«Տեր-Պետրոսյանը պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին՝ փորձում է ինքն իրեն հեռացնել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևից». քաղաքագետ

«Տեր-Պետրոսյանը պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին՝ փորձում է ինքն իրեն հեռացնել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևից». քաղաքագետ
«Տեր-Պետրոսյանը պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին՝ փորձում է ինքն իրեն հեռացնել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևից». քաղաքագետ

Մեդիալաբի հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

– Պարո՛ն Սաֆարյան, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով իր ու Նիկոլ Փաշինյանի սերտ կապը և այն լուրերը, թե ինքը խուհուրդներ է տալիս Նիկոլ Փաշինյանին: Ինչո՞վ եք բացատրում Տեր-Պետրոսյանի այս ակտիվացումը:

– Կարծում եմ՝ մի քանի տեսանկյունից պետք է հարցին մոտենանք: Նախ՝ պետք է դիտարկենք օրեր առաջ նրա արձագանքը, որով ինքը լրատվամիջոցներին խնդրել էր լրագրող Կարպիս Փաշոյանի հոդվածը արտատպել՝ այն համարելով արժեքավոր ուղեցույց ներկայիս քաղաքական իրավիճակի համարի:

Եվ դրա ամբողջ մեխն այն էր, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությամբ, թե՛ նաև քաղաքական ռևանշի փաստով պայմանավորված, բավական տպավորիչ արշավ է սկսվել ներկայիս կառավարության դեմ՝ այդ արշավում փորձելով նույնացնել Լևոն Տեր-Պետրոսյանին և Նիկոլ Փաշինյանին:

Ընդ որում, փորձ է արվում նրանց տեղավորել նաև արտաքին քաղաքականության ու Ղարաբաղի հարցում նույն դիսկուրսի ճամբարում:

– Ի՞նչ նպատակ ունի նրա կողմից Ղարաբաղի հիմնախնդրին անդրադառնալը, երբ ասում է՝ ո՛չ ինքը, ո՛չ էլ Փաշինյանը երբեք առաջ չեն քաշել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը:

– Ակնհայտորեն քոչարյանական թևից այս հարցում մանիպուլյացիա կա, Տեր-Պետրոսյանը ճիշտ է: Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանը 2016 թվականին՝ «Սասնա ծռերի» ռազմական ապստամբության ժամանակ շատ հստակ դեմ է արտահայտվել Լավրովի պլանին, որն ըստ էության նույնպես իրենից ներկայացնում էր «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի մարմնացումը:

2016 թվականի իր ելույթում Նիկոլ Փաշինյանն անգամ Լևոն Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին մեղադրում էր Արցախի դեմ դավադիր պայմանավորվածության գնալու և այդ տարբերակին համաձայնելու մեջ: Տեր-Պետրոսյանը այսպիսով փորձում է պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, բայց դրանով ինքը նաև իրեն է պաշտպանում, որովհետև ինչպես էլ անվանենք,

1998 թվականի փուլային տարբերակն իրենից նույնպես ներկայացնում էր «տարածքներ խաղաղության դիմաց» մոտեցումը, որովհետև Արցախի կարգավիճակի հարցը թողնվում էր ապագային, բայց նաև Հայաստանն իր կողմից զիջումներ էր կատարում:

Հետևաբար, այս կտրվածքով, ես չգիտեմ, այդ արձագանքով ավելի շատ Տեր-Պետրոսյանն է փորձում Նիկոլ Փաշինյանին պաշտպանել Ռոբերտ Քոչարյանից ու նրա կողմնակիցների սաստկացող քարոզարշավից, որտեղ փորձում են Նիկոլ Փաշինյանին ավելի խոցելի դիրքերի մեջ դնել, թե՞ Տեր-Պետրոսյանը նաև ինքն է փորձում իրեն հեռացնել մի բանաձևից, որը, հանուն արդարության, պետք է ասել, եղել է իր պաշտոնավարման շրջանում կազմված տարբերակներից մեկը:

Իհարկե, եկեք չմոռանանք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը երկու տարբերակների դեպքում էլ հատուկ կարծիք է ներկայացրել Մինսկի խմբի համանախագահներին, բայց սեղանին դրված տարբերակներից մեկը, որոնք նա փորձում էր քննարկման դնել 1997 թվականին, հենց դա էր:

– Միաժամանակ, մենք տեսնում ենք, որ Լևոն-Տեր Պետրոսյանն ակտիվ է այլ ուղղությամբ: Օրերս նրա ղեկավարած ուժը հանդես եկավ առաջարկով՝ մեկ տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվե անցկացնել՝ վերադառնալու կառավարման կիսանախագահական համակարգին: Սա ի՞նչ նպատակ ունի:

– Ըստ էության, Տեր-Պետրոսյանը հասկանում է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը չի մասնակցել ամենակարևոր իրադարձությանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Եվ թերևս ինքը կամ իր համակրած հոդվածը, ի դեմս Կարպիս Փաշոյանի հոդվածի, խոսում է այն ճգաժամի մասին, որն առաջացել է հեղափոխությունից հետ ընդդիմադիր դաշտում:

Եթե ՀԱԿ-ը մի կողմից հայտարարում է, որ որոշ հարցերում ունի տարբեր մոտեցումներ, քան Նիկոլ Փաշինյանը, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանին հեղափոխությունն ավարտին հասցնելուն չխանգարելու համար չի մասնակցում ընտրություններին, իհարկե, այս իրավիճակից հետո նրան ոչինչ չի մնում, քան ակտիվ քաղաքականության մեջ մնալու համար գոնե օրակարգ առաջ քաշել իր սեփական պատկերացոոմներով:

Այսինքն՝ չմասնակցել ընտրություններին և դրանից հետո օրակարգ առաջ քաշել, դա նշանակում է համակերպվել այն գնահատականներին, որ ըստ էության ՀԱԿ-ը նույնպես այլ քաղաքական ուժերի պես այդպես էլ ուշքի չեկավ հեղափոխությունից հետո:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am