Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանը սխալ ուղղությամբ է տանում. Հակոբ Չաքրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

– Պարո՛ն Չաքրյան, ՀՀ Կառավարությունը Թվիթերի պաշտոնական էջում «Ցեղասպանություն» տերմինի փոխարեն կիրառել է «Մեծ Եղեռն» տերմինը՝ անդրադառնալով երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր վարչապետի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցին։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրողությունը։

– Առնվազն տարօրինակ է, նույնիսկ զարմանալի ու նաև մտահոգիչ։ Մենք 2000 թվականից ավելի ակտիվ պայքարում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ինչ-որ չափով հասնի նպատակին, որ արդեն աշխարհում առաջնակարգ գրեթե բոլոր պետությունները ճանաչեն այդ փաստը ու պայքարեն Ցեղասպանության ժխտողականության դեմ։ 

Մենք փոխանակ երկրորդ քայլով հետամուտ լինենք միջազգայնորեն արդեն ճանաչված Ցեղասպանության հետևանքների վերացման գործընթաց սկսելուն, ինքնե՞րս ենք հետ կանգնում։ Տարօրինակ է։ 

– Գուցե դա արվել է նրա համար, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացո՞ւմ ենք։

– Դա հայանպաստ քայլ չէ, ԱՄՆ-ն, որ ՆԱՏՕ-ի հզոր դաշնակից է, Ֆրանսիան, մյուսները աշխարհաքաղաքական տարբեր կապեր ունեն Թուրքիայի հետ, իրենք չեն ամաչում, ճանաչում են, դեռ Ֆրանսիան ցեղասպանությունը ժխտելու դեմ օրենք էլ է ընդունել, Հայաստանում հանկարծ որոշում են «Մեծ Եղեռն» օգտագործել։ Ցավալի է պարզապես։

 – Իրատեսակա՞ն եք համարում այս պայմաններում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, պարո՛ն Չաքրյան։

– Նախ ասեմ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանը սխալ ուղղությամբ է տանում, որովհետև Թուրքիան Ադրբեջանի թիկունքին կանգնած է, 44-օրյա պատերազմին մասնակցել է, ավելին՝ սիրիացի վարձկանների էր ներգրավել։ Բացի այդ, սահմանը բացելու համար Հայաստանից պահանջում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, Զանգեզուրով էլ միջանցք տրամադրել: 

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը. առանց նախապայմանների բանակցում է, սխալ է այս մոտեցումը։ Մենք անընդհատ զոհեր ենք տալիս, իսկ իրենք գնում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմա՞ն։

Նախ Թուրքիային պետք է հասկացնեն, որ իրենց կամքը չթելադրի, որ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները Թուրքիային չեն վերաբերում, եղբայրական պետություն է, թող իր եղբայրությունն անի, բայց Հայաստանին իր կամքը չթելադրի։ Լռել պետք չէ։ 

Ինչ մնում է իրատեսականությանը․ դե, եթե Թուրքիայի բոլոր նախապայմանները կատարվեն, ապա Թուրքիան, իհարկե, կգնա հարաբերությունների կարգավորման, բայց այդ նախապայմանների կատարումը բխում է միմիայն Թուրքիայի շահերից ու հակասում է մեր պետական շահերին։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am