«Որքան նախկինները հայտնվում են թալանածը կորցնելու վտանգի առջև, այնքան ակտիվանում է նրանց վարձկանների գործունեությունը». Միքայել Զոլյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը

– Պարո՛ն Զոլյան, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին ԱԺ փոխնախագահի և ակտիվիստի միջև տեղի ունեցած ծեծկռտուքը։ Ամենաթողությունն ինչի՞ հետևանք է։ 

– Իրադարձություններին իմ գնահատականը շատ պարզ է։ Տեղի է ունեցել սադրանք, որն ուղղված էր ոչ միայն և ոչ այնքան Ալեն Սիմոնյանի դեմ անձնապես, այլև նրա դեմ որպես ԱԺ փոխխոսնակի, որպես պետական ինստիտուտի, ժողովրդի կողմից ընտրված իշխանության ներկայացուցչի։ 

Ես միանշանակ դատապարտում եմ ցանկացած բռնություն, միաժամանակ համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի պաշտպանելու իր կյանքը, առողջությունն ու արժանապատվությունը, հենց այդ տեսանկյունից եմ դիտարկում Ալեն Սիմոնյանի գործողություններն այդ իրավիճակում։ Մնացածի մասին կարող ենք խոսել, երբ պարզվեն այս միջադեպի բոլոր մանրամասները։

– Արդյոք իշխանությունը շատ ավելի վաղ չպե՞տք է քայլեր ձեռնարկեր, երբ նրան, օրինակ՝ «դարանակալում» էին Բաց հասարակության հիմնադրամների մոտ, երբ ճնշում, փորձում էին ստով ու մանիպուլյացիայով վարկաբեկել իրավապաշտպաններին, ՀԿ-ներին, քաղհասարակությանը։ Արդյոք սա նաև դրա՞ պատասխանը չէ։

Այո՛, այն, ինչ տեղի ունեցավ, առաջին դեպքը չէր։ Նախկինում էլ էին տեղի ունեցել խուլիգանական արարքներ, թիրախավորվել են և՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, և՛ կառավարող ուժի ներկայացուցիչներ։ 

Ընդ որում, այս դեպքերի հետ կապված ունենք իրավիճակ, երբ ինչպիսի արձագանք էլ տան իրավապահները, այդ խուլիգանական արարքների հեղինակները հասնում են իրենց նպատակներին։ 

Քանի որ այդ արարքները լուրջ հանցանք չեն համարվում, ապա դրանց մասնակիցները բերման են ենթարկվում կարճ ժամանակով, ինչն օգտագործում են «քաղաքական հետապնդումների զոհի» կերպար ստեղծելու համար։

Հետևաբար, նման երևույթների դեմ պայքարելու համար այլ մարտավարություն է պետք, պետք է հասկանանք դրանց պատճառը։ 

Իսկ պատճառն այն է, որ նախկին իշխանությունը ֆինանսավորում և օգտագործում է այդ խուլիգանական խմբերն իր քաղաքական նպատակներով։ 

Երբ կոռուպցիայի դեմ պայքարը հասցվի տրամաբանական ավարտի, ապա կդադարի նաև զանազան խուլիգանական խմբերի գործունեությունը, քանի որ ոչ միայն կսպառվի դրանց ֆինանսավորումը, այլև կվերանա դրանց գոյության իմաստը։

– Այս գործողությունները պայմանավորում եք նախորդ իշխանության կողմից իրականացվող գործողություններո՞վ։

– Այո՛, ինչպես ասացի, ես միանշանակ կապ են տեսնում այստեղ։ Որքան առաջ է գնում պայքարը կոռուպցիայի դեմ, և նախկինները հայտնվում են իրենց թալանածը կորցնելու իրական վտանգի առջև, այնքան ակտիվանում է նաև նրանց վարձկանների գործունեությունը։ Օրինակ՝ վերջին շրջանի սրացումները հավանաբար կապված են ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենքի ընդունման հետ։ 

– Դեպքերի նման շարունակականությունը լուրջ խնդիրներ չե՞ն առաջացնի նույն իշխանության համար։

– Իհարկե, նախկիններն ամեն ինչ անում են, որպեսզի խնդիրներ առաջացնեն Հայաստանի հեղափոխական իշխանության համար։ 

Այս առումով խուլիգանական արարքները մարտավարության միայն մի մասն են, այն էլ՝ ոչ ամենահիմնականը։ Մարտավարության մյուս տարրերը կարող են անգամ ավելի վտանգավոր լինել, ինչպես, օրինակ՝ մեդիամանիպուլյացիաները կամ մեր արտաքին քաղաքական գործընկերների հետ Հայաստանի հարաբերությունները փչացնելուն ուղղված գործողությունները։ 

Այս ամենն առավել տհաճ է, քանի որ տեղի է ունենում կորոնավիրուսային ճգնաժամի ֆոնին, երբ աննախադեպ վտանգ է սպառնում մեր քաղաքացիների կյանքին, առողջությանը և բարօրությանը։ 

Այսօր կառավարության ամբողջ ուշադրությունն ուղղված է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված խնդիրները լուծելուն, և այս ֆոնին սադրանքների այս կամպանիան առավել տգեղ է։

– Արդյոք իշխանությունը հեղափոխությունից հետո չի՞ ուշացել, չի դանդաղել, դատաիրավական բարեփոխումներ չի իրականացրել, վեթինգ՝ նույնպես, դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք։

– Ես այսպես կպատասխանեմ այս հարցին։ Ռուսաստանում ասում են, որ կա երկու հիմնական հարց. ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել։ Իհարկե, մենք կարող ենք կենտրոնանալ առաջին հարցի վրա, և ոմանք կասեն, որ մենք որոշ հարցերում նաև թերացել ենք կամ ժամանակ ենք կորցրել։ Բայց ես կարող եմ նաև բերել բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ, թե ինչու հնարավոր չէր այդ գործընթացները մեկ-երկու տարում ավարտել։

Իրականում, բոլոր թերություններով հանդերձ, ես համարում եմ, որ մեզ հաջողվել է հեղափոխությունից հետո խուսափել շատ ավելի լուրջ վտանգներից, որոնցից չեն կարողացել խուսափել հեղափոխություն իրականացրած այլ երկրներ։

Այնպես որ, առաջարկում եմ կենտրոնանալ երկրորդ, ավելի կարևոր հարցի վրա՝ ինչ անել։ Եվ ես արդեն դրա պատասխանը տվեցի՝ շարունակել պայքարը կոռուպցիայի դեմ, վերադարձնել նախկին իշխանության թալանածը։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am