«Ե՛վ Մոսկվայում, և՛ Փարիզում, և՛ Վաշինգտոնում հայտարարում են՝ կոնֆլիկտի կարգավորումը կարող է լինել բացառապես Մինսկի խմբի շրջանակներում». Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

Պարո՛ն Մեհրաբյան, ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրված կրակի դադարեցման պայմանները անվավեր համարել։ Մյուս կողմից՝ Ֆրանսիայի Սենատը պետք է քննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևերը, Եվրամիությունն էլ կոչ է անում վերսկսել Արցախի հարցով բանակցությունները։ Ի՞նչ սպասումներ կարող ենք ունենալ այս գործընթացներից։

– Իհարկե այս պահին դժվար է ասել՝ սա ուղղակի դեկլարացիա՞ է՝ դեմքի փրկության համար, թե՞ այս ասվածը հետագա գործողությունների համար որոշակի նախանշումներ են։ Կյանքը ցույց կտա՝ մենք ո՛ր տարբերակի հետ գործ ունենք, բայց, այնուամենայնիվ, տեսնում ենք, որ այնտեղ էլ է գործընթաց գնում, որը կունենա իր հանգուցալուծումն առաջիկա օրերին։ Փորձենք սպասել, համենայնդեպս, Ֆրանսիայում նոյեմբերի 25-ին քվեարկության օր է նշանակված, տեսնենք՝ ինչ են անում։

– Նաև կան հայտարարություններ, որ գործընթացը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում։ Ակնկալիքներ կա՞ն այդ սպասվող բանակցություններից։

– Այո, տեսնենք, թե Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսումն ինչի է բերում։ Բոլոր դեպքերում մենք տեսնում ենք, որ և՛ Մոսկվայում, և՛ Փարիզում, և՛ Վաշինգտոնում բաց տեքստով հայտարարում են հետևյալը, որ՝ այո՛, պատերազմը դադարեցված է, և դա դրական զարգացում է։

Բայց մյուս կողմից՝ կոնֆլիկտն ինքնին կարգավորված չէ, և կարգավորումը կարող է լինել և պետք է լինի բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Բացի դրանից, մենք տեսնում ենք, որ առանձին համանախագահ երկրներում ուշագրավ հայտարարություններ են արվում ամենաբարձր մակարդակով, որոնք թե որքանո՞վ կվերածվեն քաղաքական քայլերի, դա արդեն կապրենք կտեսնենք։

Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի նախագահն է խոսում Հայաստանի կողմից Արցախի ճանաչված լինել-չլինելու մասին, մենք տեսնում ենք գործընթաց Ֆրանսիայի Սենատում, տեսնում ենք գործընթացը ավելի ստորին մակարդակում, մասնավորապես, քաղաքապետների կոլեկտիվ ջանքերով։

– Այսինքն՝ այս փուլում Արցախի կարգավիճակի հարցը դրվա՞ծ է։

– Այո՛, հիմա պետք է բալանսավորել իրավիճակը հենց թեկուզ կարգավիճակի հարցով։ Ընդ որում, դրանով իսկ Ադրբեջանին պետք է զրկել որևէ իրավունքից հայկական հսկողության ներքո գտնվող Արցախի տարածքում։

Մենք գործ ունենք ընդամենը երկու օպցիայի հետ՝ օպցիա առաջին. Արցախը պետք է ունենա կարգավիճակ՝ դե յուրե Ադրբեջանի կազմից դուրս։ Եվ օպցիա երկրորդ. այլ որոշում, որը վաղ թե ուշ բոլոր դեպքերում կօրինականացնի հայոց ցեղասպանությունը այս մնացած հատվածներում։

Հետևաբար, այստեղ մեծ ընտրություն էլ չկա։ Եվ այդ իմաստով ես շատ եմ կարևորում այն, որ Հայաստանում նշանակվեց նոր արտգործնախարար։ Արտգործնախարարի փոփոխությունը, ինչպես մենք այսօր տեսանք, տեղի ունեցավ բավական հարթ և առանց ցնցումների։

Եվ նոր արտգործնախարարը, կարծում եմ, անմիջապես կլծվի արդեն թիվ մեկ խնդրի իրականացմանը, խորամուխ կլինի բանակցային գործընթացի առկա վիճակին և արագ կմիանա ընդհանուր այս գործընթացներին։

ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Նարիշկինը հայտարարեց, որ արևմյան երկրները փորձում են վիժեցնել ԼՂ հարցով ձեռք բերված համաձայնությունը։ Ինչի՞ց է վախենում Ռուսաստանը։

– Ես չեմ կարծում, որ մենք դա պետք է ուղիղ տեքստով հասկանանք, մի շատ պարզ պատճառով, որովհետև ռուսական կողմը դրանով իսկ ներկայացրեց իր մտահոգությունը, որ հանկարծ այնպիսի գործընթաց չլինի, որը կխաթարի խաղաղությունը, որը կբերի Ադրբեջանում կամ Հայաստանում դեստրուկտիվ գործընթացների։ Բայց մյուս կողմից էլ՝ ինքն ընդունում է, որ հարցի լուծումը պետք է լինի Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափով։

– Այսինքն՝ միմյանց չե՞ն հակասում ռուսական կողմի այն հայտարարությունը, որ Արցախի հարցով ստորագրված փաստաթղթում չպետք է փոփոխություններ կատարվեն, և այն հայտարարությունները, որ բանակցությունները պետք է լինեն Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով։

– Ես չեմ տեսնում այստեղ հակասություն։ Ես այստեղ տեսնում եմ կարմիր գծերի ուրվագծում, որն առանց ասելու էլ հենց այդպես ընկալվում է Արևմուտքի կողմից։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am