ԿԸՀ նախագահ. «Ճղճիմ, նենգ ու ստոր արարք` ուղղված ընտրական բնականոն գործընթացների խոչընդոտմանը»

ԿԸՀ նախագահ. «Ճղճիմ, նենգ ու ստոր արարք` ուղղված ընտրական բնականոն գործընթացների խոչընդոտմանը»
ԿԸՀ նախագահ. «Ճղճիմ, նենգ ու ստոր արարք` ուղղված ընտրական բնականոն գործընթացների խոչընդոտմանը»

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ:
Նախքան նիստի օրակարգին անցնելը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը .

Հանրապետության Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացվածը խստորեն դատապարտում ենք` որակելով այն ճղճիմ, նենգ ու ստոր արարք` ուղղված ընտրական բնականոն գործընթացների խոչընդոտմանը:

Հուսով ենք, որ միջադեպն արագ կբացահայտվի, և բոլոր մեղավորները կկրեն իրենց արժանի պատիժը:

Պարոն Հայրիկյանին մաղթում ենք առողջություն և շուտափույթ ապաքինում:

Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է նաև Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի համարելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգն ու պայմանները` մասնավորապես նշելով, որ Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտ ճանաչելու իրավասությունը վերապահված է ՀՀ սահմանադրական դատարանին, իսկ այդ հարցով ՀՀ սահմանադրական դատարան կարող է դիմել բացառապես այն թեկնածուն, ում համար, ըստ տվյալ թեկնածուի, առաջացել է այդ խոչընդոտը:

Նշվածով պայմանավորված և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրական օրենսգրքով սահմանված գործողությունները կասեցնելու կամ դադարեցնելու գործառույթ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար սահմանված չէ, հանձնաժողովը, ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, նիստում քննարկել է 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված տեղեկանքը` 14.01.2013թ.-30.01.2013թ. ժամանակահատվածի համար: Քննարկման արդյունքում փաստվեց, որ հիշյալ հարցով պայմանավորված ընտրական օրենսգրքի որևէ խախտում չի արձանագրվել, և տեղեկանքը տեղադրվեց ԿԸՀ համացանցային կայքում:

ԿԸՀ մամուլի ծառայություն