Բանակում տեղի ունեցող երևույթների շուրջ 70 տոկոսի պատճառները բանակի հետ կապ չունեն. Փաշինյան

Բանակում տեղի ունեցող երևույթների շուրջ 70 տոկոսի պատճառները բանակի հետ անմիջական կապ չունեն։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերին։ Նրա խոսքով՝ խնդրի լուծումը հանրության սոցիալ-հոգեբանական փոփոխությունների մեջ է։

Հարցին, թե տեղի ունեցած դեպքերի համար պատասխանատվություն կրո՞ւմ է նաև սպայական կազմը, Փաշինյանը պատասխանել է.

«Սպայական կազմն իր պատասխանատվությունն ունի, սակայն յուրաքանչյուր դեպք պետք է առանձին դիտարկել։ Ընդհանուր առմամբ, այս երևույթի վերաբերյալ իմ դիրքորոշումը նոր չէ։ Սա խնդիր է, որը պետք է լուծել։

Ցավոք, նախարարներ են փոխվում, իշխանություններ են փոխվում, բայց խնդիրը շարունակում է մնալ։ Սա նշանակում է, որ դրա պատճառները շատ ավելի խորն են, քան այն մոտեցումները, որոնցով մենք սովորաբար փորձում ենք առնչվել այդ խնդիրներին»։