ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. որոշ վայրերում բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին, ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Սյունիքի մարզի Իշխանասար-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա է բուք: Սյունիքի մարզի Գորիսից դեպի Հարժիս տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: 

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։