«Կարծում եմ, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն խաղաղության պայմանագրի կնքումից հետո կամ դրան զուգահեռ». Արման Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չի համարում և պնդում է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում խնդրի կարգավորումը՝ դրանով պայմանավորելով խաղաղության հիմնախնդիրները։ Արդյոք սրանով ՌԴ-ի՞ն է պատասխանում դեսպանը, որտեղ վերջին շրջանում հայտարարություններ են հնչում խաղաղության պայմանագրի՝ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների համատեքստում իրականացնելու վերաբերյալ։

– Ես չեմ կարծում, որ դեսպան Թրեյսիի հայտարարությունը Ռուսաստանին էր ուղղված։ Վստահաբար, դա Իլհամ Ալիևին էր ուղղված, որը մի փոքր ուռճացված պատկերացում ունի այն մասին, թե Ադրբեջանի համար ինչն է հնարավոր դարձել պատերազմի արդյունքում և ինչը՝ ոչ։ Մասնավորապես, նա չափից ավելի լավատես է այն հարցում, որ մեծ տերություններն իր պես հարցը լուծված են համարում, որ Արցախի կարգավիճակի հարց գոյություն չունի։ 

Մեծ տերություններն ակնհայտորեն դեմ չէին, որ Ադրբեջանը վերականգնի իր սուվերենությունը Արցախից դուրս հայկական վերահսկողության տակ գտնվող շրջանների վրա։ Գաղտնիք չէ նաև, որ նրանք մեծ ոգևորություն չեն ցուցաբերել Արցախն անկախ ճանաչելու հարցում։ Բայց դա չի կարելի մեկնաբանել որպես հավանություն Արցախն ընդհանրապես քաղաքական ինքնությունից ու որևէ կարգավիճակից զրկելու Ալիևի նպատակին։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանն ու նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարմանը. նոյեմբերի 9-ի փաստաթղթում ոչինչ չկա Արցախի կարգավիճակի մասին, հետևաբար Ռուսաստանի հայտարարություններն այդ պայմանավորվածությունները հարգելու վերաբերյալ չեն կարող համարվել որպես Արցախի կարգավիճակը սահմանելու կոչ, առավել ևս՝ որպես այդ հարցում Ալիևի հավակնություններին տրված հավանություն։ Ռուսաստանի դիրքորոշումը, ինչը բազմիցս արտահայտվել է ԱԳ նախարար Լավրովի միջոցով, հետևյալն է. կարգավիճակի հարցն առժամանակ պետք է առկախել և դրան վերադառնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումից հետո միայն։ 

– Իր հերթին Ֆրանսիայի դեսպանը իր հարցազրույցում նույնպես անդրադարձել է խնդրին՝ նշելով, որ իրականությունն այն է, որ միայն Մինսկի խումբը մանդատ ունի Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու։ «Կարող ենք հուսալ, որ հակամարտությունը լուծվել է, բայց այդտեղ բնակվող մարդկանց անվտանգության հարցը լուծված չէ»,- ասել է դեսպանը։ Այս կտրուկ շեշտադրումներն ինչո՞վ են պայմանավորված։

– Ենթադրում եմ` նույն մտահոգությամբ. Ալիևին ուղերձ է հղվում այն մասին, որ Արցախի հարցը վերջնականապես լուծված չէ, ու որ Մինսկի խումբը մնում է այն ձևաչափը, որտեղ պետք է լուծվի կարգավիճակի հարցը։ 

– Ընդհանրապես, խաղաղության պայմանագրի կնքումը որքանո՞վ է ռեալ այս փուլում։ 

– Ես կարծում եմ, որ դա բավականին ռեալ է, որովհետև կարծես բոլոր կարևոր ուժի կենտրոնները շահագրգռված են նման պայմանագրի կնքումով։ Այլ հարց է, որ այդ պայմանագիրը կարող է կնքվել առանց Արցախի կարգավիճակի վերջնական սահմանման։ 

– Վերջին շրջանում հաճախ են սկսել խոսել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին։ Ի դեպ, Ռուսաստանը նույնպես շահագրգիռ է այդ հարաբերությունների հաստատմամբ։ Ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայի, Հայաստանի և Ռուսաստանի՝ այս հարցով շահագրգռությունը, և որքանով է այն առհասարակ հնարավոր։

– Պետք է նկատի ունենալ մի պարզ իրողություն. չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջև առկա խոր թշնամանքին, բազմաթիվ տարաձայնություններին ու չլուծված հարցերին՝ դիվանագիտական ու առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման միակ իրական խոչընդոտը եղել է արցախյան հակամարտությունը։ Այսինքն` դա այն հարցն է եղել, որի լուծումը Թուրքիան առաջ է քաշել որպես հարաբերությունների նորմալացման նախապայման։ 

Հայաստանն ինքը միշտ, բոլոր կառավարությունների օրոք, պատրաստ է եղել այդ հարաբերությունների հաստատմանը առանց նախապայմանների։ Թուրքիան պատերազմից հետո որոշ հայտարարություններ արեց, թե այդ խոչընդոտը մեծ հաշվով համարում է վերացած ու թե հիմա սկզբունքորեն պատրաստ է հարաբերությունների նորմալացմանը։ Էրդողանի վերջին հայտարարությունը նույնպես տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։ 

Հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռ ավարտված չէ, և հիմա բանակցություններ են գնում խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն այդ պայմանագրի կնքումից հետո կամ դրան զուգահեռ։ 

Ես չունեմ որևէ տեղեկություն, որ Ռուսաստանը երբևէ արգելք է հանդիսացել այդ հարաբերությունների հաստատմանը։ Հիմա, երբ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններն ընդհանուր առմամբ բավականին ջերմ են, Ռուսաստանը պիտի որ որևէ լուրջ առարկություն չունենա այդ հարաբերությունների հաստատման դեմ։ 

Մանե Հարությունյան 

MediaLab.am