Փաշինյանն ու Քոչարյանը կենաց-մահու կռիվ են մղելու վարչապետի պաշտոնի համար. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 26 քաղաքական ուժ: Հայաստանի նման փոքր երկրի համար սա նորմա՞լ է:

– Քաղաքական առումով, իհարկե, նորմալ չէ, ավելին՝ խորհրդարանական կառավարման մոդելին բնորոշ չէ, որովհետև այս պարագայում, որպես կանոն, մասնակցում են 5-7 քաղաքական ուժեր, և մրցակցությունը տեղի է ունենում նրանց միջև:

26 թիվը շատ մեծ ու արտառոց է Հայաստանի համար: Եթե այդ ցուցակից հանում ենք 6-7 քաղաքական միավորների, մնացածը, ըստ էության, մասնակցելու են ձայների փոշիացման գործընթացին, ինչը չի նպաստում Հայաստանի քաղաքական համակարգի առողջացմանը:

Ցավում եմ՝ ընտրությունների այս կոնֆիգուրացիան վերականգնելու է մեր ունեցած չորս բացասական երևույթները՝

1. իշխանությունը տառապում է վերարտադրվելու հիվանդագին մոլուցքով, եթե նույնիսկ այդ ճանապարհին պետք է սպասարկի արտաքին օրակարգեր, միևնույն է՝ չի խորշում այդ մոլուցքից:

2. ունենք ընդդիմադիր սեգմենտ, որը նախկին համակարգի ակտիվ դերակատարների կողմից ֆինանսական և մեդիա ռեսուրսներով մոնոպոլիզացված է՝ առաջ քաշելով ռևանշիստական օրակարգ:

3. դեմոկրատական ուժերի լայն կոնսոլիդացիա ու երրորդ բևեռ չձևավորվեց:

4. Այս ընտրություններն արտառոց են այն իմաստով, որ խոշոր կապիտալի ներկայացուցիչներն առկա են գրեթե բոլորի ցուցակներում: Տեսնում ենք տարբեր տրամաչափի գործարարների շատ ակտիվ մասնակցություն ընտրական գործընթացներին:

– Որո՞նք են այն քաղաքական ուժերը, որ, ըստ ձեզ, ձայների փոշիացմամբ չեն զբաղվելու:

– Անկախ ձայների հարաբերակցությունից, չորս քաղաքական ուժ երաշխավորված տեղ է ունենալու ապագա խորհրդարանում, դրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Եվս երկուսը՝ Հայ ազգային կոնգրեսը և «Լուսավոր Հայաստանը», շանսեր ունեն խորհրդարանում հայտնվելու, եթե արդյունավետ ընտրարշավ անցկացնեն:

Այս վեցին կառանձնացնեմ մյուս բոլոր մասնակիցներից, իսկ մնացածը տարբեր մոտիվներով են մասնակցում և դատապարտված են ձախողման:

– Ձեր առանձնացրած քաղաքական ուժերից որո՞նց ցուցակն է առավել մրցակցային, և, նկատի ունենալով դա, ի՞նչ որակի Ազգային ժողով ենք ունենալու:

– Մրցակցային են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի ցուցակները:

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանն այնպես են կազմել իրենց ցուցակները, որ ուղղակիորեն հասկացնում են՝ իրենք գնում են իշխանությունը վերցնելու, ինչ-որ իմաստով դրանք պոտենցիալ իշխանության ցուցակներ են, որովհետև առաջին դեմքերն ակնհայտորեն հավակնում են վարչապետի պաշտոնին, իսկ ցուցակները պարունակում են և՛ գործադիրի, և՛ օրենսդիրի կադրային բազա:

Սա նշանակում է, որ այս երկու ուժերը կենաց-մահու կռիվ են մղելու վարչապետի պաշտոնի համար:

Նոր մոտեցումներ են կիրառել «Պատիվ ունեմ» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, թե որքանով դրանք արդյունավետ կլինեն՝ ցույց կտա ժամանակը:

Այս երկուսի ցուցակները շատ ավելի ազատ տրամաբանությամբ են ձևավորվել, այսինքն՝ քաղաքական հավակնությունները խիստ ձևով արտացոլված չեն:

Որակական բաղադրիչը շատ բարդ է քննարկել, բայց, չեմ կարծում, թե ավելի վատը կլինի, քան այս խորհրդարանը, որովհետև այս խորհրդարանն այնքան անհաջող էր, որ նույնիսկ ձեր ասած ցուցակները նայելով, չեմ կարծում, թե ավելի թույլ լինի, քան գործողն էր:

Բայց մենք ուրիշ խնդիր ունենք. վախենամ՝ այս խորհրդարանը, դեռևս չձևավորված, լեգիտիմության ճգնաժամ ունենա:

Հիմա, երբ նայում ենք այն էսկալացիային, այն կոշտ հռետորաբանությանը, որ ծավալվում է հատկապես ՔՊ-ի և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների միջև, մտավախություններ ունեմ, որ, անկախ ընտրությունների արդյունքներից, պարտվող մեկ կամ մի քանի կողմերը չընդունեն ձևավորվող խորհրդարանի լեգիտիմությունը, և մենք կունենանք քաղաքական ճգնաժամի ավելի խորացում, որը կարճ ժամանակ հետո գուցե բերի նոր արտահերթ ընտրությունների անցկացման:

 – Պարո՛ն Սուրենյանց, Քոչարյան – Փաշինյան պայքարում այսօր առավելությունն ո՞ւմ կողմն է:

– Վարկանիշային ցուցակի առաջատարը դեռ Նիկոլ Փաշինյանի թիմն է, բայց ակնհայտորեն 50+1% որևէ մեկը չի կարող ստանալ:

Նկատելի է, որ սահմանային վերջին դեպքերից հետո Փաշինյանի վարկանիշը արագորեն գահավիժում է, իսկ դրա հաշվին որոշակիորեն բարձրանում է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը:

Եթե այսպես շարունակվի, նրանք վարկանիշներով կարող են մոտենալ, ինչն ավելի էսկալացիոն է դարձնելու ընտրարշավը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab