական հաշվարկների դեպքում է տապալվում, ապա ստրատեգիականի մասին անիմաստ է խոսելն ընդհանրապես։

– Ըստ էության, գործող իշխանությունն ասում է, որ ամբողջ աշխարհը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, մեծ հաշվով, անիմաստ է դրան հակառակ ինչ-որ բան անել, մեզ մնում է միայն պահել՝ իրենց կողմից սահմանված 29 800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը։

– Դա այնքան աբսուրդային է, ինչքան այն, որ Ռուսաստանը ճնշումներ էր գործադրում ու պահանջում էր Հայաստանից մտնել միութենական պետության մեջ։ Դա իշխանական հորինած սուտն է, իրենց պրոպագանդան, ու դրանով իրենք փորձում են լուծել Արցախի հարցը՝ հօգուտ Ադրբեջանի ու իրենց իշխանության պահպանման։ Դրա տակ ուրիշ բան մի՛ փնտրեք։

– Այսինքն՝ իրենց շահը միայն իշխանության պահպանո՞ւմն է, եթե այդ հարցը լուծեն Ադրբեջանի օգտին։

– Այո՛, որովհետև այսօր Արցախը կորցնելուց ավելի մեծ վնաս Հայաստանին ես չեմ պատկերացնում: Դա նույնն է, որ, օրինակ՝ Գյումրին տանք վրացիներին, Մեղրին տանք Իրանին, որևէ տարբերություն չկա դրա մեջ, որովհետև կա ստատուս քվո, ու այս իշխանության գործունեությունը պետք է միտված լիներ ու լինի դրա պահպանմանը, ընդ որում՝ մենք գիտենք, որ կա դրա ռեալ հնարավորությունը։

Հանրությանը հայտնի երկու պլաններից մեկի պարագայում մենք պահպանում ենք ստատուս քվոն, ու ես չեմ կարծում, թե 29800 քառակուսի կիլոմետրի մասին խոսելը Հայաստանի սուվերենության պահպանման նպատակ ունի: Իրականում ուրիշ բանի մասին է խոսքը, ըստ իս։

Կարծում եմ, որ ուժային ազդեցությունների փոփոխման խնդիր է դրված այս իշխանության առաջ, ու իրենք հանուն դրա զոհաբերում են Արցախը։ Մենք միշտ մտածել ենք, թե ո՛րն է Արցախը պահելու գինը, այսօր խոսքը ոչ թե Արցախի գնի մասին է, այլ հենց ինքը՝ Արցախը, դարձել է վճարման միավոր՝ այլ նպատակի համար։

Մեր ու այս իշխանության գլխավոր տարբերությունը հենց այստեղ է կամ այս իշխանությունից առաջ պաշտոնավարածների։ Ասում են՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք մսխվել է հաղթանակը, Քոչարյանի ու Սարգսյանի կառավարման օրոք թուլացվել է մեր բանակը՝ մեր անվտանգության գլխավոր երաշխավորը: Այո՛, նրանք նպաստել են, որ 2016-ին Ադրբեջանն արդեն ուժի լեզվով խոսեց մեզ հետ, այո՛, պնդում եմ, որ այդ ամենը ճիշտ է, բայց Արցախը երբեք մանրադրամ կամ վճարման միավոր չի եղել Հայաստանի նախորդ իշխանությունների համար, որով այլ խնդիրներ փորձեին լուծել։

– Իշխանությունն Արցախով ինչ-որ խնդիրնե՞ր է լուծում, պարո՛ն Խաչատրյան։

– Ես այդ տեսակ հեռանկար եմ տեսնում։ Ուժային ազդեցությունների փոփոխության հեռանկար եմ տեսնում։ Ուժային կենտրոնի փոփոխություն։

– Ռուսաստանի ազդեցության փոփոխությո՞ւնը։

– Իհա՛րկե, եթե Արցախը տալիս են Ադրբեջանին, խաչ են քաշում այդ 120.000-ի վրա, թողնելով բախտի քմահաճույքին, այդ դեպքում Ռուսաստանն այստեղ ի՞նչ գործ ունի։ Ենթադրենք՝ մեր հարաբերությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ամբողջությամբ կարգավորվում են, մենք այլևս որևէ խնդիր չենք ունենա ռուսական ռազմաբազա պահելու Հայաստանի տարածքում։ Իսկ սրա գինը դարձել է Արցախը։

Իսկ ո՞վ ասաց, որ Արցախից հետո ինչ-որ մեկը զսպելու է Ադրբեջանի բացված ախորժակը՝ մանավանդ եթե մենք զրկվենք այս պահին թուլացած, ինչ-որ առումով ոչ պարտաճանաչ մեր դաշնակցից։ Ա՛յ, նորից մեր հասարակության մի ստվար զանգված չհասկացավ փոխզիջման ու զիջման տարբերությունը, որովհետև եթե մենք փոխզիջմամբ ունենում էինք կայունություն, ապա այս զիջումներով զիջումը հաջորդելու է մեկ այլ զիջման, ու այսպես շարունակ այս իշխանության պարագայում։

– Իշխանության ղեկավարն էլ ասում է, որ եթե Ռուսաստանը չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, նրա մնալը տարածաշրջանում «ոչ միայն օգտակար չէ մեզ համար, այլ նաև սպառնալիք է»։

– Շատ լավ, հարց եմ տալիս. վաղը Ղարաբաղից ռուս խաղաղապահները դուրս եկան, հեռանկարը պատկերացնո՞ւմ եք, այսօր դեռ այնտեղ են, մենք ունենք բլոկադայի ենթարկված 120.000 մարդ։ Ինքն ասում է՝ ժողովո՛ւրդ, խա՛չ քաշեք Ղարաբաղի վրա, իսկ այս դեպքում, այո՛, Փաշինյանի ասածը հասկանալի է։ Հարցս կրկնեմ. վաղը խաղաղապահները դուրս եկան Արցախից, Հայաստանը վաղուց հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, դուք հասկանո՞ւմ եք, թե ի՛նչ է լինելու Արցախում։

– Դե, դրա լուծումն էլ կարծեք թե Նիկոլ Փաշինյանն ունի, ասում է՝ «Ստեփանակերտն ու Բաքուն թող ուղիղ բանակցեն»։

– Ես նորից եմ ասում՝ դուք պատկերացնո՞ւմ եք՝ այդ բանակցություններից հինգ րոպե առաջ ինչ է տեղի ունենալու։ Ո՞վ է երաշխավորն այդ բանակցությունների, թող ինքն ասի, որ այս-այս պետությունները երաշխավորում են, որ ոչ մի հայի քթից արյուն չի գա, թող Բաքուն ու Ստեփանակերտը բանակցեն ու գան համաձայնության, թե ոնց են շարունակելու հետագայում ապրել։

Հին թուրքական ասացվածք կա, ասում է՝ գլուխը կտրելուց հետո մազին կպչելն էլ իմաստ չունի։ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է առաջարկում Արցախի հայ բնակչությանը։ Երբ մենք ասում ենք, որ պարտված ղեկավարը չի կարող շարունակել պաշտոնավարել, դա անտրամաբանական է, սա նկատի ունենք։ Այս իշխանությունը կորցրել է լեգիտիմությունը, այն, որ գրել էին՝ «Անջատում՝ հանուն փրկության», իրենք ումի՞ց անջատվել նկատի ունեին, Հայաստանի՞ց։ Իրենք պետք է հրաժարական տան ու գնան, իրենք տապալել են չորսուկես տարի, ու ամեն տապալում մի նոր աղետ է բերել մեր գլխին։

– Հրաժարական չեն տալիս ու չեն գնում, ի՞նչ է մեզ սպասում։

– Ոչ մի լավ բան, որովհետև իրենց ամեն նոր քայլով աղետ են բերում, աղետների շարան, որոնք կարող են ավելի սարսափելի լինել, քան նոյեմբերի 9-ն էր։ Ով չի հասկանում, որ Արցախը կորցնելով՝ հայրենիք ենք կորցնում, չի հասկանալու նաև, որ Սյունիքը կորցնելով ենք հայրենիք կորցնելու, Շիրակը կորցնելով ու այլն։

– Պարո՛ն Խաչատրյան, հիմա ձեզ ինչպե՞ս են հասկանալու ընթերցողները, որովհետև մինչ օրս էլ ասում են, չէ՞, որ ձեր քաղաքական ուժն էր՝ ի դեմս առաջին նախագահի, վաղուց կողմ, որ «Արցախը տանք, որ լավ ապրենք»։

– Դե, փոխանակ խնդրի էությունը հասկանային, աղավաղեցին դոկտրինը, որ քանի դեռ հարցը չի լուծվել, մենք լավ չենք ապրելու, ոչ թե՝ քանի դեռ չենք տվել։ Ի վերջո, Արցախը տվեցին նրանք, ովքեր աղավաղեցին այդ խոսքերը ու հիմա էլ շարունակում են տալ. Արցախն էլ են տալիս, Աստված չանի, էլի ինչ-որ բաներ կուզենան տալ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am