Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել: Հատուկ քննչական ծառայությունը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) օգոստոսի 8-ին հայտնել էր, որ Մարտի 1-ի գործի շրջանակում կատարված հետախուզական միջոցառումների շրջանակում Աբրահամյանների ընտանիքին պատկանող գործարանում հայտնաբերել է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, ձերբակալվել են Հենրիկ Աբրահամյանը և Ամբիկ Գևորգյանը, որի անունով գրանցված է գործարանը:
Ավելի ուշ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին ասել էր՝ կա վարկած, որ այդ զենքը կիրառվել է 2008թ. Մարտի 1-ի դեպքերի ժամանակ:
ՀՔԾ հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Հենրիկ Աբրահամյանին 10.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող` Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2018թ. օգոստոսի 6-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան`Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Նախաքննությունը շարունակվում է»: