Վարչապետի մեքենան երթևեկում է օրենքի խախտմամբ.Fip.am

Օգոստոսի 15-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց «Սուրմալու» առևտրի կենտրոն, որտեղ երեկ տեղի էր ունեցել պայթյուն։Այս մասին հայտնում է Fip.am-ը:

Ինչպես երևում է մամուլում տարածված տեսանյութերից՝ վարչապետի ավտոշարասյան ամենագնացներից մեկի առջևի մասում բացակայում է մեքենայի պետհամարանիշը։ Այնինչ, նույն մեքենայի ետնամասում համարանիշը կա՝ 001 UU: Սա հենց այն մեքենան է, որը սպասարկում է անձամբ վարչապետին, և Նիկոլ Փաշինյանն իջնում է հենց այս մեքենայից։

Հատկանշական է, որ վարչապետին ուղեկցող մյուս բոլոր մեքենաները հաշվառման համարանիշերը կրում էին սահմանված կարգով, և միայն անձամբ վարչապետին տեղափոխող մեքենան էր երթևեկում սահմանված կարգի խախտումով։

Ստացվում է, որ վարչապետը երթևեկում է օրենքի կոպիտ խախտմամբ, քանի որ ըստ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի՝ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով կամ առանց համարանիշների։

Իսկ տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման և հատկացման կարգի համաձայն՝ թեթև մարդատար ավտոմոբիլներին հատկացվում են թվերի ու տառերի միևնույն հավաքածուն պարունակող 2 (դիմացի ու հետին) համարանիշներ։

Այսպիսով, վարչապետին տեղափոխող տրանսպորտային միջոցի՝ առջևի հատվածում հաշվառման համարանիշ չունենալը Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի խախտում է։

Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանը երթևեկում է առանց հաշվառման համարանիշի, քանի որ նախկինում մամուլում տարածված բազմաթիվ տեսանյութերում երևում է, որ վարչապետին տեղափոխող մեքենան մշտապես կրել է հաշվառման համարանիշեր։

Հիշեցնենք, որ նախորդ օրը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով փլուզվել էին առևտրի կենտրոնի շենքն ու հարակից շինությունները։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այս հոդվածի հրապարակման պահի դրությամբ կա 6 զոհ և 17 անհետ կորած։