Ազգային Ժողովի նորանշանակ նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ հանդիպել Գարեգին Երկրորդի հետ: Կաթողիկոսը շնորհավորել է Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ դառնալու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկրի առաջընթացին, ժողովրդի բարօրությանը եւ կյանքի բարելավմանը:
Վարչապետ նշանակվելուց հետո էլ Հովիկ Աբրահամյանն էր գնացել Էջմիածին ու ստացել Կաթողսիկոսի օրհնությունը: Գարեգին Երկրորդը նույն կերպ հույս հայտնած կլինի, որ Հովիկ Աբրահամյանն է նպաստելու ժողովրդի բարօրությանը եւ երկրի առաջընթացին:
Այնքան, ինչքան որ Այրարատյան հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամ Տիգրան Սարգսյանն էր նպաստում:
Գարեգին Երկրորդը միամիտ մարդ չէ եւ քաջատեղյակ կլինի, որ Գալուստ Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը եւ իշխանական ամբողջ «վերնախավը» եթե մի որեւէ բանի առաջընթացի նպաստում են, ապա դա կոռուպցիան է եւ արտագաղթը: Եկեղեցին էլ պետք է որ զգա արտագաղթի հետեւանքը, ասենք մոմերի վաճառքի ծավալներից:
Միեւնույն ժամանակ, ինչքան շատ են արտագաղթում, այդքան տեղն է շատանում: Իսկ ինչքան տեղն է շատանում, այդքան լավ է նաեւ եկեղեցու համար, որովհետեւ եկեղեցին էլ Հայաստանում տարածքի համար պայքարում է այնպես, ինչպես կպայքարեր «աշխարհիկ օլիգարխիան»: Օրինակ, հենց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Երեւանի կենտրոնում նստավայր է կառուցում: Կասկած չկա, որ եթե այնտեղ չլիներ կաթողիկոսական նստավայր, ապա հաստատ կկառուցվեր որեւէ բիզնես կենտրոն կամ էլիտար շենք. Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկը չափազանց հարմար տեղ է ամեն ինչի համար: Կարդալ ավելին