«Այստեղի հարկերը, կապ չունին Սիրիայի հարկերի հետ». Սիրիահայերի «Օրիենտոն» դատարկ, պարտավորությունները` դռան առաջ

«Այստեղի հարկերը, կապ չունին Սիրիայի հարկերի հետ». Սիրիահայերի «Օրիենտոն» դատարկ, պարտավորությունները` դռան առաջ
«Այստեղի հարկերը, կապ չունին Սիրիայի հարկերի հետ». Սիրիահայերի «Օրիենտոն» դատարկ, պարտավորությունները` դռան առաջ

Երևանի կենտրոնում գործող «Օրիենտո» ռեստորան մուտք գործելուն պես հյուրընկալ տանտերերն ընդառաջ են գալիս ու ժպիտը դեմքին դիմավորում հաճախորդներին:
Արևելյան շնչով լեցուն ռեստորանի աշխատակիցները, չնայած սակավաթիվ հաճախորդներին, սիրիահայերին հատուկ բարեկրթությամբ ու ջերմությամբ են սպասարկում:

«Օրիենտո»-ի տիրուհին` հալեպահայ Թամար Երանոսյանն է, ով մի անի ամիս առաջ է Սիրիայից Հայաստան տեղափոխվել եւ Երեւանի կենտրոնում` օպերայի շենքի հարևանությամբ ընկերների հետ արեւելյան ռեստորան հիմնել:

Սեփականատերերը նշում են, որ «Օրիենտոն» դարձել է Երևանում բնակվող սիրիահայերի յուրահատուկ հավաքատեղի, որտեղ մշտապես հնչում է արաբական երաժշտություն, մատուցվում են արաբական տարատեսակ ուտեստներ: Եւ չնայած ռեստորանը գործում է արդեն երեք ամիս, բայց շատ քիչ հաճախորդներ ունի:

Երանոսյանը շտապում է բացատրել, որ սիրիահայերը ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում ամեն օր այստեղ գալ, իսկ տեղացիները չգիտեն ռեստորանի մասին:

«Սիրիահայերը պատերազմեն են փախել, մեծամասնությունը գործ չունի: Եթե գան ռեստորան, գումար պիտի ծախսեն, բայց անոնց ֆինանսական վիճակը լավ չէ:

Երևանցիներն էլ չեն գիտեր, որ այս ռեստորանը կա, դրա համար շատ քիչ են գալիս»,- «Մեդիալաբին» ասում է Թամար Երանոսյանը:

Նա ամուսնու ու երկու զավակների հետ է Հայաստան եկել: Ինչպես ինքն է ասում, ընտանիքով եկել են շրջագայության, բայց լսելով, որ Հալեպում իրավիճակը սրվել է, այլևս չեն վերադարձել ծննդավայր: Այնուհետև նրանց են միացել Թամարի ամուսնու ծնողներն ու քույրը: Սակայն Թամար Երանոսյանի ծնողներն ու եղբոր ընտանիքը շարունակում են Հալեպում ապրել:

Ասում է՝ Հալեպում այս օրերին պարբերաբար էլեկտրականություն չկա, գրեթե չի կարողանում կապ հաստատել հարազատների հետ, քաղաքի հայկական և մյուս թաղամասերում իրավիճակը շարունակում է լարված մնալ, օդակայանը փակ է, մարդիկ չեն կարողանում երկրից դուրս գալ: Հայաստանում Թամարն ամեն օր աղոթում է Հալեպում ապրող հարազատների համար ու կարոտով հիշում Հալեպի քրիստոնեական թաղամասում գտնվող իր նորակառույց տունը: Ասում է, որ ընդամենը 8 ամիս է ապրել նորակառույց տանը, իսկ վերջերս հալեպցի հարևաններից լուր է ստացել, որ կրակոցներ են եղել տան ուղղությամբ:

«Փառք տվի Աստծուն, որ հոն չէի, եթե ես կամ պզտիկներս նստած հաց ուտեինք այդ սեղանի վրա, փամփուշտը մտներ տուն, սարասափելի էր: Կարևորը առողջություն ըլլա, տունը-տեղը հետ կուգա»,- առանց հուսահատվելու ասում է Թամարը:

Երևանի կենտրոնում ռեստորան բացելու համար ստիպված ես ամեն ամիս թանկ վճարել, բայց եկամուտ չկա, այս եզրահանգմանն է եկել Թամար Երանոսյանը՝ վերջին մի քանի ամիսներին սեփական փորձից ելնելով:

«Թանկ է վարձը, որովհետև կենտրոն է, բայց ինչքա՞ն կրնաս գրպանեդ տալ, եթե գործ չիկա: Մենք կփորձենք սիրիացիներ հոս աշխատցնել, քանի որ անոնք անգործ են: Բայց ինչքա՞ն կրնաս աշխատողների գումարը քու գրպանեդ տալ»,- հարցնում է նա:

Ռեստորանն բոլորն աշխատողները սիրիահայեր են, ովքեր փորձում են աշխատել եւ ապրել վառվող Սիրիայից Հայաստան տեղափոխվելուց հետո: Թամար Երանոսյանն ասում է, որ երեք ամիս հարկեր չեն վճարել, քանի որ Պետական եկամուտների կոմիտեին իրազեկել են, որ գործ չկա: Սակայն արդեն այս ամսից պետք է հարկային դաշտում գործեն: Ռեստորանի տիրուհին համեմատում է Հայաստանի ու Սիրիայի հարկերը և ասում, որ Հայաստանում դրանք դրանք շատ բարձր են:

«Ես ըսի հարկայինում, թե Սիրիայում օրենք կա, որ առաջին երկու-երեք տարին ազատ կձգեն քեզի, մինչև կամաց-կամաց կքալես: Հնարավոր չէ, որ ճաշարանի բացումն ընես և աշխատի, առնվազն մեկ տարի կուզե, որ այս ճաշարանը ճանչվի և աշխատի: Եվ այդ մեկ տարին դուն արդեն քու գրպանեդ կդնես հարկը, աշխատողներու գումարը: Ըսի՝ մենք Սիրիայում առաջին երկու-երեք տարին չենք մուծե, ետքը չնչին գումարներ է՝ տարին մեկ կերթանք, մեր հարկը կմուծենք կառավարությանը: Ես զարմացած մտիկ կընեի երեկ, թե ինչպիսին են այստեղի հարկերը, կապ չունին Սիրիայի հարկերի հետ»,- ասում է Թամարը:

Նա նաև զարմացած է, որ Հայաստանում փողն արժեք չունի: «Սիրիայում փողն արժեք ունի, նախ՝ ժողովուրդի 90 տոկոսը տուն ունի, բայց Հայաստանի բնակչության 50 տոկոսը տուն չունի: Եթե տուն ունին, ու աշխատավարձն էլ բարձր է, արժանավայել կապրին: Սիրիայում շուկա կեթայիր գումարովդ, բավական մը մեծ ապրանք կբերեիր: Հոս 100 դոլար կմանրես, կիջնես շուկա, բայց քու պետքերու կեսը չես կըրնար հոգալ»,- նշում է հալեպահայ կինը:

Թամարն ամուսնու ու երկու որդիների հետ վարձով է բնակվում Երևանում, ամսական 300 դոլար տան վարձ է վճարում: Ասում է՝ ամուսինը դարբնի աշխատանք է գտել, օրավարձով է աշխատում, բայց աշխատավարձը չի բավարարում անգամ տան վարձը վճարելուն:

Չնայած դժվարություններին՝ Թամար Երանոսյանի ընտանիքը չի մտածում Հայաստանը լքելու մասին: Ասում է, որ եթե Սիրիայում չեն ապրելու, ապա հայրենիք ունեն, որը Հայաստանն է, ուրեմն այստեղ պետք է ապրեն: Հայաստանի կառավարությանը Թամար Երանոսյանը միայն մեկ ուղերձ ունի՝ ցանկանում է հարկային արտոնություններ սահմանեն Հայաստանում գործունեություն ծավալող սիրիահայերին: Նրա խոսքով՝ գոնե առաջին մեկ տարին հարկեր չվճարեն, քանի որ սիրիահայերից շատերը Հայաստան եմ գալիս առանց կանխիկ գումարի: Նրանք իրենց ունեցվածքը չեն կարողանում Սիրիայում վաճառել, որպեսզի գումար բերեն Հայաստան: Թամար Երանոսյանն ասում է, որ շատ սիրիահայերի գիտի, որ ուզում են գործ սկսել, թեկուզ փոքր խանութ հիմնել Հայաստանում, բայց հարկերից խուսափում են: «Գոնե օրվա հաց կարողանան աշխատել»,- ասում է նա:

Չնայած սիրիահայերին հարկային արտոնություններ տալու հարցը նախկինում էլ է բարձրացվել, սակայն Հայաստանի կառավարությունն առայժմ կարծես թե մտադիր չէ այս հարցում ընդառաջել պատերազմից փախած մեր հայրենակիցներին:

«Նման նախաձեռություն՝ տնտեսական գործունեություն ծավալելու համար հարկերից ազատել և այլն, այս պահին չկա: Նման ցանկություններ արտահայտվել են իհարկե, բայց հարկերից ազատելու արտոնություն չկա: Բայց այն սիրիահայերը, ովքեր Սիրիայում ունեն սեփականություն՝ սեփական գործարան, արտադրամաս, եթե սարքավորումները տեղափոխեն Հայաստան, կարող են առանց մաքսային վճարների անել»,- «Մեդիալաբին» ասում է սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցով ստեղծված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը: Նրա խոսքով՝ սիրիահայերին ժամանակավորապես հարկային արտոնություն տալու հարցն անընդհատ քննարկվում է, սակայն պարզ չէ՝ դա երբևէ կդառնա՞ իրականություն, թե՞ ոչ:

«Նման հարց սիրիահայերի հետ քննարկվել է, բայց այնպիսի առաջարկներ են լինում, որ նպատակահարմար չէ կատարել: Օրինակ՝ սեփականատերեր կան, ովքեր ասում են՝ տանք մեր սեփականությունը սիրիահայերն օգտագործեն, բայց խնդրում ենք՝ ավելացված արժեքի հարկից ազատել այս կամ այն օբյեկտը: Դա անթույլատրելի է, մեզ համար ի՞նչ տարբերություն՝ սիրիահայ է, ջավախահայ է, թե Արարատի կամ Սյունիքի հայ է: Տնտեսական գործունեություն է ծավալում, մենք չենք կարող մեկին արտոնություն տալ, մյուսին՝ ոչ, մրցակցության գաղափարն է այստեղ հաշվի առնվում»,- ընդգծեց Ֆիրդուս Զաքարյանը: Նա նաև միաժամանակ ասաց, որ կառավարությունը հնարավոր է արտոնություններ սահմանի սիրիահայ խոշոր գործարարների նկատմամբ, ովքեր ցանկություն կհայտնեն խոշոր բիզնես հիմնել Հայաստանում:

Նշենք, որ Սիրիայում ծավալված պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան ժամանած ավելի քան 6000 սիրիահայերի հիմնական խնդիրը շարունակում է մնալ գործազրկությունն ու բնակարանի հարցը:

© Medialab.am