«Պետական պաշտոնյաները շարունակում են ծառայել Քոչարյանին, հակառակ դեպքում նա ազատության մեջ չէր լինի». Սեդա Սաֆարյան

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան, մարտի 1-ին առնչվող «Քոչարյանը և մյուսները» գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը

– Տիկի՛ն Սաֆարյան, «Հայաստան» դաշինքի պատգամավորները, մասնավորապես, Արամ Վարդևանյանը հայտարարեցին, թե «Մարտի 1»-ի վերաբերյալ քրեական գործի մասին պետք չէ խոսել, այն լուծում ստացել է, եղել են մեղադրյալներ, որոնք կրել են իրենց պատիժը՝ ակնարկելով Փաշինյանին ու մյուսներին: Դուք քրեական գործի մանրամասներին քաջատեղյակ եք, ի՞նչ կասեք այդ առնչությամբ:

– Կներեք, եթե հարցը Նիկոլ Փաշինյանին ու մյուսներին է վերաբերում, ապա վստահաբար նրանց նկատմամբ իրականում քաղաքական հետապնդում է իրականացվել: 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով, միջազգային կառույցների եզրակացություններով այդ երևույթը գնահատական է ստացել: Այո՛, դրան այլևս անդրադառնալ պետք չէ, որովհետև հաստատված է, որ ընդդիմադիր ուժերը հետապնդվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության կողմից և հատկապես Ռոբերտ Քոչարյանի անձնական շահագրգռվածության արդյունքում: 

Այդ մասով կարելի է ընդհանրապես էլ չխոսել, որովհետև կլինեն վերաբացման վարույթներ: Ինչպես տեսաք, արդարացվեց Գագիկ Ջհանգիրյանը, կարդարացվեն նաև շատերը: Այո՛, այդ մասին պետք չէ խոսել:

Բայց ա՛յ ուրիշ խնդիր է, թե ինչպես կարողացան այսքան ամուր մեղադրանքին՝ հանցագործությունների բնույթով տարբեր ու իրականում սահմանադրական կարգը տապալելու նպատակ հետապնդող, ընթացք չտալ: Ա՛յ այստեղ է, որ Հայաստանի իշխանությունները չկարողացան ենթադրվող արարքը կատարած անձանց պատասխանատվության հարցը լուծել՝ թե՛ քրեական դատավարության իրավունքից ելնելով, թե՛ միջազգային կառույցների պարտադրած նորմերի հիման վրա: Պարզապես չկարողացան: 

Միջազգային կառույցներում այն բանաձևերը, որոնք ընդունվել էին, նախկին իշխանություններին մեղադրում էին ժողովրդավարությունից նահանջելու, ընդդիմադիր գործիչներին հետապնդելու, արհեստածին մեղադրանքներ սարքելու համար: 

Այսինքն՝ գնահատականներ են հնչել, որոնք ինքնին Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ ունեն: Հետևաբար Հայաստանի Հանրապետությունը «Մարտի 1»-ի գործով երկու անգամ պարտություն է կրել, առաջին անգամ՝ 2008-2009 թթ., երբ ընդդիմադիր գործիչներին դատապարտել են առանց հանցագործություն կատարելու, երկրորդ անգամ՝ 2018-2021 թթ. այս գործով, որով ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք պատասխանատվության չեն ենթարկվել:

– Սահմանադրական դատարանում գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործից հետո երկրորդ անգամ պարտություն կրեց, և արդյունքում օրերս ՍԴ կայացրած որոշմամբ կալանքի տակ գտնվող պատգամավորներն ազատ արձակվեցին: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է գլխավոր դատախազությունն այսպես աշխատում:

– Որովհետև դատախազությունում շատ բան չի փոխվել 2018-ի իշխանափոխությունից հետո, դատախազության մոտեցումներում բան չի փոխվել: 

Դատախազությունում այնքան ինքնասիրահարված են, որ բացի իրենցից ուրիշ մասնագետների լսելու կարողություն չունեն, և այդ է պատճառը, որ «Մարտի 1»-ի գործով մենք ունեցանք իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանի միջոցով հարուցված քրեական գործը լուծելու կարճ ճանապարհ գտան: Արդյունքում՝ ամեն ինչ արեցին, որ ամբաստանյալները պատասխանատվության չենթարկվեն:

Թեև ես կարծում եմ, որ պատահական չստացվեց՝ կային ուժեր պետական կառույցներում, որ կանգնած էին հին ուժերի կողքին, ու նրանց օգնեցին, որ նման արդյունքներ լինեն: Բոլորն իրար օգնեցին, որովհետև բոլորը խառնված էին «Մարտի 1»-ի գործով և անձնական շահագրգռվածությունն ու մեկ միասնական շահը ազդող եղան այս գործի վրա: Նրանք ստորադասեցին պետության շահը, վարկը իրենց անձնական շահերին: 

Հիմա, երբ մենք այս գործերն ուղարկում ենք Եվրոպական դատարան, հետո շատ տխուր պատկեր ենք ունենալու՝ տասնյակ փոխհատուցումներ են լինելու, ու երկար տարիներ պետությունը «Մարտի 1»-ի գործով իր մեջքը չի կարողանալու ուղղել:

– Տիկի՛ն Սաֆարյան, օրերս Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն էր տարածել, որում նշում էր. «Մենք շարունակելու ենք պայքարը, ու բոլոր շինծու գործերը քանդվելու են…»

– Շինծու են իրենց հայտարարությունները, որ այստեղ-այնտեղ արվում են խրոխտ առոգանությամբ: Իրեն թվում է, թե ժողովուրդն ընդունո՞ւմ է իրեն: Ուղղակի ամոթ էր Հայաստանի դատաիրավական համակարգի համար, որ չկարողացան Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով ունենալ ավարտուն եզրահանգում: Սա ուղղակի երկրի իրավունքը թաղել է նշանակում: Նա «շինծու» բառն է օգտագործում, բայց ես տարիներով աշխատել եմ այդ համակարգում, տեսել եմ՝ ինչպես են շինծու գործեր կազմվել: 

– Քոչարյանը նաև վստահեցրել էր, որ «ապօրինություն գործած պաշտոնյաները սեփական մաշկի վրա զգալու են իսկական արդարադատության ուժը»: Սպառնալիք չե՞ք տեսնում նրա այս խոսքում:

– Նրա բոլոր արտահայտություններում ու հայտարարություններում սպառնալիք կա, դա նրա բնույթն է: Թող ամպագոռգոռ մտքեր չարտահայտի: Ո՞րն էր արդարը, այն, որ երբ ուզեց՝ ազատվե՞ց կալանքից, արդար էր, որ ինքը դահլիճում ինչ ուզեց՝ խոսե՞ց, արդար էր, որ երբ ուզեց՝ գնաց վիրահատվեց ու բուժվե՞ց: 

Ո՞րն է նրա ասած արդարադատությունը: Ոչ մի անգամ չեմ տեսել, որ նա՝ որպես երկրի նախկին ղեկավար արտահայտի իր արդար սկզբունքները, արդար մոտեցումները: Արդարադատությունից պետք է խոսեն արդար մարդիկ, ինչպե՞ս են հարստացել նրա երեխաները, ընտանիքը, արդյոք արդա՞ր էր դա:

Պետական պաշտոնյաները շարունակում են ծառայել Քոչարյանին, հակառակ դեպքում նա ազատության մեջ չէր լինի, և այս գործն էլ նման ձախողում չէր ունենա: Եվ երբ ՄԻԵԴ-ի որոշումները լինեն, ու մենք սկսենք պահանջներ ներկայացնել, այո՛, պետական պաշտոնյաները պետք է պատժվեն, որ այս կարգի արդարադատություն են իրականացրել:

Եթե որոշ հետևողական մարդիկ մեղադրանքներ առաջադրելու կամ գործով ճշմարտություն բացահայտելու ցանկություն են ունեցել, որևէ մեկը թույլ չի տա, որ նրանց պատժեն քոչարյանները: Դա թող միշտ հիշի Ռոբերտ Քոչարյանը: Մի՛շտ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am