«Այս շարժումը մեկ միասնական առաջնորդ չունի, և գուցե դա է պատճառը, որ իրենց ուզածով շատ մարդիկ չեն հավաքվում». Գևորգ Պողոսյան

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանն ու իր թիմը դեռ սոցիոլոգիական հարցումներ չեն արել, ծրագրում են առաջիկայում անցկացնել, բայց մասնագետն իր անձնական դիտարկումների արդյունքում եզրահանգել է՝ Երևանում ու մարզերի փողոցներում ծավալվող բողոքի ակցիաները ծավալվելու միտում ունեն:

«Մասնագետներն ասում են՝ ձնակույտի էֆեկտ, երբ մասնակիցները գնալով շատանում են: Դա պարզ երևում է: Շարժումը մեծանում է միայն քանակությամբ, բայց նաև վճռականությամբ, ոգով, հայտարարություններով: Ինձ թվում է, որ այս ակցիան ձնակույտի սկզբունքով զարգացող շարժում է: Եվ եթե այդպես շարունակվի, ապա ավելի մեծ ազդեցություն կունենա հանրային մոտեցումների ու տրամադրությունների վրա»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Գևորգ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ սովորաբար բողոքի ակցիաներն անում է բնակչության ակտիվ մասը, և ընդհանուր մոտեցումներով այդ ակտիվ մասից տասն անգամ ավելի զանգվածը համակիրներ են, բայց տներում նստած՝ կապի միջոցներով հետևում են դրանց:

«Թվի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ եթե փողոցում 10-20 մարդ են, ապա առնվազն 100 մարդ նրանց հետ են, բայց փողոցում չեն»,- նշում է սոցիոլոգը:

Հարցին՝ ի՞նչն է խանգարում նրանց դուրս գալ, կանգնել մասնակիցների կողքին, Պողոսյանն արձագանքում է. «Տասնյակ պատճառներ կան՝ զբաղվածություն, տարիք և այլն, կամ ուղղակի սպասում են, տեսնեն՝ ինչ զարգացումներ կլինեն: Սովորաբար բնակչությունը սիրում է հաղթողի կողքին կանգնել: Նրանք միանում են այն դեպքում, երբ տեսնում են, որ, այո՛, սա այն շարժումն է, որ հաղթանակ է բերելու: Երբեք 100 տոկոս բնակչությունը փողոց դուրս չի գալիս ոչ մի դեպքում: Այդպիսի բան պատմության մեջ չի եղել»:

Նշենք՝ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Կառավարության ղեկավարի հայտարարություններին ի պատասխան բողոքի ակցիաների մեկնարկը տվեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ ապրիլի 17-ից Ազատության հրապարակում անժամկետ նստացույց հայտարարելով:

Իսկ ապրիլի 25-ին խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտարարեցին դիմադրության շարժման մեկնարկի մասին. նրանց մի մասը մարզերից քայլելով գալիս է Երևան: Բայց մինչ այդ ամեն երեկո և՛ Վանեցյանի համակիրները, և՛ «Հայաստանի» կողմնակիցները Երևանի փողոցներում իրազեկման երթեր են իրականացնում: Դրանց մասնակցում են նաև նախկին իշխանությունից ՀՀԿ-ի անդամները:

Գևորգ Պողոսյան քայլերթերի ու որոշ այլ տեխնոլոգիաների կիրառման առումով 2018-ի քաղաքական իրադարձությունների հետ նմանություն տեսնում է: «Գործընթացը եթե գնալով աճող է, բերում է որոշակի արդյունքների, եթե գնալով նվազող է, ինչը մենք տեսանք անցած, նախանցած տարի, ոչ մի արդյունքի չի բերում»,- նշում է նա:

Ընդդիմության այս օրերի շարժումը նա առանձնահատուկ է համարում նրանով, որ այն մեկ միասնական առաջնորդ չունի: «Եթե նկատել եք՝ շարժումն առաջնորդ չունի. տարբեր դեմքեր են, տարբեր անձնավորություններ են, մեկ առաջնորդ չկա, իսկ 2018-ին ակնհայտ էր՝ Նիկոլ Փաշինյանն էր իր թիմով: Սա ոչ թե մեկ առաջնորդին իշխանության բերելու շարժում է, այլ իշխանափոխության շարժում է, որի արդյունքում իրենք չեն ասում՝ ահա այս մարդը կդառնա ղեկավար»,- նշում է Գևորգ Պողոսյանը:

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները չեն թաքցնում, որ նա է իրենց առաջնորդը, և նա էլ կարող է լինել ղեկավար, նա արձագանքում է.

«Նույն հաջողությամբ Վանեցյանի թիմն էլ ասում է, որ նա է իրենց լիդերը, մյուս ուժն ասում է, որ առաջնորդը իրենց ղեկավարն է, և այդպես շարունակ: Բայց ընդհանուր շարժումը մեկ միասնական առաջնորդ չունի: Ավելի շատ Դաշնակցությունն է ակտիվ, բայց նույնիսկ նրանց մոտ էլ մեկ ընդգծված լիդեր չկա: Այդ հանգամանքը մի կողմից լավ է, որ ինչ-որ մի հոգու համար պայքար չի գնում, բայց վատ է այն իմաստով, որ մեր ժողովուրդը սիրում է ինչ-որ մեկի հետևից գնալ: Գուցե դա է պատճառը, որ իրենց ուզածով շատ մարդիկ չեն հավաքվում»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am