Մարզերում կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն կա՝ մարզպետները նույնպես պետք է ընտրվեն. համայնքների միության նախագահ

Հայաստանում խոշորացված համայնքները բրենդավորման, իրենց առանձնահատկություններով ներկայանալու խնդիր ունեն: «Համայնքների խոշորացմամբ չպետք է ավարտվի գործընթացը: Այդ խոշոր ռեֆորմի շրջանակներում նաև տեղական ադմինիստրացիաները պետք է վերափոխվեն, տարածքներին համարժեք ռազմավարական ծրագրեր ընդունվեն, կարճաժամկետ գործողությունների պլաններ նախագծվեն: Դա վերափոխման ահռելի աշխատանք է, յուրաքանչյուր համայնք պետք է ներկայանա յուրովի»,- «Մեդիալաբին» ասում է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Նրա ներկայացմամբ՝ Ապարանի տարածաշրջանը հայտնի է բոլորին, բայց, օրինակ՝ Փարաքարը, որը նույնպես խոշորացված համայնք է, ոչնչով հայտնի չէ: «Փարաքարը, օրինակ՝ սովետական տարիներին չի ունեցել համապատասխան սահմաններ, բայց հիմա նոր տարածքով նոր համայնք է, ինչը նշանակում է, որ որպես նոր համայնք պետք է ունենա իրեն ներկայացնելու տեսլականը: Այդպիսի համայնքներ շատ կան: Խոշորացված համայնքը պետք է իր զարգացման 10-20 տարիների ծրագիրն ունենա: Դա շատ կարևոր է»,- նշում է նա:

Հայաստանում համայնքների խոշորացման ծրագրի վերջին ակորդը թերևս տրվեց երեկ՝ Կառավարության նիստում, երբ հաստատվեց վարչատարածքային բաժանման, տեղական ինքնակառավարման և հարակից օրենքներում փոփոխությունների ու լրացումների օրենսդրական փաթեթը: Ներկայացված փաթեթով Կառավարությունն առաջարկում է իրականացնել համայնքների միավորման 5 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքային փնջերում: Բացի այդ, նշված համայնքներում նշանակվելու է համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ: Առաջարկվում է նաև համայնքներում վերացնել գլխավոր ճարտարապետի ինստիտուտը: Նախատեսվում է, որ համայնքի գլխավոր ճարտարապետին վերապահված վարչական գործառույթները կիրականացնի համայնքի ղեկավարի տեղակալը, իսկ մասնագիտական գործառույթները՝ աշխատակազմի մասնագետները և մասնագիտական խմբերը: Կհստակեցվեն համայնքների միավորման պարագայում նորընտիր ավագանու առաջին նիստ հրավիրելու ժամկետը, համայնքի ավագանու նիստը հրավիրելու և վարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

Հայաստանում համայնքների խոշորացման ծրագիրը իրականացվում է 2016-ից, և այդ ժամանակից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 72 ծրագիր. 908 համայնքներ միավորվել են, և արդյունքում ձևավորվել է 72 համայնք: Կառավարության այս առաջարկությամբ այս անգամ ծրագրում ներգրավված են լինելու 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է 5 համայնք:

«Այս նախաձեռնությունը Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած շրջաններին մոտարկված տարբերակն է: Ստեղծվում է ավելի մեծ մասշտաբի միավոր, այսինքն՝ այն համայնքներում, որտեղ ընտրություններ չկային, հիմա նրանց մոտ պետք է լինեն ընտրություններ»,- նշում է Երիցյանը:

Տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների շրջանակում, Երիցյանի խոսքով՝ մարզերում կառավարման համակարգը պետք է փոխվի: «Միշտ է եղել մարզերում փոփոխությունների անհրաժեշտությունը, ու ոչ մեկը չի կարող դա ժխտել: Մարզային մակարդակները ռեֆորմների կարիք ունեցել են առաջին օրվանից: Շատ երկրներում ռեգիոնալ մակարդակը նույնպես ինքնակառավարման մակարդակ է, այսինքն՝ ունենում է ընտրովի մարմին, բյուջե: Եթե Հայաստանում էլ էդպես լիներ, շատ լավ կլիներ: Մարզպետը կամ մարզխորհուրդը ընտրվեր, լավ կլիներ»,- նշում է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am