Անխտիր բոլոր դատավորների նկատմամբ իրականացվելու է վեթինգ. Արտակ Զեյնալյան

Անխտիր բոլոր դատավորների նկատմամբ իրականացվելու է վեթինգ. Արտակ Զեյնալյան
Անխտիր բոլոր դատավորների նկատմամբ իրականացվելու է վեթինգ. Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողներին ասաց, որ անխտիր բոլոր դատավորների նկատմամբ իրականացվելու է վեթինգ: Ուսումնասիրվելու է աշխարհի լավագույն փորձն ու ներդրվելու է: Այս մասին տեղեկացնում է «Լրագիրը»։

«Այն, որ դատական համակարգում ու իշխանությունում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում: Եվ որ անհրաժեշտ է շուտափույթ դրանց լուծում գտնել, ևս որևէ մեկի մոտ տարակուսանք չի հարուցում: Վեթինգը առաջին անգամ չէ, որ կիրառվելու է աշխարհում: Այս պահին Ալբանիայում այն կիրառվում է եվրոպական կառույցների աջակցությամբ: Այդ իրավունքը հավանության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից»,- ըստ աղբյուրի ասել է նա:

Հարցին, թե որ դատավորների նկատմամբ է իրականացվելու վեթինգ, Զեյնալյանը պատասխանեց. «Առանց խտրականության է իրականացվելու, որևէ դատավոր չի թիրախավորվելու: Եվ այստեղ խտրականության արգելքի սկզբունքը պահպանվելու է բոլոր դատավորների նկատմամբ: Այն չի հետապնդելու կոնկրետ գործով որևէ դատավորի»:

Զեյնալյանը նշել է, որ վեթինգի արդյունքում բոլոր այն դատավորները, ովքեր չեն համապատասխանի չափանիշներին, կհեռացվեն զբաղեցրած պաշտոնից։