«Լուրջ էր, հումորով, համբերատար, զուսպ, և շատ տաղանդավոր». պատերազմի, Դավիթի, կիթառի, ընկերության և արևածագի մասին

Դավիթաշենի Առաջին թաղամասում գտնվող 22-րդ շենքի միջանցքն արդեն մեկ տարուց ավելի է՝ ինչ դատարկ է, չեն լսվում Դավիթ Գևորգյանի կիթառի ձայնն ու նրա ընկերների ծիծաղը։ 

Խմբի հոգին՝ 19-ամյա Դավիթ Գևորգյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում՝ իրենից հետո թողնելով ցավ, կարոտ և դատարկություն հարազատների ու ընկերների սրտերում։ 

Այսօր Դավիթի ծննդյան օրն է: Ընկերներից Սյուզի Շահինյանը և՛ հուզվում է, և՛ ոգևորվում Դավիթի մասին խոսելիս: 

«Ինքը և՛ շատ լուրջ էր, և՛ շատ հումորով, և՛ շատ համբերատար, և՛ շատ զուսպ, և՛ շատ տաղանդավոր, և՛ գեղեցիկը գնահատող, և՛ երբեմն էլ նույնիսկ ռոմանտիկ։ Դավոն ամեն ինչ էր։ Ինքը շատ հասուն էր ու միշտ էնքան խելացի էր խոսում, ոնց որ 30 տարեկան լիներ։ Ասում էի՝ վա՜յ, Դա՛վ, ոնց որ ավելի մեծ լինես, քան իրականում կաս»,- պատմում է Սյուզին: 

Դավիթը տանկիստ էր, կռվել է Վարանդայի շրջանում։ Վերջին զանգը տուն արել է հոկտեմբերի 16-ին։ Զանգել է մորն ու ասել՝ տեղս հարմար չի, հենց հարմար լինի՝ կզանգեմ։

«Ինքը չի լսել՝ ինչ ա իրա մաման իրան ասում, որովհետև էդ ժամանակ արդեն ինքը կոնտուզիա ա ունեցել, այսինքն՝ լսողություն չի ունեցել, մենակ էդ երկու բառն ա արագ ասել ու անջատել։ Մենք էդ ամենն իմացել ենք ավելի ուշ։ Դավն առաջին «ՈՒԱԶ»-ով պետք ա գար, որովհետև վիրավորվել էր, բայց ընկերոջը՝ Սամվելին, մենակ չի թողել ու ասել ա՝ ես կսպասեմ, երկրորդով կգամ։ Իրենց թաքցրել են անտառում, որ թշնամին չգտնի, մինչև հաջորդ «ՈՒԱԶ»-ը գա, բայց Դավոն էդպես էլ չի վերադարձել․․․

Ընկերներից Սյուզաննա Գդոյանը պատմում է՝ Դավիթն ուղիղ մեկ տարի անհետ կորած էր, մասունքներն Ադրբեջանից բերելուց հետո ուղարկել են արտասահման՝ ԴՆԹ հետազոտության, և երկար ամիսներ սպասել պատասխանին: 

«ԴՆԹ-ն հաստատվեց 2021 թվականի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմից ուղիղ մեկ տարի անց․․․»- նշում է Սյուզաննան և նկարագրում ընկերոջը՝ Դավը տաղանդավոր էր, ապրում էր հետաքրքիր ու լիքը կյանքով.․․

Դավիթը զբաղվել է լողով, հաճախել Թումո՝ այնտեղ զբաղվելով ֆիլմարտադրությամբ։ Ապագա ռեժիսոր էր, չնայած ընդունվել էր Մանկավարժական համալսարանի լուսանկարչության բաժին և Ինստագրամի էջ ուներ, որտեղ տեղադրում էր իր արած լուսանկարները, այնուամենայնիվ, միշտ շեշտում էր՝ լուսանկարչությունն իր հոբբին է։ Լուսանկարում էր բոլոր ընկերներին, սիրելի Դավիթաշենը ու սովորեցնում լուսանկարչության կանոնները ցանկացողներին։

«Յուրահատուկ ֆոտոներ էր անում։ Ես շատ եմ հետևել ու հետևում տարբեր լուսանկարիչների աշխատանքներին, բայց իրա արած ֆոտոներից ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել, ինքը շատ կրեատիվ մտածելակերպ ուներ, ամեն ինչին կրեատիվ էր վերաբերվում ու միշտ հենց էդ էլ խորհուրդ էր տալիս բոլորին՝ մտածել ինքնուրույն, ունենալ կյանքի մասին սեփական գաղափարներն ու շարժվել դրանցով»,- նշում է Դավիթի մտերիմ ընկերներից Վաղինակ Կարապետյանն ու շեշտում՝ Դավիթը տաղանդավոր ստեղծագործող էր ու ոգեշնչող, կարողանում էր յուրաքանչյուրի մեջ հավատ արթնացնել սեփական ստեղծածի հանդեպ։

Ընկերներն ասում են՝ Դավիթենց շենքի միջանցքն իրենց հավաքատեղին էր օրվա ցանկացած ժամի։ Տղերքով հավաքվում էին, խոսում կյանքից, հետո՝ անցնում երգ ու նվագին։ Դավիթը շատ լավ նվագում էր ու երգում, իսկ մյուսները միանում էին նրան։ 

«Մենք միասին ֆիլմարտադրությամբ էինք զբաղվում Թումոյում, բայց մտերմանալուց հետո սկսեցինք նաև երաժշտությամբ զբաղվել։ Դավը կիթառ էր նվագում, ես՝ շեփոր, որոշել էինք տարբեր երգեր մշակել ու իրար հետ անել, բայց իրանից հետո տենց էլ ոչ մի բան չեղավ, ռեժիսուրան էլ թողեցի Դավից հետո, որովհետև չկա էն մեկը, որի հետ կարելի էր շարունակել էդ գործը»,- ասում է Դավիթի ընկերներից Եսայի Ղազարյանը։

Ընկերների խոսքով՝ մարդկանց հեշտությամբ մոտ չէր թողնում իրեն։ Ասում են՝ Դավիթի հետ մտերմություն հաստատելու համար պետք էր շատ տանջվել, որովհետև իր ընկերներին առանձնակի ուշադրությամբ էր ընտրում։ Նույնքան զգուշորեն էր վարվում իր մեջ ծնված սիրո հանդեպ, քչերը գիտեն, որ սիրած աղջիկ ուներ։

«Հա՛, սիրած աղջիկ ուներ, էդ աղջիկը ես էի,- ժպիտով ասում է Սյուզի Շահինյանն ու շարունակում,- ես գիտեի դրա մասին, բայց ինքն ինձ ուղիղ կերպով չէր ասում, հետո իր ընկերներից մեկն էր ինձ գրել, հարցրեց՝ Սյուզին ե՞ս եմ, Հայաստանո՞ւմ եմ ապրում, թե՞ չէ: Պատասխանեցի՝ չէ՛, Լեհաստանում եմ ապրում, ասեց՝ լավ, ուրեմն դու ես էդ աղջիկը, հետո ասեց՝ Դավոյից բան չէր լինում իմանալ, բայց պատմել էր քո մասին:

Դավը միշտ ասում էր՝ Սյո՛ւզ, լսի հլը, դու կարա՞ս գաս Հայաստանում ապրես, ասում էի՝ կարող ա, ասում էր՝ ըհը, շատ լավ ա, դե դու մտածի էդ ուղղությամբ»։ 

Հայաստանից գնալու միտք անգամ չուներ, յուրահատուկ ձևով էր սիրում հայրենիքը։ Ընկերներն ասում են՝ Արևմտյան Հայաստան գնալուց հետո ամեն հարմար առիթ օգտագործում էր Արևմտյան Հայաստանի ու էնտեղ իր տեսածների մասին պատմելու համար։ Շատ էր հպարտանում դրանով ու նաև նրանով, որ պիտի ծառայեր ու տուն գար՝ հայրենիքի համար էլ ավելին անելու նպատակով, բայց նպատակները կիսատ մնացին պատերազմի պատճառով․․․

«Ես վստահ էի, որ ինչ-որ ժամանակ անց ասելու էի՝ էս տղեն իմ համադասարանցին ա եղել, ես վստահ եմ, որ ես ասելու էի, ինձ միշտ հետաքրքրում էր՝ ինչ էր լինելու, ինչ էր անելու Դավոն հետո։ Շատ մեծ ափսոսանք ու ցավ եմ զգում»,- ասում է Դավիթի դասընկերներից մեկը՝ Արփի Ալավերդյանն ու նշում՝ Դավիթն իր ճանաչած ամենատարբերվող ու ամենահետաքրքիր տղաներից մեկն էր։ 

Հետաքրքիր էին նաև այն մտքերը, որ Դավիթն արտահայտում էր, ասում ընկերներին։ Դրանք մինչ օրս օգնում են նրանցից շատերին կողմնորոշվել այս կամ այն հարցում։

«Երբ դեռ ծառայության մեջ էր ու դեռ էդ վատ դեպքը չէր պատահել, իմ կյանքում մի հատ սև գիծ էր սկսվել, որ ես ընդհանրապես ոչ մի բան չէի անում ու զուտ գոյություն էի պահում։ Մեր նախավերջին խոսակցության ժամանակ Դավն ինձ հարցրեց՝ էլի՞ չես աշխատում, ասեցի՝ դե՛, Դա՛վ, մի բան կլինի: Ասեց՝ դու մի՛ սպասի, որ քո արևածագը գա, դու գնա էնքան, մինչև հասնես քո արևածագին։ Էդ արտահայտությունը մինչև էսօր իմ մտքում ա։

Ես էս կյանքը սկսել եմ հասկանալ Դավոյի շնորհիվ։ Կյանքում լինում են մարդիկ, որ գնում են, ու իրանց տեղը դու չես կարա ոչ մի բանով ու ոչ մեկով լցնես, նույնիսկ քո անձով, քո մեծ ցանկության դեպքում անգամ, Դավոն էդ մարդկանցից էր։

Կուզեի հասցնեի մի բան անեի, հետո իրան ասեի՝ արել եմ։ Իրա կիթառի լարը կսարքեի ու կասեի՝ ռե լարդ սարքել եմ, արի՛, արի՛, որ ձեր պադյեզդում նվագես, ախպե՛րս։ Ինքը պետք ա նվագեր․․․»- ասում է Վաղինակը։ 

Անի Մարտիրոսյան

MediaLab.am