«Այդ հռչակագրով Ռուսաստանը փորձեց Ադրբեջանին, գոնե մասնակի, պահել իր ազդեցության ոլորտում». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

Պարո՛ն Սաֆրաստյան, ռուս-ուկրաինական պատերազմում Թուրքիան, կարծես թե, չեզոք դիրք է գրավել: Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը, իրենք այն բացառիկ երկրներից են, որ երկու կողմի հետ էլ ունեն լավ հարաբերություններ, հետևաբար չեն կարող որևէ կողմի առանձնացնել: Թուրքիայի նման դիրքորոշումն ինչո՞վ եք բացատրում:

– Ինչպես ռուսական կողմն է ասում՝ դա հատուկ գործողություն է, ոչ պատերազմ, որում Թուրքիան բնավ էլ չեզոք դիրքորոշում չունի, որովհետև նա բազմիցս հայտարարել է, որ ինքը հավատարիմ կլինի ՆԱՏՕ-ի բոլոր գործողություններին, եթե ծավալվեն Ռուսաստանի դեմ: Թուրքիան փորձում է ներկայանալ որպես չեզոք, որովհետև տնտեսական շահեր ունի Ռուսաստանի հետ, բայց այստեղ կա նաև Մոնտրյոյի պայմանագրի խնդիրը:

Թուրքիան հայտարարեց, որ ինքը հավատարիմ կլինի այդ պայմանագրին ու համաձայն դրա, փաստորեն փակեց Բոսֆորն ու Դարդանելը երկու երկրների նավերի համար: Թուրքիան նաև հայտարարեց, որ ռազմանավերն իրավունք կունենան անցնել Բոսֆորով ու Դարդանելով, եթե նրանք մաս են կազմում Սև ծովում գտնվող նավատորմերի: Հայտնի է, որ Ռուսաստանը, բացի Սև ծովից, այլ վայրերում էլ ունի նավատորմեր՝ ի տարբերություն Ուկրաինայի: Փաստորեն Թուրքիայի այս գործողությունն ուղղված է հիմնականում ռուսական նավերի դեմ, ու արդեն կան տեղեկություններ, որ ռուսական 3-4 ռազմանավի արգելել են Սև ծովով մտնել Բոսֆոր:

Կարծում եմ, որ այս գործողություններն ուղղված են Ռուսաստանի գործողությունների դեմ ոչ միայն Սև ծովում, այլ նաև Ռուսաստանի դիրքերի թուլացմանը Սիրիայում: Հայտնի է, որ Սիրիայում ռուսական զինված ստորաբաժանումները հիմնականում սնուցվում են ծովային ճանապարհով՝ Բոսֆորով ու Դարդանելով, այնպես որ, սա թուլացնում է նաև Ռուսաստանի դիրքերը Սիրիայում, իսկ այս հաշվարկը, վստահ եմ, Թուրքիան կատարել է, որովհետև նա էլ Սիրիայում ունի իր շահերը:

Մոտ մեկ ամիս առաջ նա պատրաստվում էր չորրորդ ագրեսիվ գործողություններն իրականացնել Սիրիայի դեմ, բայց ռուսական ճնշման ներքո դա չարեց, իսկ հիմա այս հնարավորությունն օգտագործում է, որ թուլացնի ռուսական զինված ստորաբաժանումը, որպեսզի իր դիրքերն ուժեղացնի Սիրիայում ու այն օկուպացված տարածքներում, որոնք իր վերահսկողության տակ են:

– Այսինքն՝ որքան էլ փորձում է չեզոք դիրքերից հանդես գալ, այնուամենայնիվ, միանալո՞ւ է այն գործողություններին կամ պատժամիջոցներին, որոնք կձեռնարկվեն ՌԴ-ի դեմ:

– Չեմ կարծում, որ կմասնակցի պատժամիջոցներին, որովհետև դրանք առաջին հերթին իրեն են վնասելու: Չմոռանանք, որ Թուրքիան Ռուսաստանից ներմուծում է մոտ 20 միլիարդի ապրանք, արտահանում՝ մոտ 5 միլիարդի: Եթե այդ պատժամիջոցները հաստատի՝ իրեն կվնասի, դրա համար էլ չի անում, բայց փորձում է օգտվել այս իրավիճակից ու իր շահերն առաջ տանել, ինչը և սպասելի էր:

– Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ հնարավո՞ր է, որ այդ առիթն օգտագործի նաև մեր տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման համար, բնականաբար՝ Ադրբեջանի ձեռամբ:

– Ես չեմ բացառում, որ Ադրբեջանի միջոցով Թուրքիան կփորձի Հարավային Կովկասում ուժեղացնել իր դիրքերը՝ նոր սադրանքներ նախապատրաստելով ու իրականացնելով:

– Իսկ վերջերս ստորագրված ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիրը խոչընդոտ չի՞ լինելու, որ Ադրբեջանը դիմի սադրանքների:

– Համոզված եմ, որ Ռուսաստանն Ադրբեջանի վրա ճնշում է գործադրել, որպեսզի վերջինս ստորագրի այդ հռչակագիրը, որովհետև Ռուսաստանը տեսնում էր, որ իր դիրքերը թուլանում են Հարավային Կովկասում ու իր դիրքերը թուլանում էին նաև ադրբեջանական էլիտայի շրջանակներում:

Կան տվյալներ, որ Թուրքիան Ռուսաստանի հետ կապված ադրբեջանական էլիտային մեկուսացնում է ու հեռացնում իրական գործողություններից, դրա համար էլ Ռուսաստանը որոշեց, որ քանի ուշ չէ՝ Ադրբեջանին փորձել պահել, գոնե որոշ չափով, իր ազդեցության ոլորտում՝ մանավանդ Շուշիի հռչակագրից հետո, որով նոր փուլ է սկսվում թուրք-ադրբեջանական ինտեգրման բնագավառում:

Ռուսաստանը կարողացավ ճնշում գործադրելով՝ Ադրբեջանին ստորագրել տալ այդ հռչակագիրը, բայց մյուս կողմից, համոզված եմ, որ Թուրքիան Ադրբեջանում այնքան է ուժեղացրել իր դիրքերը, որ դժվար թե Ռուսաստանին հաջողվի երկար ժամանակ Ադրբեջանին պահել, գոնե մասնակի, իր ազդեցության ոլորտում: Այնպես որ, ռուս-ադրբեջանական հռչակագիրն ուղղակի ժամանակավոր էֆեկտ կտա, ժամանակավորապես կկանգնեցնի կամ կթուլացնի Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա:

– Պարո՛ն Սաֆրաստյան, եթե Թուրքիան որոշի մեր տարածաշրջանում լարվածություն մտցնել Ադրբեջանի միջոցով, դա կանի Հայաստանի՞, թե՞ Արցախի սահմաններում:

– Չեմ բացառում, որ դա լինի Արցախում՝ուղղված ռուս խաղաղապահների առաքելության դեմ, դրանով իսկ հող նախապատրաստեն, որ Ադրբեջանը հետագայում պահանջի ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից: Կարծում եմ՝ դա Թուրքիայի ստրատեգիական նպատակների մեջ է մտնում:

– Իսկ Հայաստանի սահմանին չի՞ լինելու սադրանք, չե՞ն փորձելու լուծել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը:

– Այս պայմաններում՝ դեռ չէ, բայց իմ նշած այդ սադրանքները պետք է տանեն դեպի այդ խնդրի լուծումը: Սակայն դա հիմա չի լինելու, որովհետև կսպասեն՝ տեսնելու, թե ինչպես են իրադարձությունները զարգանալու առաջիկա տարիներին, որովհետև մենք հիմա մտել ենք այնպիսի խոր աշխարհաքաղաքական փոփոխությունների փուլ, որի արդյունքները դեռ պարզ չեն:

Այնպես որ, թուրքերը, կարծում եմ, հաշվարկել են, որ պետք է փոքր-փոքր քայլերով գնալ դեպի այդ նպատակը, հիմա դեռ չեն արագացնի այդ իրադարձությունները:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am