Ոստիկանությունն ակնկալում է քաղաքացիների աջակցությունը․ պահեք սոցիալական տարածություն, դիմակ կրեք, պահպանեք սպասարկվող խմբի սահմանված թվակազմը․ Հայտարարություն

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հարգելի քաղաքացինե՜ր,

Այսօրվանից ողջ ծավալով գործում են ոստիկանության՝ հանրությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումները, այդ թվում՝ հաշվառման-քննական բաժանմունքները:

Նկատի ունենալով տևական ժամանակ կուտակված խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունը՝ հաշվառման-քննական բաժանմունքներն աշխատում են նախատեսված աշխատանքային ժամերից ավելի ու գործելու են նաև շաբաթ և կիրակի օրերին:

Արվում է առավելագույնը քաղաքացիների խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար:
Ոստիկանությունն այդ հանձնառությունը կատարելու գործում ակնկալում է քաղաքացիների աջակցությունը. առանց համընդհանուր օրինահարգության անհնար է հասնել մեր միասնական նպատակների իրականացմանը:

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին անվերապահորեն կատարել համավարակի պայմաններում անձնական և հանրային անվտանգության ապահովման պահանջները՝ պահեք սոցիալական տարածություն, դիմակ կրեք, պահպանեք սպասարկվող խմբի սահմանված թվակազմը:

Ամեն ոք պետք է հասկանա, որ իրավունքներից զատ ունի նաև պարտականություններ, որոնց կատարումն ուղղված է իր, հարազատների, ողջ հանրության անվտանգության ապահովմանը:

Բոլորիդ մաղթում ենք համակեցության կանոնների պահպանում, արդյունավետ փոխգործակցություն և առողջություն»: