Վճռաբեկ դատարանը բեկանել է դատավոր Դավիթ Գրիգորյանին արդարացնելու վերաբերյալ դատական ակտերն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան. Factor

Վճռաբեկ դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին և նույն դատարանի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին արդարացնելու վերաբերյալ դատական ակտերն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան նոր քննության։ Այս մասին Factor.am-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք՝ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, ում մակագրվել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։

2019 թվականի մայիսի 18-ին Գրիգորյանը որոշել էր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Դրանից երկու օր անց՝ մայիսի 20-ին, նա որոշում էր կայացրել Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի քննությունը կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան։ Այս որոշումները կայացնելուց ամիսներ առաջ քաղաքացի Սերգո Փանոսյանը Գրիգորյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրած եղել իրավապահներին, սակայն հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Հետագայում Սերգո Փանոսյանը բողոքարկել է քրգործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը։ Քոչարյանի գործով Դավիթ Գրիգորյանի կայացրած որոշումներից կարճ ժամանակ անց գլխավոր դատախազը Սերգո Փանոսյանի բողոքի հիման վրա վերացրել է քրեական գործ չհարուցելու մասին որոշումը։ Կայացվել է պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ քրեական գործ հարուցելու մասին որոշում։ Ըստ գործով ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ դատավոր Գրիգորյանին մակագրվել է 2018 թվականի սեպտեմբերին քաղաքացու կողմից քննիչի և դատախազի որոշումների դեմ բերված բողոք, և դատավորը, «պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, բողոքի քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու և այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն»:

Ըստ ՀՔԾ-ի՝ արձանագրության մեջ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին չեն ներկայացել բողոքաբերը, քննչական կոմիտեի և դատախազության ներկայացուցիչները, որոնց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի, և նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել ու նշանակվել է մեկ այլ օր: Դավիթ Գրիգորյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքն անմեղ է և արդարացվելու է, ինչպես նաև, որ իր նկատմամբ քրեական հետապնդումն ապօրինի է սկսվել։

Գրիգորյանի և Վարդանյանի վերաբերյալ գործը 2020 թվականին ուղարկվել է դատարան, մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին, վերջինս էլ գործը վարույթ է ընդունել ու որոշում կայացրել այն կարճելու՝ առանց դատաքննության նշանակելու։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: