Կոչ ենք անում միջազգային հանրությանը զերծ մնալով ամորֆ և անհասցե կոչերից ու գնահատականներից, կիրառել համապատասխան քայլեր ագրեսոր Ադրբեջանի նկատմամբ․ ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները, Հայաստանի սուվերեն տարածքի ռմբակոծությունները և ուժի կիրառումը։ Այս մասին նշված է ԱՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

«Այս գործողությունները հանդիսանում են հայատյացության և ցեղասպան քաղաքականության վառ դրսևորում, միջազգային իրավունքի և նորմերի կոպտագույն խախտում։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ զերծ մնալով ամորֆ և անհասցե կոչերից ու գնահատականներից, կիրառել համապատասխան քայլեր ագրեսորի նկատմամբ։ Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-ասված է հայտարարությունում։