Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու համար խոչընդոտ այսօր չկա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում այն, որ չնայած Ադրբեջանի նախագահի խոսույթում պարբերաբար «միջանցք» բառն է օգտագործվում, սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ն ոչ միայն չի խոսում միջանցքի մասին, այլև Փաշինյանին է մեղադրում Ադրբեջանի արևմտյան շրջաների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապի հաստատման գործընթացը վիժեցնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ շատ կարևոր է հասկանալ բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է իր կառուցել նոր էսկալացիայի, այսպես ասած, նախապայմանը, իսկ դրա լավագույն ձևը, կարծում եմ, գույքագրելն է և ճշգրտելը այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել մեզ: Ընդհանուր առմամբ, ուզում եմ արձանագրել, մենք խոսում ենք պայմանավորվածությունների մասին, որոնք գրավոր արձանագրված են»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ իր երեկվա ելույթը ծառայել է նպատակին այն առումով, որ այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ից համապատասխան արձագանք է եղել:

«Կառավարությունը նույնիսկ այսօր գրավոր ընթացակարգով կարող է այդ որոշումը կայացնել, ուզո՞ւմ են Հայաստանի ճանապարհները օգտագործեն Նախիջևանի հետ կապ ստեղծելու համար, խնդրեմ: Մենք ասել ենք, որ այդ ճանապարհը ցանկացած պահի կարող է բաց լինել: Ինչ վերաբերում է նոր ենթակառուցվածքների ստեղծմանը, դրան էլ երեկ մանրամասն անդրադարձա»,-ասաց վարչապետը: