«Իմ քայլի» պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում մանդատը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այն, ինչ պատահեց Արցախի հետ, համարել և համարում եմ նախ և առաջ ի՛մ անձնական և ընտանեկան ողբերգությունը։ Ինչպես յուրաքանչյուր հայ` ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։

Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել։

Սակայն ուզում եմ հավաստիացնել, որ, ինչպես նախկինում, հետայսու նույնպես իմ բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ մեր հայրենիքի և մեր ժողովրդի՝ անկախ նրանից, թե ո՛ր ոլորտում գործունեություն կծավալեմ և որտե՛ղ նպատակահարմար կհամարեմ:

Այս դժվարին ժամանակահատվածում առկա մարտահրավերներին դիմակայելու և պատվով հաղթահարելու համար մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ են բացառիկ համախմբվածություն և հոգատարություն միմյանց նկատմամբ։

Հ. Գ.Ավելացնեմ նաև, որ աշխատանքային գործունեությունս կշարունակեմ իմ հարազատ մարզում` Արմավիրում, որպես մարզպետի տեղակալ», -նշել է պատգամավորը տարածած հայտարարության մեջ։