«Ես չեմ ուզում միջամտել Հայաստանի Հանրապետության ներքաղաքական գործընթացներին, և ճիշտ չէ, որ Արցախը միջամտի: Սա չի նշանակում, որ անտարբեր ենք կամ չենք հետևում տեղի ունեցողին, բայց միջամտելը ճիշտ չէ»,- «Մեդիալաբին» ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Շուշիի հռչակագրի մասին «Հայաստան» դաշինքի հեղինակած հայտարարության նախագծի մերժումը:
Նկատենք՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված և այդ երկրների խորհրդարանների կողմից վավերացված Շուշիի հռչակագրի մասին հայտարարության նախգիծը Հայաստանի խորհրդարանում շրջանառել էր խորհրդարանական ընդդիմությունը:
Այսօր հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց և արդյունքում նախագիծը չընդունվեց:
Այդ հռչակագրով, ինչպես հայտարարել էին երկու երկրների նախագահները, բարձրագույն մակարդակի է հասցվում Ադդրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը նաև ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում:
Ընդդիմադիր խմբակցության կողմից ներկայացված հայտարարության նախագծում մասնավորապես, նշվում է. «Այդ հռչակագրով կնքվել է թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակներում:
Թեև փաստաթղթում նշված է, որ այն չի ստեղծվել երրորդ կողմի դեմ, այդուհանդերձ դրա ողջ բովանդակությունն ուղղված է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների, հայ ժողովրդի դեմ: Այն արձանագրում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների ռազմավարական նպատակներն՝ ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների:
Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ձևակերպումները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ համատեղ ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար»:
Իշխող խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ իրենք չեն միանա այս հայտարարության տեքստին, քանի որ դեռևս 8 ամիս առաջ Հայաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է այս խնդրին, որը գրեթե նույնն է, ինչ ընդդիմադիր խմբակցության ներկայացրած հայտարարությունը: Բացի այս, Արսենյանը հավելեց, որ Շուշիի հռչակագրի դատապարտումը չի բխում իշխող ուժի խաղաղության օրակարգից:
«Մենք՝ որպես իշխանություն, արձանագրում ենք այն փաստը, որ մեր հարևան երկրները ունեն իրեն նպատակները, ու միշտ չէ, որ դրանք համընկնում են Հայաստանի նպատակներին, սակայն մենք քարոզարշավին ժողովրդին առաջարկել ենք մեր տեսլականը, որ գնում ենք երկարատև խաղաղության, և ժողովուրդն իր քվեով տվել է այդ ծրագիրն իրականացնելու հնարավորություն: Մենք հռչակել ենք խաղաղության օրակարգ ու ունենք մեր տակտիկական մոտեցումները»,- նիստում ասել էր իշխանական պատգամավորը:
Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը ևս կողմ է հարևանների հետ խաղաղություն հաստատելուն, բայց առայժմ դրա նախադրյալները նրա համար տեսանելի չեն:
«Միայն ապուշ մարդը կարող է դեմ լինել խաղաղությանը, կողմ լինել պատերազմին, բայց ուղղակի, այս պայմաններում, ես կարծում եմ ու համոզված եմ, որ դեռևս վաղաժամ է, որովհետև Թուրքիան ու Ադրբեջանն այլ մոտեցումներ ունեն ու այլ ձևով են տեսնում մեր հարաբերությունների զարգացումը:
Երբ կգա պահը, որ նրանք իսկապես կընդունեն հայ ժողովրդի գոյության իրավունքը, պետականության գոյության իրավունքը, Արցախի գոյության իրավունքն Ադրբեջանի տարածքից դուրս, իսկ մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում, երբ կընդունեն, որ Ցեղասպանություն է եղել, ու դա դատապարտեն՝ ասելով, որ նման բան չի լինի այլևս, ու իրենք պատրաստ են ապրելու մեզ հետ որպես հարևաններ, այդ ժամանակ, միգուցե, հնարավոր կլինի խաղաղությունը կյանքի կոչել: Պետք է ձգտել դրան, բայց, կարծում եմ՝ դա երկար-երկար ժամանակ կպահանջի»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Արցախի արտգործնախարարն ընդգծեց, որ իրենք Շուշիի հռչակագրի մասին իրենց կարծիքը բազմիցս են արտահայտել, բայց կոնկրետ դեպքի մասով դիրքորոշում արտահայտել չցանկացավ՝ կրկնելով, որ Արցախը Հայաստանի ներքաղաքական գործընթացներից դուրս է:
«Շուշիի հռչակագիրը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի համար, որովհետև իր բնույթով ծավալապաշտական է, ու ոչ միայն մեզ համար, այլ նաև մի շարք այլ երկրների, կարելի է ասել՝ քաղաքակիրթ աշխարհի համար նույնպես սպառնալիք է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:
Հավելենք, որ Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների վավերացրած Շուշիի հռչակագիրը դատապարտող նախագծին կողմ քվեարկեցին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ ձեռնպահ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am