Պիտի սահմանվի հրավառությունների ազատ կազմակերպման արգելք. Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Դեռևս 2020թ. քննարկում էինք հրավառությունների կազմակերպման կարգի խստացման հարցը։

2021թ. նախաձեռնությունը ստացավ կառավարության համաձայնությունը և ուղարկվեց Ազգային ժողով։ Հասկանալով հանդերձ գործարարների տնտեսական շահերը՝ կարծում եմ, որ, այնուամենայնիվ, հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի, ինչպես նախատեսված էր մեր առաջարկած կարգավորմամբ։ Նախագծով՝ հրավառությունները թույլատրվելու էին միայն պետական ու համայնքային միջոցառումների դեպքում, հրագործական արտադրանքի ազատ վաճառքն արգելվում էր։

Դրանց ազատ կիրառումը ոչ միայն խախտում է հասարակական կյանքը, մարդկանց անդորրը, այլև հաճախ հանգեցնում ֆիզիկական վնասվածքների։

Նույնիսկ այս օրերին է շարունակվում դրանց օգտագործումը՝ հարուցելով մեր համաքաղաքացիների զայրույթը։ Համոզված եմ, որ հրավառությունների՝ ազատ կազմակերպման արգելքը պիտի սահմանվի, և հորդորում եմ ԱԺ-ի մեր գործընկերներին ձեռնամուխ լինել այդ նախաձեռնության կյանքի կոչմանը։

Ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»։