«Ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ունենա»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում իշխանափոխության ժամանակն է՝ կարծիք հայտնելով, որ երկրի գործող նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բավարար ջանքեր չի գործադրում Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու համար։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփն առաջարկել է Ուկրաինային ընտրել նոր ղեկավարի, որը կկարողանա խաղաղության համաձայնագիր կնքել։

«Ես առաջարկում եմ, որ նրանք նոր ղեկավար ունենան, որը կկարողանա խաղաղության համաձայնագիր կնքել։ Չգիտես ինչու, Զելենսկին դա երբեք չի անում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև պնդել է, թե Ուկրաինան կորցրել է իր տարածքի 30 տոկոսը, իսկ պատերազմի հետևանքով երկու կողմերից զոհվել է ավելի քան երկու միլիոն մարդ։

«Դա պատերազմ է, որը երբեք չպետք է սկսվեր։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ունենա»,- ասել է նա։

Միաժամանակ, անկախ գնահատականներով՝ Ռուսաստանի վերահսկողության տակ է գտնվում Ուկրաինայի տարածքի շուրջ 20 տոկոսը, ոչ թե 30 տոկոսը, ինչպես պնդում է Թրամփը։

Բրիտանիայի պաշտպանության ոլորտի պաշտոնյաների վերջին գնահատականներով՝ պատերազմում զոհվել է շուրջ 500 հազար ռուս զինծառայող։ Ուկրաինական կողմի զոհերի թվի վերաբերյալ վերջին շրջանի հավաստի գնահատականներ չկան։

Թրամփը նաև զգուշացրել է Կիևին՝ կոչ անելով դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների թիրախավորումը։

Նրա խոսքով՝ Զելենսկիին ասել է, որ Ռուսաստանի դեմ կարող է գործել իր հայեցողությամբ, սակայն չպետք է հարվածի նավթավերամշակման գործարաններին։

«Ավելի լավ է՝ նա անհապաղ դադարեցնի դա»,- հայտարարել է Թրամփը։