«Ոչ մեկը չի խանգարել, որ այսքան ժամանակ վերջ տրվեր թավիշին». Սեդա Սաֆարյան

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան, «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը

– 2,5 տարի խոսվել է այն մասին, որ դատական բարեփոխումները ձգձգվում են, որ դատական համակարգը բազմաթիվ թելերով կապված է նախկինների հետ, իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ վերջ է տրվում թավիշին: Հիմա այդ հայտարարությունը որքանո՞վ կյանքի կկոչվի, արդյոք հիմա դա հնարավո՞ր է, թե՞ արդեն կորսված է շանսը:

– Ես կարծում եմ, որ շատ կանխատեսելի էր այն ուժերի գոյությունը, որոնց հետ իրենք կապված էին: Հավանաբար դրանով էր պայմանավորված, որ բոլորին չհանի իր դեմ:

Այդ հարցադրումը կար իր վարքագծում: Կամ էլ, գուցե, մտածել է, որ չունենք թշնամիներ, չունենք տարանջատված խմբեր, բոլորը հայ են, ՀՀ քաղաքացի են, այդ տրամաբանության մեջ փորձել է մտածել, որ կարելի է ոչ կտրուկ փոփոխություններով հասնել դատական համակարգի բարեփոխման:

Բայց կոնկրետ գործերով մենք տեսանք, որ այն դատավորը, այն քննիչն ու դատախազը, որոնք կարողացան հարվածել և՛ իր, և՛ ժողովրդի թիկունքից, հարվածեցին: 

– Իրենք չհաջողեցին, որովհետև Նիկոլ Փաշինյանը բարի ու հանդուրժո՞ղ է, թե որովհետև իր թիմը թույլ է և ոչ պրոֆեսիոնալ, դրա համար չի կարողանում օրենքի տառին համապատասխանությունը պահելով բարեփոխումներ իրականացնել:

– Իր կողքին կանգնած մարդիկ էլ այնպես չէ, որ շատ լավ հասկանում են համակարգում տիրող ամեն ինչը:

Կարծում եմ՝ նաև մասնագիտական խնդիր կար: Ես հիմա էլ եմ այդ կարծիքին, որովհետև այն բարեփոխումները, որոնք կարելի էր արագացված անել, չեն արվել: Մենք ունեինք միջազգային դատական համակարգի կողմից տրված գնահատականներ, և այդ գնահատականների ուժով վարչապետը հնարավորություն ուներ դատական համակարգում շատ լուրջ փոփոխություններ կատարելու, և դրա մեջ Սահմանադրության որևէ նորմի խախտում բացարձակ չկա:

Այն, որ արդարադատության նախարարը իր համար ինչ-որ բաներ է վկայակոչում, մեր համար երբեք ընդունելի չի եղել: Արդարությունը վերականգնելուն ուղղված գործողությունների համար որևէ մեկը չի դատապարտել որևէ մեկին, կարելի է արձանագրել, որ դա պետք է արվեր:

Բայց դա չարվեց, որովհետև ավելի շատ լսեցինք դատավոր մարդկանց, քան ավելի լայն մտածող մարդկանց, և այդ քաղաքականության հետևանքով ձախողեցին շատ հարցեր: Ես չեմ կարող ասել, գուցե նաև բարությունն է դեր խաղացել, բայց այդ բարությունը պետք է ժողովրդի, պետության համար արդարացված բարություն լինի:

Երբ դու գործընթաց ես սկսում, պետք է հասկանաս, թե ի՛նչ ուժերի դեմ ես դուրս գալու, պետք է պատրաստ լինես բոլոր հաջորդող քայլերին: Պետք է դիմացինին լավ ճանաչես և պատրաստ լինես այդ բոլորին:

Ինձ թվում է՝ որքան էլ փորձես ճանաչել «տապալված» հին իշխանությանը, միևնույն է՝ շատ կարևոր բաներ լրջորեն չեն գնահատվել և կանխարգելիչ աշխատանքներ չեն արվել: 

Նույնը քրեական գործի հարուցման պահին մեր համակարգերը՝ նախաքննություն, հետաքննություն, դատարան, պատրաստվում էին համագործակցելու միմյանց հետ, ասենք՝ ես էսպես եմ անում, դու էլ էսպես կանես:

Պարզապես արդարության համար պայքարի ճանապարհին բոլոր համակարգերը պետք է իրար օժանդակեն, եթե մի համակարգը չօժանդակեց, վստա՛հ եղեք, որ դա պիտի ձախողվի:

Հատուկ քննչական ծառայությունը բազմիցս բարձրաձայնել է խնդիրը, որ հանցագործության ամբողջական բացահայտման հետ կապված ունի օպերատիվ աշխատողների հետ աշխատելու ոչ լիարժեքություն: Կյանքը ցույց տվեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը երբեք իրականում չի եղել այն ուժը, որը կարող էր այդ համագործակցությունը դրսևորել:

Եվ արդյունքում մենք տեսանք Արթուր Վանեցյանին՝ Ռոբերտ Քոչարյանի կողքին կանգնած: Սա նաև ցույց է տալիս, որ երբ ասում էին՝ տեղեկատվության արտահոսք կա, իրականում այդ բոլորը կար:

Վանեցյանը գնաց ու կանգնեց այն մարդու կողքին, ում համար դժվար է եղել հակառակն անելը, երբ պաշտոնյա է եղել: Այդ տեսանկյունից մենք շատ բարդ խնդիրների առաջ կանգնեցինք ու մինչև հիմա էլ կանգնած ենք: 

Ես կուզեի, որ, ասենք, ՀՔԾ-ն էլ ունենար իր օպերատիվ խմբերը և մյուսների հետ համագործակցված աշխատել:

Այդ հարցին տարիներ առաջ լուծում չտրվեց, ու դա շատ բացասական ազդեցություն ունեցավ: Այսօր այն ԱԱԾ-ն, որը հասկանում էինք, թե 1999 թվականին ում հետ էր համագործակցել և ինչ կանխարգելիչ գործողություններ չէր իրագործել, հիմա էլ շարունակում է նույն ձևով:

Ես հիմա որոշակի փակագծեր չեմ բացում, բայց անձնական գործեր ունենք, որոնցով տեսնում ենք, թե ինչպես են աշխատում: Ուզում եմ ասել, որ շատ խնդիրներ կան, որոնք ծառացել են մեր առջև, և դրանց լուծում չտրվեց: Դատաիրավական բարեփոխումները պետք է առաջին տեղում լինեին:

Խոսքն այն մասին չէ, որ բոլոր դատավորներին հանեինք, բայց մենք պարտավոր էինք այդ խնդրին լուծում տալ: Ժողովրդի վրա կարելի է հենվել մեկ անգամ, առավելագույնը՝ երկու անգամ, մնացածը պետք է դառնա իշխանության խնդիրը:

Իշխանությունը պետք է հասկանա, որ այդ հարցը լուծելու համար պետք է մոռանալ «Իմ քայլը», «Քո քայլը», «Նրա քայլը», և ամեն ինչի մեջ ներգրավեն ունակ մարդկանց:

– Երեք տարի է անցել հեղափոխությունից, Նիկոլ Փաշինյանը նորից դիմում է ժողովրդին և կրկին խոսում է դատական բարեփոխումների անհրաժեշտության մասին ու հայտարարում՝ «վե՛րջ թավիշին»: Այսքանից հետո նա իրավունք ունի՞ նորից խոստումներ տալու, և ժողովուրդը իրեն պե՞տք է հավատա:

– Չէ՛, իրավունք չունի խոստումներ տալու, իրավունք ունի գործ անելու, և ժողովուրդը կտեսնի, որ գործ է անում։ Իհարկե, խոստումներ տալը ճիշտ չէ, և անվերջ ժողովրդին ասել, թե վերջ է տրվելու, ոչ մեկը չի խանգարել, որ վերջ տրվեր թավիշին։

Դա գիտե՞ք ինչից է, դա նրանից է, որ մինչև հիմա ինձ չեն հարցրել այդ նույն մարդիկ, որոնք պետք է մտահոգ լինեին մեր՝ դատարանի դահլիճ չմտնելու հանգամանքների ուսումնասիրմամբ, մինչև հիմա որևէ մեկին դա լրջորեն չի հետաքրքրել։

Ընդհանուր հետաքրքրել է, բայց լրջորեն չի հետաքրքրել, թե ինչով է բացատրվում, որ տուժողները, որոնք 13-14 տարի սպասել են այդ գործի բացահայտմանը, չեն մտնում դահլիճ՝ տեսնելով, որ այլևս ի զորու չեն լսելու այդ բոլոր անհեթեթությունները։

Նրանց մոտ այնպիսի վիճակ է, որ հիմա 2008 թիվն է, ուղղակի՝ դատարանի դահլիճում, այն ժամանակ փողոցում էր, հիմա՝ դատարանի դահլիճում։

Հիմա օդ չեն կրակում, կարող է զենք չեն կիրառում, բայց հիմա էլ հոգեբանորեն խոշտանգում են մարդկանց, որոնք ի վիճակի չեն այդ խոշտանգմանը դիմանալ։ Եվ սա որևէ մեկին ձեռնտու չէ, և բոլորը շարունակում են պնդել, որ դատական համակարգը անվստահելի վիճակում է, որովհետև որևէ խելամիտ մարդ չի կարող նորմալ դիտարկել այն հանգամանքը, որ երկու տարի դատարանը չի կարողանում ապացույցների հետազոտման կարգին անդրադառնալ։

Եվ հիմա իրենց խնդիրն է, թե ոնց պետք է հետագայում արդարությունը վերականգնել։ Դատական նիստերի ձախողումը սահուն գնում է, և դատարանը դրա դեմ ոչինչ չի կարողանում անել, և սա պետք է արձանագրել որպես փաստ։ 

– Եթե ամփոփենք, խոր կասկածնե՞ր կան, որ թավիշին վերջ չի լինի։

– Կարծում եմ՝ եթե պարոն Փաշինյանը դասեր է քաղել, պետք է արդեն համապատասխան գործնական քայլերի գնա, իսկ եթե դասեր չի առել, ապա բանը կարող է հասնել նրան, որ այսօր՝ զինվորականները, վաղը՝ մեկ ուրիշը կլինի։

Մանե Հարությունյան

MediaLab.am