Ռուբեն Մեհրաբյան. «Քոչարյանը թող պատասխանի` ինչո՞ւ բարակեց Իրանից եկող գազատարը»

Ռուբեն Մեհրաբյան. «Քոչարյանը թող պատասխանի` ինչո՞ւ բարակեց Իրանից եկող գազատարը»
Ռուբեն Մեհրաբյան. «Քոչարյանը թող պատասխանի` ինչո՞ւ բարակեց Իրանից եկող գազատարը»

«Ռոբերտ Քոչարյանն իր այս հարցազրույցով պարզապես փորձում է կասկածի ենթարկել իր ընթերցողների մտավոր ունակություններն ու հիշողության առկայությունը: Ռոբերտ Քոչարյանը թող բարի լինի պատասխանի հետեւյալ հարցերին` այդ ինչո՞ւ բարակեց Իրանից եկող գազատարն ու ինչպե՞ս հայտնվեց ռուսական սեփականության տակ, ինչո՞ւ այդ գազատարը չդարձավ տրանզիտային, ինչո՞ւ 1200 միլիմետրից վերածվեց 700-ի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով մեր այն դիտարկմանը , որ 2-րդ նախագահը հանդիսանալով գույք-պարտքի դիմաց գործարքի հիմնադիրը քննադատում է այդ գործարքի տրամաբանական շարունակությունը` «Հայռուսգազարդի» 20%-ի բաժնեմասի վաճառքը «Գազպրոմին»:
Պարոն Մեհրաբյանի խոսքերով` «Այդ ինչո՞ւ չի պատասխանում` ինչո՞ւ ամբողջը գույք-պարտքի դիմաց հանձնեց Ռուսաստանին, այդ ի՞նչ պարտք էր, որ գոյացավ: Փաստորեն մի անհասկանալի պարտք էլ հիմա գոյացավ, որի դիմաց տվեցին մնացած 20%-ը եւ ոչ մի խոսք Մաքսային Միության մասին: Ուղղակի, նորից եմ կրկնում, պետք չէ թերագնահատել մարդկանց մտավոր ունակություններն ու հիշողությունները, բոլորն ամեն ինչ էլ հիշում են եւ հասկանում են»:
Aravot.am-ի այն հարցին էլ, որ 2-րդ նախագահը իր քննադատության մեջ նաեւ թիրախ է ընտրել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, հաշվի առնելով, որ հասարակության շրջանում դժգոհություններ կան այս նորամուծության վերաբերյալ, կարելի՞ է ենթադրել, որ պարոն Քոչարյանն իշխանություն վերադառնալու համար նաեւ դժգոհ զանգվածի հետ է հույսեր կապում, քաղաքագետն ասաց. «Այն, որ Քոչարյանը, փաստորեն, ուզում է դրական լույսի ներքո նորից վերադառնալ հասարակության աչքին, դա փաստ է, եւ իրեն մաքրող-լվացողներից էլ ինչ-որ մի կամավորական ջոկատ գոյություն ունի, որը զբաղվում է դրանով: Դա անիմաստ է, որովհետեւ ուրիշ բան չէ, միայն այն հանցագործությունների շարանը, որը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի տարիների ընթացքում, սկսած գլխավոր դատախազի սպանությունից, վերջացրած մարտի 1-ով, այդ ծանր բեռը կախված է Ռոբերտ Քոչարյանի պարանոցից եւ դա չի լվացվում: Ուղղակի լվացարար կամավորները անիմաստ գործով են զբաղված: Դա հնարավոր կլինի միայն մի դեպքում` եթե ուղղակի հասարակությունը մատնվի վերջնական ապատիայի, անտարբերության, բայց դա կլինի ուղղակի պետության վերջը, ես չեմ հավատում, որ այդպես կլինի քաղաքականություն գալը»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ