«ՀՀԿ-ն բարձրաձայնել է իր օրակարգը՝ «Հայաստան՝ առանց Նիկոլի և Հայաստան՝ Նիկոլից հետո»».Արմեն Աշոտյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը

– Պարո՛ն Աշոտյան, ՀՀԿ երիտասարդներն այսօր ակցիա են արել ու նամակ հանձնել Հայաստանում ԵՄ դեսպանությանը։ Ի՞նչ խնդիր է լուծվում սրանով, ինչո՞ւ հենց ԵՄ դեսպանություն, այլ տարբերևակ չկա՞ խնդիրների մասին բարձրաձայնելու համար։

– Այս երկու տարիների ընթացքում երկրում ստեղծված իրավիճակի մասին ընդհանրապես և Սահմանադրական դատարանի ուզուրպացիայի ու Սահմանադրության բռնաբարման նիկոլական գործողությունների մասին մասնավորապես Հանրապետական կուսակցությունը տարբեր հարթակներում ու տարբեր միջավայրերում ու միջոցներով բարձրաձայնել ու բարձրաձայնելու է իր անհամաձայնությունը՝ կոչ անելով միջազգային հանրությանը պատշաճ գնահատականներ տալ երկրում ավտորիտար ռեժիմի արմատավորման վերաբերյալ։ Մենք ստացել ենք բազմաթիվ աջակցական տեսակետներ Եվրոպական ժողովրդական կուսակցությունից, մեր միջազգային այլ գործընկերներից։

Այսօրվա ակցիան նպատակ ուներ Հայաստանում հավատարմագրված միջազգային կառույցների, մասնավորապես, ԵԱՀԿ անդամ երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ԵՄ դեսպանատան աշխատակիցներին հանձնել համապատասխան քաղաքաիրավական գնահատականների վերլուծություն։

Այսինքն՝ այսօրվա ակցիան չի սահմանափակվել միան ԵՄ դեսպանատնով, այն ընդգրկել է տարբեր դեսպանատներ՝ մոտ 30 հավատարմագրված դեսպանների հանձնվել են համապատասխան գրություններ։

Ինչո՞ւ հենց Եվրոպական միության դեսպանությունից տրվեց մեկնարկը՝ կարծում եմ, ՀՀԿ երիտթևի նախագահը հստակ բացատրեց։ Եվրոպական միության դեսպանը մի շարք այլ դեսպանների հետ միասին իրենց որոշակի հանրային հայտարարություններով, իսկ Սահմանադրական դատարանում տեղի ունեցող գործընթացների հետ կապված իրենց լռությամբ պատրանք են ստեղծում, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, «նորմալ է ու ընդունելի» իրենց կողմից։ Այս տպավորությունը նաև ակտիվորեն տարածվում է իշխանական քարոզիչների կողմից։ Եվ այս տպավորությունը կարող է թյուր լինել և կարող է իրական լինել։ Սա պարզելու համար այդ գրությունը նաև ուղղվել է ԵՄ դեսպանին։

ԵՄ դեսպանի հետ մենք ամիսներ առաջ կուսակցական պատվիրակությամբ հանդիպել ենք և մանրամասն ներկայացրել մեր տեսակետները։ Ավելին, շաբաթներ առաջ ես բաց նամակով դիմել եմ Եվրոպական միության դեսպանին՝ տիկին Վիկտորինին՝ մանրամասն շարադրելով այն վտանգները, որոնք կարող են սպառնալ եվրոպական արժեքներին Հայաստանում, եթե ԵՄ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը շարունակի իրեն պահել որպես «նիկոլական իշխանության բաղադրիչ» և ոչ թե անաչառ կերպով գնահատականներ տա երկրում ընթացող ավտորիտար գործընթացներին, որոնք հակասում են նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչի մասին կան և՛ Վենետիկի հանձնաժողովի նախագահի կարծիքներն ու գրությունները, և՛ Եվրոպայի խորհրդի քարտուղարի հայտնի տեսակետը։

Այս փուլում որոշ քաղաքական ուժեր համախմբվելու բանակցություններ են վարում կարծես։ Մասնավորապես, ԲՀԿ-ն չի հերքել, որ քննարկումներ են ընթանում որոշ ուժերի հետ։ ՀՀԿ-ն որևէ ուժի հետ համագործակցելու հնարավորություն ու հեռանկար տեսնո՞ւմ է։ 

– Հայաստանում վերջին զարգացումների արդյունքում ընդդիմադիր դաշտի ճակատը բացվել է։ ՀՀԿ-ն դիրքավորվել էր որպես Հայաստանում ընդդիմություն՝ իշխանազավթման առաջին իսկ օրվանից։ Այս ընթացքում տարբեր քաղաքական ուժեր նույնպես դիրքավորվել են այս ճակատում։ Եվ հաշվի առնելով աշխատանքի հսկայական ծավալը՝ մենք միայն ուրախ ենք ու ողջունում ենք, որ այդ աշխատանքը կատարելու ցանկություն ունեցողների թիվը մեծանում է։ Կոնկրետ ինստիտուցիոնալ բանակցային ձևաչափերի մեջ ՀՀԿ-ն այս պահի դրությամբ ներառված չէ։ Սակայն մենք բարձրաձայնել ենք մեր օրակարգը, որը կարելի է ամփոփել երկու սկզբունքային կետերի մեջ՝ «Հայաստան՝ առանց Նիկոլի և Հայաստան՝ Նիկոլից հետո»։ Եվ այս տեսանկյունից նաև որոշակի սիտուացիոն համագործակցություն կամ աշխատանքային փոխհարաբերություններ գոյություն ունեն այս փուլում։ Չենք բացառում համատեղ ընդհանուր քաղաքական օրակարգի շուրջ ավելի լայնածավալ ու խորքային համախմբման հնարավորություն։

– Նիկոլ Փաշինյանը վերջերս ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն հեղափոխությանն աջակցած ուժերը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, և արդյոք ՀՀԿ-ն իրեն տեսնո՞ւմ է հաջորդ խորհրդարանում։

– Անշնորհակալ բան է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի տեսակետները, հատկապես եթե այդ տեսակետները հայտնվում են ակնհայտ անհավասարակշիռ հոգեկան իրավիճակներում։ Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել, թե ով է լինելու հաջորդ խորհրդարանում։ Եթե նրան թվում է, որ 2018 թվականի դեկտեմբերին նա կարողացավ որոշել, թե որ ուժերը անցնեն, և ցուցակը կանգնեցրեց ՀՀԿ-ի վրա, ու այդկերպ կարող է անել նաև հաջորդ ընտրություններում, ապա չարաչար սխալվում է։ Եվ քաղաքական գործընթացների զարգացման տրամաբանությունը վկայում է հենց այդ մասին։

Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական արժեքները» ատելության, անհանդուրժողականության, բաժանարար գծերի, ստի մեջ են ամրապնդվում։ Եվ հակառակը՝ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կանգնելու են այդ կեղծ դրոշի տակ, կարծում եմ՝ հաջորդ ընտրությունների նախաշեմին միայն պարսավանքի կարող են արժանանալ։

– Վարչապետը նաև վերջին շրջանում մի քանի անգամ բարձրաձայնում է այն մասին, որ ընդդիմադիր ուժերը դիվիդենդներ են փորձում շահել կորոնավիրուսի շրջանում՝ «որքան վատ, այնքան իրենց համար լավ» սկզբունքով են առաջնորդվում։ Եվ ասում է, որ այս համատեքստում որոշ ուժեր «նետվելու են քաղաքական աղբարկղը»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Նիկոլ Փաշինյանը չունի ամոթի զգացում, ինչը նա ապացուցել է իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում։ Սակայն վարչապետի պաշտոնում, իհարկե, նա հասել է նոր «բարձունքների», և նման «գոհարները» այլևս իր քաղաքական կերպարի մի մասն են կազմում։

Հիշեցնեմ կարճ հիշողություն ունեցող և սեփական էգոն ամեն օր ստերի տարափով ջրող վարչապետին, որ արտակարգ դրության ներմուծման մասին առաջիններից մեկը խոսել ենք հենց մենք։ Փետրվարի վերջից բարձրաձայնել ենք կորոնավիրուսի վտանգների մասին հենց մենք, դրդել ենք, որ Նիկոլ Փաշինյանը օր առաջ իրականացնի հակահամաճարակային միջոցառումներ։ Արտակարգ դրության մեկնարկից հայտարարություն ենք արել, որ կոչ ենք անում համախմբման, և առաջարկություններ ենք ներկայացրել պարետատանը հենց մենք։ Իսկ նա այս ընթացքում զբաղվում էր քյալլագյոզությամբ։

– Սահմանադրության փոփոխություններով իշխանությունները կարծես լուծված են համարում, իրենց ձևակերպմամբ՝ ՍԴ ճգնաժամը։ Դուք բազմիցս այս հարցում քննադատել եք իշխանություններին։ Ի՞նչ ռիսկեր են պարունակում այս փոփոխությունները, եթե կան ռիսկեր։ 

– Առաջարկում ենք նորից վերընթերցել մեր կուսակցության հայտարարությունը, և կտեսնեք քաղաքաիրավական գնահատականներն ու այն հիմնավորումները, որոնք աներկբա փաստում են այն իրողության մասին, որ Հայաստանում շարունակվում է իշխանազավթման գործընթացը։

Այս անգամ թիրախում հայտնվել է Սահմանադրական դատարանը։ Ազգային ժողովի ափալ-թափալ նոր արտահերթ նիստը՝ նոր օրակարգով, վկայում է այն մասին, որ այս իշխանությունների գիտելիքի ու բարոյականության մակարդակը համաշխարհային պատմության ամենավատ օրինակների հետ կարող է միայն մրցել։

Ուստի Հայաստանում սահմանադրական ճգնաժամ ստեղծեց հենց Նիկոլ Փաշինյանը, այն, ինչի մասին մենզ զգուշացնում էինք իրեն դեռևս մեկ տարի առաջ։ Եվ Հայաստանում այդպիսով նաև հարուցեց քաղաքական ճգնաժամի շատ բուռն ալիք, որի պոտենցիալ էներգիան, վստահ եմ, շուտով կփոխակերպվի կինետիկ էներգիայի։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am