Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալլագերին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալլագերին: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի  Կառավարության 2021-2026թթ. ծրագիրը, ՀՀ արտաքին պարտքի առանձնահատկություններն ու պարտքի կառավարելիությունը, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Հատուկ կարեւորվել է, որ ներկայում Հայաստանն անում է առավելագույնն օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ, կանխատեսելի ու կայուն միջավայր ստեղծելու ուղղությամբ:

Շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ եւ մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում՝ դեսպանը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը ուշադրությամբ հետեւում եւ բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:

Նախարարն իր հերթին արդյունավետ աշխատանք է մաղթել դեսպանին` ի շահ երկու պետությունների բարեկամական կապերի զարգացման: Անդրադառնալով ոլորտային համագործակցությանը` նախարար Խաչատրյանն առանձնակի կարեւորել է Հայաստանում ինստիտուցիոնալ միջավայրի ձեւավորման հարցում Բրիտանիայի կառավարության շարունակական աջակցությունը, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում  փորձի փոխանակման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել են համագործակցության ընդլայնման  հնարավորությունները, ինչպես նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը։