Ժեխը. հայ քաղաքական տերմինաբանության նոր աստղը

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

– Լսիր, էդ որ ասում են՝ ժեխ, ժեխ, էդ ի՞նչ ա։

Մի օր տաքսի նստելուն պես հարցրեց ընկերուհիս։ Ես չհասցրեցի պատասխանել։

– Ժեխը մենք ենք, ազի՛զ ջան,- արձագանքեց վարորդը։ 

Ճիշտն ասած՝ չեմ խորացել բառի ստուգաբանության մեջ և չգիտեմ, թե այն որտեղից է գալիս և ինչ արմատ ունի, բայց մի բան ակնհայտ է՝ ժեխը այլևս քաղաքական տերմին է։

Պատերազմից հետո այս բառը սկսեց շրջանառության մեջ դրվել հիմնականում երկրի ընդդիմադիր հատվածի կողմից։ Դրա քաղաքական արդյունավետությունն ի սկզբանե կասկածելի էր։ Եվ ահա թե ինչու: 

Պատճառ թիվ 1

Թվում է, թե ներկայիս իշխանությանը սատարողներին ժեխ անվանելով՝ դու՝ որպես ընդդիմադիր անհատ, ընդգծում ես քո և քեզ պես մտածողների յուրահատկությունը. դուք զոմբի չեք, խաբված չեք, դուք իրականությունն եք տեսնում։ Այսպիսով կարծես թե հրավիրում են հասարակության մի մասին միանալ ճիշտը հասկացածների էլիտար ակումբին։ 

Հաշվի առնելով, որ մարդիկ միշտ էլ ձգտում են նման թիմից լինել, սա պետք է որ աշխատեր։ Բայց նման ռազմավարությունն ընտրած անձինք մոռանում են, որ հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ուներ գրեթե 90%-ի հասնող վարկանիշ։ Այսինքն՝ ժեխը բոլորն են։ Եվ եթե անգամ այսօր քաղաքացին դեմ է իշխանությանը, նա հիշում է, որ կողմ է եղել, նա հասկանում է, որ ժեխը ինքն է։ Բնականաբար, դա հակակրանք է առաջացնում։

Պատճառ թիվ 2

Իրավիճակը բարդանում է նրանով, որ հաճախ այս տերմինը դրոշակի պես թափահարում էին մարդիկ, որոնք տասնյակ տարիներ հենց պատասխանատու են եղել այն բանի համար, որ երկրում ժեխ չլիներ, լինեին գիտակից քաղաքացիներ։ Անգամ եթե ընդունենք, որ նրանց խոսքում արդարության սերմ կա, ապա ստացվում է հետևյալը. տիկնա՛յք և պարոնայք, դուք ժեխից քաղաքացի դաստիարակելու ձեր գործը ձախողել եք և հիմա նեղանում եք ձեր աշխատանքի արդյունքից։

Պատճառ թիվ 3

Այս տերմինի մեջ կա ևս մեկ վիրավորական տարր։ Ժեխի հավաքական պատկերը, որպես կանոն, անկիրթ, սովորաբար աղքատ, անդուր տեսքով մարդիկ են։ Երբ թանկարժեք կոստյումով կամ կոկիկ, սպիտակ վերնաշապիկով մարդիկ այսպես են անվանում երկրի բնակչության մի մասին, նրանք հավանաբար մոռանում են աղքատության ցուցանիշները։ Եվ երբ քեզ՝ աղքատ և գուցե անկիրթ քաղաքացուն, թանկարժեք մեքենայի սեփականատերը ժեխ է անվանում, դա ավելի է բորբոքում քո՝ առանց այդ էլ անարդարության զգացումից չարացած միտքը։ Ավելի ուժեղ է ընդգծում էլիտայի և հասարակության միջև ձևավորված անջրպետը։ 

Իսկ այս ֆոնին ինչ-որ մեկն ասում է՝ «հպարտանում եմ քեզնով»… Հետևությունները թողնում եմ ընթերցողին։

Եվ վերջում՝ ես հատուկ անուններ չեմ նշում, քանի որ կարծում եմ, որ բոլորն էլ անկեղծ են իրենց մեղադրանքների մեջ: Անկեղծ են իրենց պայքարում և իրենց տեսակետն առաջ տանելու մեջ: Այստեղ մենք գործ ունենք մեր հասարակության խորքային, շատ հաճախ՝ չգիտակցված խնդիրներից մեկի հետ: 

Կարծում եմ՝ ժեխը նաև մեր երկրում իշխող հոգեբանական անհասունության արտահայտիչն է։ Պատերազմից հետո երևի թե միայն ծույլը չի խոսել պատասխանատվության մասին։ Այդուհանդերձ, հասարակության մեջ վերից վար գեթ մեկ մեղավոր չգտանք, որը կընդուներ իր մեղքը։ Բոլորի մոտ՝ իշխանությունից մինչև ընդդիմություն, գյուղացուց մինչև գեներալ, դիմացինն է մեղավոր։ 

Սա հետաքրքիր ֆենոմեն է։ Քանի որ մեղքի զգացումը, եթե կուզեք, ամենևին էլ վատ զգացում չէ։ Այն հստակ մատնանշում է մեր սուբյեկտայնությունը։ Եթե դու ունես մեղքի զգացում, նշանակում է՝ գիտակցում ես, որ ունեցել ես գործելու հնարավորություն, դու կարող էիր ազդել կատարվածի վրա և ձախողել ես։ Սա շատ կարևոր երևույթ է, որից, սակայն, մեր հասարակությունը նախընտրում է փախչել։ Մենք մեղավոր չենք, քանի որ մենք ոչինչ չէինք կարող անել, մենք պատասխանատվություն չենք կրում, մենք չկանք խաղի մեջ։ Մենք համաձայն ենք մեզ զգալ օբյեկտ, սա գուցե ստորացուցիչ, բայց շատ ավելի հարմար դիրք է, քան սեփական սխալն ընդունելը, ասելը՝ ես կարող էի և ձախողեցի։

Ընդդիմադիր ժեխը իշխանական նախկինների հայելային նարատիվն է։ Մեծ հաշվով՝ նույն մեսիջը, որի գլխավոր իմաստը հետևյալն է՝ ես մեղավոր չեմ։

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am