«Կլիմայի փոփոխության պայմաններում ու ջրօգտագործման ոչ ճիշտ կառավարման հետևանքով այսօր մեր երկիրը կանգնած է ջրային ռեսուրսների օրեցօր խորացող խնդիրների առաջ». Աշոտ Խոյեցյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՏԿԵ նախարարի խորհրդական, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանը

– Պարո՛ն Խոյեցյան, տարիներ առաջ տված հարցազրույցներից մեկում նշել էիք, որ «Հայաստանը չի կարողանում իր ջրային ռեսուրսները կառավարել»։ Ի՞նչ փոփոխություններ կան այս առումով։ Հայաստանի ջրային ռեսուրսներն ի՞նչ վիճակում են այսօր։

– Կառավարման համակարգը ցանկացած երկրի կարևորագույն խնդիրն է, ու դա որպես երևույթ, գործընթաց մեկ օրում, մեկ ամսում կամ տարում դժվար էական փոփոխություններ կրի։ Շատ կարևոր է, որ կառավարումն իրականացնելու համար անհրաժեշտ մեխանիզմներն առկա լինեն, ու դա պետք է ինստիտուցիոնալ բնույթ կրի, այսինքն՝ պետական հոգածությունից սկսած, տնտեսության ամենատարբեր ճյուղերում, որտեղ ջուրն ունի ամենատարբեր նշանակություն, հատուկ քաղաքականության մշակման խնդիր դրված լինի, ու ջրօգտագործողը, բնակիչը նույնպես մաս կազմեն այդ գործընթացի։

Ջրային ռեսուրսներին տիրապետող երկրներն արդեն ունեն զարգացման մեծ պոտենցիալ, այլ է խնդիրը, թե ոնց են կարողանում իրենց ջրային ռեսուրսները ճիշտ կառավարել ու ի շահ տնտեսության ու բնօգտագործման ուղղել։ Կան երկրներ, որոնք սակավաջուր են, բայց ճիշտ քաղաքականության, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, հասարակության հոգածության առկայության պայմաններում մշակում են ջրային ռեսուրսների կառավարման շատ ճկուն մեխանիզմ։ Կան երկրներ էլ, որոնք տիրապետում են ջրային ռեսուրսների, բայց չունենալով վերը նշված կազմակերպչական և պետության ու բնակչության կողմից հետևողականության իրականացում, կանգնած են ջրային ռեսուրսների խնդրի առաջ։

Հայաստանը դասվում է երկրորդ տիպի երկրների թվին, որը, ըստ էության, տիրապետում է ջրային ռեսուրսների: Հայկական լեռնաշխարհը, Հայաստանի տարածքը ջրերի ձևավորման տարածք է, ջրի քանակի իմաստով մենք կարծես խնդիր չունենք, լավագույն տարիներին Հայաստանի ջրային ռեսուրսների պաշարը կազմել է մինչև 7 մլրդ խորանարդ մետր, սակայն, ցավոք, կլիմայի փոփոխության պայմաններում ու ջրօգտագործման ոչ ճիշտ կառավարման հետևանքով այսօր մեր երկիրը կանգնած է ջրային ռեսուրսների օրեցօր խորացող խնդիրների առաջ։

Կլիմայի փոփոխությունները Հայաստանում ոչ մի լավ բան չեն խոստանում։ 1935-ից մինչև 2000 թվականը Հայաստանի օդի ջերմաստիճանը մոտ 1,4 աստիճանով բարձրացել է, և միջին ջերմաստիճանի շեղումներն անընդհատ դրական միտում են ցույց տալիս, և ջերմաստիճանի բազմամյա միջին արժեքի բարձրացման միտումը Հայաստանի նման չոր, ցամաքային կլիմա ունեցող երկրներում խորանում է։

Մինչև 2040 թվականը կանխատեսվում է ջերմաստիճանի աճ 1,5 աստիճանով, իսկ 2070 թվականին՝ կրկնապատկվելու է։ Հայաստանում տեղումների քանակն է օրեցօր նվազում, ինչը չի կարող չանդրադառնալ ջրային ռեսուրսների ամենատարբեր բաղադրիչների վրա։ Օրինակ՝ առաջիկա տարիներին սպասվում է գետային հոսքերի նվազման անընդհատ բարձրացում, և երբ նկատի ես ունենում ջերմաստիճանի ու տեղումների այդ կանխատեսումների արժեքները, ապա պատկերն այնքան էլ հուսադրող չէ։ Կանխատեսվում է, որ գետային հոսքի այդ 7 մլրդ խորանարդ մետրը կհասնի համարյա կեսին։

Մեր հանրապետության ջրային ռեսուրսների երեք հիմնական խոցելի կետ կա․ առաջինը Սևանա լճի խնդիրն է, երկրորդը՝ Արարատյան արտեզյան ջրավազանի, որն իր մեջ լուրջ ջրային պաշարներ է պարունակում, երրորդը՝ ջրային ռեսուրսների օգտագործման զուտ տեխնոլոգիական, կիրառական առումով առկա խնդիրը։

Սևանա լճի խնդրի մասին այնքան ենք խոսել, այնքան է դա քննարկվել․ մինչև 2001 թվականը կանխատեսվում է, որ Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի նվազումը կհասնի մինչև 30-35 տոկոսի, որը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ լճի կենսական ռեսուրսների վրա: Գիտենք, որ 70-80 տարի է՝ լիճն աստիճանաբար կորցնում է բարձրլեռնային քաղցրահամ ջրի այն նշանակությունը, որն ունեցել է դարեր շարունակ։ Լճի գոլորշիացումն էլ, պայմանավորված նշածս կլիմայական փոփոխությամբ, տարեցտարի ավելի մեծ տոկոս է կազմելու։ Մենք ունենք Սևանա լճի աստիճանաբար ճահճացման, մահացման վտանգ, սա նորություն չէ, ու սա պետական ու գոյապահպանական խնդիր է մեզ համար։

Ունենք նաև ջրամբարների խնդիր․ գիտեք, որ չորային երկրներում ոռոգման սեզոնի համար որքան կարևոր է գարնանային վարարումների ժամանակ մուտք գործող ջրերի հոսքի պաշարման խնդիրը։ Երբ նորից նայում ենք մինչև 2021 թվականին ջերմաստիճանի բարձրացմանը և ձյան տեղումների քանակի պակասելու տվյալներին՝ 30-35 տոկոսով նվազել է ջրերի կուտակման հնարավորությունները։

Ռազմավարական նշանակություն է ունենում ջրամբարների առավելագույն լցվածության խնդիրը, որն արդեն պետական մակարդակով տարվող լուրջ աշխատանքներ է ենթադրում։ Պետք է հասկանալ, որ ջրօգտագործման հարցերը մեր երկրի ռազմավարական կարևորագույն խնդիրներն են, հատկապես՝ գյուղատնտեսության ռազմավարության մեջ։ Երբ նայում ենք տեխնոլոգիաներին, ուղղակի տարօրինակ է դառնում, որ մեր հանրապետության տարածքի ոռոգման կեսից ավելին իրականացվում է բաց հողի վրայով, որը բերում է ջրերի ներծծման, ու չոր, գոլորշունակության բարձր ցուցանիշի պայմաններում՝ կորուստների անընդհատ մեծացմանը։ Ջրագծերը 60-70 տարվա հնության են, ճաքճքած, կոտրված են, ջրագծերն էլ վերանորոգման կարիք ունեն։

Ստորերկրյա ջրերի հիմնախնդիրը այսօր Արարատյան արտեզյան ջրային ավազանը, որը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, վերջին 40-50 տարվա, հատկապես վերջին 20-30 տարվա ընթացքում ուղղակի գերշահագործվեց, վայրենի կերպով օգտագործեցին ջրերը տարբեր շահադիտական նպատակներով, որպես հետևանք՝ ստորերկրյա ջրերի մակարդակի բարձրացումը, դրանց հետևանքով հողերի աղակալումը, ճահճացումը բերեցին հողերի դեգրադացման։ Այսինքն՝ ջրային ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը բերում է նաև հողային խնդիրների։

Այսօր Հայաստանը դասվում է առավել անապատավտանգ երկրների շարքը, ու դրա պատճառներից մեկը, որքան էլ տարօրինակ է, հենց ջուրն է, ավելի ճիշտ՝ ջրային ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումն ու կառավարումը։ Անհրաժեշտ է նախ ջրային ռեսուրսների ճիշտ ու խորքային մոնիթորինգ անցկացնել՝ նկատի ունենալով սպասվող կլիմայական փոփոխությունները։ Հայաստանում կա 80 ջրամբար, բայց որքանո՞վ են դրանք տեխնիկապես լավ վիճակում, ջրամբարների ստրատեգիական նպատակային օգտագործումն ի՞նչ վիճակում է։

Մեր քթի տակ հարևան Թուրքիայում այնպիսի ճկուն ջրային քաղաքականություն են վարում, գետերի վերնագավառներում կառուցում են ջրամբարներ՝ հարևան երկրներին ջրից կախվածության մեջ պահելու հատուկ ռազմավարություն է մշակվում։ Դեպի Հայաստան մուտք գործող Արաքսի ավազանի վերնագավառներում Թուրքիան արդեն հսկայական ծավալներով ինտենսիվ ջրամբարաշինություն է իրականացնում, չի բացառվում , որ Հայաստան մուտք գործող ջրերի վրա նրանք կարող են շատ խիստ քաղաքականություն վարել։ Իսկ մենք անկախության այս տարիներին համարժեք որևէ քայլ չենք արել և այսօր արդեն շատ լուրջ փաստի առաջ ենք կանգնել։

Գյուղատնտեսական նշանակությունից զատ, ջուրն ունի նաև կենցաղային նշանակություն, իսկ ջրերի աղտոտումն ու ջրերի մաքրման այդ բարդ խնդիրը նույնպես շատ ճկուն քաղաքականություն վարելու կարիք ունեն։ 21-րդ դարում մենք ունենք բազմաթիվ բնակավայրեր, որոնք օրվա մեջ մեկ-երկու ժամով են ջուր ունենում։ Աշխատանքներ արվում են, բայց ուշացած են դրանք։

Էլ չեմ ասում ջրամաքրման աշխատանքների մասին․ ողջ աշխարհը վաղուց անցել է ջրամաքրման կենսաբանական ժամանակակից տեխնոլոգիաների, իսկ մեզանում ջրամաքրման աշխատանքը կատարվում է դեռ մեխանիկական ճանապարհով, որը չի կարող չանդրադառնալ ջրի որակի վրա։ Ջրային ռեսուրսների կառավարման ճիշտ քաղաքականության վարումը շարունակում է խնդրահարույց մնալ։

– Այսինքն՝ չունենք ո՛չ բնակչության, ո՛չ պետական հոգածությո՞ւն ջրային ռեսուրսների նկատմամբ։

– Այո՛, պետությունը պետք է ինստիտուցիոնալ կառավարման համակարգը գործի դնի բոլոր առումներով, իսկ բնակչությունն էլ պետք է ջրի խնայողության որոշակի գիտակցություն ունենա՝ դրա նկատմամբ որոշակի վերաբերմունքի ձևավորման տեսանկյունից։

Սրանք հարցեր են, որոնք լուծման իմաստով կարծես բարդություն չեն ներկայացնում, բայց գործնականում իրականություն չեն դառնում։ Այդքան խոսում ենք, այդքան ասում ենք, միևնույն է՝ հորատանցքերը Արարատյան դաշտում տարեցտարի ավելացան, ամեն մարդ միայն սեփական այգու, սեփական եկամտի մասին մտածելով՝ գիշատչաբար օգտագործեց ստորերկրյա ջրերը, ինչը բերեց ջրերի նվազմանը։

– Պարո՛ն Խոյեցյան, 44-օրյա պատերազմից հետո, երբ ունեցանք տարածքային զգալի կորուստներ, ջրային ռեսուրսների մասով ի՞նչ խնդիրներ, ռիսկեր են առաջացել Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության համար։

– 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղի տարածքում, ՀՀ հարակից տարածքներում Արաքս գետի առանձին ճյուղավորությունների վերնագավառները, որոնք ձևավորում էին հատկապես Հայաստան մտնող, Սևանա լիճ թափվող գետերի ճնշող մեծամասնությունը։ Վերնագավառները, որտեղից աղբյուրները ձևավորում են վտակներ, վտակները՝ գետեր, և որոնք մուտք են գործում Որոտան, Արփա գետեր, ևս ամբողջությամբ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հիմա նրանք ինտենսիվ ջրաշինարարական աշխատանքների ընթացքում այդ հատվածում Հայաստան մուտք գործող ջրերի ամբողջ լծակները վերցրել են իրենց ձեռքը, էլ չեմ խոսում վտանգների մասին․ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ-որ կենսաբանական ճանապարհով թունավորեն ջրերը, որոնք թափվում են Սևանա լիճ։

Ընդհանրապես, Հարավային Հայաստանի ջրերի ձևավորման գետերի վերնագավառների մի զգալի մասը 44-օրյա պատերազմից հետո անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Արցախի տարածքը, ջրամատակարարման տեսանկյունից, լրիվ կախված է լինելու Ադրբեջանից։ Արփա գետի վերնագավառները ևս ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են։

 30 տարվա ընթացքում կարող էինք այդ բոլոր ռիսկերը գնահատել ու համապատասխան քայլեր անել։ Էլ չեմ ասում, որ Ադրբեջան մուտք գործող ջրային ռեսուրսների մի զգալի մասը ՀՀ տարածքից է գնում՝ Կուր-Արաքսյան դաշտավայր մուտք գործող Արաքսի ջրերը։ Այս ամենը փոխկապակցված խնդիրներ են, ու ջրային ռեսուրսների կառավարման քաղաքականությունը ոչ միայն տնտեսական, այլ նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող խնդիր է։

– Եթե գոնե հիմա սկսեն ձեր ասած քայլերն իրականացնել, ինչ-որ բան հնարավոր կլինի՞ շտկել։

– Երբեք ուշ չէ ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործման մեխանիզմները քայլ առ քայլ իրականացնել։ Մոռացա նշել գետերի աղտոտվածության մասին, թե ինչպես են կենցաղային աղբով ապականում ջրերը՝ առանց խղճի խայթի, որովհետև չկան այդ մտածողությունը, դաստիարակությունը։ Համակարգային մոտեցման ու էական փոփոխությունների կարիք ունենք։ Պետությունը պետք է սա ինստիտուցիոնալ խնդիր դարձնի բոլոր օղակներով, որովհետև սա գոյատևմանն առնչվող խնդիր է։

Այս թեմայով, չեմ էլ հիշում՝ որերորդ հարցազրույցն է․ այո՛, մենք, լրագրողներդ խնդիրը բարձրաձայնում եք, բայց որքանո՞վ է դա նպաստում, որ խնդիրը պետական հոգածության առարկա դառնա՝ հարցի մյուս կողմն է։

Քրիստինե Աղաբեկյան