Հայ և ռուս ժողովուրդներին կապում է հոգևոր ու քաղաքակրթական մտերմությունը. ՌԴ դեսպանի ներկայացուցիչ

Արժեքային հարցերը հանդիսանում են այն շերտը, որն ամուր կապում է հայ և ռուս  ժողովուրդներին՝ հաստատելով նրանց հոգևոր ու քաղաքակրթական մտերմությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպանության  ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը՝ «Անկախություն և ինքնիշխանություն. սպառնալիքներ և մարտահրավերներ ժամանակակից Հայաստանի համար» կոնֆերանսի ընթացքում:

Խոսելով գլոբալիզացիայի մարտահրավերներից, Սինեգուբովը համոզմունք հայտնեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ոչ միայն կարող են, այլ նաև պարտավոր են սերտորեն համագործակցել՝ ավանդական արժեքներին, ինքնությանն ու  ինքնիշխանությանը սպառնացող աշխարհաքաղաքական վտանգների հարցերում:

 «Այս տեսանկյունից Ռուսաստանի և Հայաստանի  համագործակցության համար լայն դաշտ կա»,-ասաց ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ միջազգային հարաբերությունները ներկայում փորձությունների են ենթարկվում: «Ինքնիշխանության թեմայի տեսանկյունից, առանձին քննարկման առարկա է համացանցը:

Կիբերտարածքում տեղի ունեցող գործընթացները նոր մարտահրավերներ ու ռիսկեր են ստեղծում պետությունների ինքնիշխանության համար, իսկ մյուս կողմից՝ գրագետ մոտեցման դեպքում, լայն հնարավորություններ են ընձեռվում: Տեղեկատվության, տեխնոլոգիաների, տրանսպորտային միջոցների ոլորտներում ձեռքբերումները էականորեն գլոբալիզացրել են ժամանակակից աշխարհը: Այդ պատճառով առաջացող խնդիրները, վաղ թե ուշ, դառնում են ընդհանուր կամ նվազագույնը միջազգային լայն արտացոլում են ստանում»,-ասաց  Սինեգուբովը: