ՌԴ դեսպանատան անհեթեթ կոչն ու Գյումրու սպանությունների քաղաքական կողմը

ՌԴ դեսպանատան անհեթեթ կոչն ու Գյումրու սպանությունների քաղաքական կողմը
ՌԴ դեսպանատան անհեթեթ կոչն ու Գյումրու սպանությունների քաղաքական կողմը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն դեկտեմբերի 14-ին, բավական ուշագրավ հաղորդագրություն է տարածել դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից 57-ամյա կնոջ սպանության վերաբերյալ:

Հաղորդագրությունում դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է անում չքաղաքականացնել գյումրեցի կնոջ սպանությունը և «չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը»:

Դեսպանատան հաղորդագրությունը, սակայն, հնչում է նույնքան անհեթեթ, որքան իր հիշվող արտահայտություններով հայտնի ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը՝ ԱԺ ամբիոնը չքաղաքականացնելու մասին, և ահա թե ինչու:

Իրականում Գյումրու ռազմաբազայի զինծառայողների կողմից Հայաստանի տարածքում կատարված հանցագործությունները նախևառաջ պետք է դիտարկել քաղաքական տեսանկյունից, քանի որ նման դեպքերից հետո բոլոր գործողությունները նախատեսված են «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով, որը, անկասկած, հենց քաղաքական փաստաթուղթ է և վերաբերում է երկու երկրների հարաբերություններին:

Ըստ այդ համաձայնագրի, ռուսական ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ: Այնինչ, իրականում հանցագործության մեջ կասկածվողը չի ձերբակալվել հայկական իրավապահների կողմից և պահվում է ոչ թե հայկական իրավապահների մոտ, այլ նույն՝ տխրահռչակ 102-րդ ռազմաբազայում: Իսկ թե ինչո՞ւ է այդ ռազմաբազան տխրահռչակ, թերևս, հայտնի է բոլորին: Եվ այստեղ ևս հարկ է նշել, որ ռազմաբազայի հետ կապված ամենաողբերգական դեպքը՝ զինծառայող Պերմյակովի կողմից գյումրեցի ընտանիքի սպանությունը, նույնպես գտնվում էր քաղաքական համատեքստում, քանի որ այն ժամանակ ևս մարդասպանը հայտնվել էր ոչ թե հայ իրավապահների ձեռքում, այլ ռուսական ռազմաբազայում:

Այս հարցը, ի հեճուկս ՌԴ դեսպանատան կոչերի, հենց քաղաքական է, քանի որ եթե ռուսական կողմը ինքն է ձերբակալում Հայաստանի տարածքում հանցագործություն կատարած իր զինծառայողներին և պահում իր մոտ, ապա դրանով խախտում է հայ-ռուսական վերոնշյալ պայմանագիրը, ինչին, անշուշտ, պետք է քաղաքական արձագանքներ տրվեն:

Վահե Ղուկասյան

fip.am