Թորոսյանը սուր շնչառական վարակների ակտիվացմանը զուգընթաց դասապրոցեսը դադարեցնելու կարիք չի տեսնում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, չնայած հանրապետությունում սուր շնչառական վարակների ակտիվացմանը, դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու կարիք չի տեսնում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թորոսյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանի հարցին:

«Եղանակային պայմաններով, ինչպես նաև սեզոնով պայմանավորված, երբ սուր շնչառական վարակներն ակտիվանում են, ինչպես ամեն ձմեռ, այս ձմեռ նույնպես ունենք մի փոքր լարվածություն, և դրան ուղղված մի շարք միջոցառումներ են իրականացվում:

Լայն հանրային իրազեկում ենք անում, որպեսզի խուճապի առիթ չլինի, կոչ ենք անում նաև դասերը բոյկոտելու կոչեր չհնչեցնել: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ամեն օր որոշում ենք կայացնում՝ կա կարիք դասերը դադարեցնելու, թե չկա: Այս պահին նման կարիք չկա»,- ասաց Թորոսյանը:

Արսեն Թորոսյանը նշեց, որ հիվանդացության ցուցանիշը նվազում է, իսկ դպրոցներում մեծ թվով բացակայությունները կանխարգելիչ բնույթ են կրում, այսինքն՝ բացակայող երեխաները հիվանդ չեն, բայց դպրոց չեն գնում, որպեսզի չհիվանդանան: