Գործակալները պետք է ԱՊՀ-ում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների տեղեկություններ ներկայացնեն

Հարկային գործակալները պետք է ԱՊՀ մասնակից պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ որոշ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղեկությունների փոխանակման պահանջը նախատեսված է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությամբ, որն ապահովելու նպատակով 2021 թվականի հունիսի 4-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը։

«Օրենքի համաձայն՝ հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ ՀՀ հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին պետք է ներկայացնեն նախորդ հարկային տարվա ընթացքում այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ»,- ասվում է ՊԵԿ հայտարարության մեջ:

Ըստ աղբյուրի՝ 2020 թվականի հաշվետու տարվա համար հարկային գործակալները նշված տեղեկությունների հարկային մարմին պետք է ներկայացնեն մինչև 2021թ․ հուլիսի 31-ը ներառյալ՝ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում և Մոլդովայում գրանցված կազմակերպությունների մասով։

ՀՀՊեկ-ից նաև հայտնում են, որ տեղեկությունների ներկայացման ձևը հաստատվել է ՀՀ ՊԵԿ նախագահի 30․06․2021թ․ N 639-Ն հրամանով և տեղադրված է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ «273․ Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ  (կոդ՝ ln)»։