Ի՞նչ նպատակներ են հետապնդում ադրբեջանական սադրանքներն Արցախում․ Պետրոսյան

Քաղաքագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վերջին օրերին Ադրբեջանի կողմից արդեն նաև Արցախի ուղղությամբ ռազմական լարման հստակ մարտավարությունը, տարաբնույթ սադրանքները, որոնք զուգահեռաբար ուղեկցվում են քարոզչական նպատակային լայն արշավով, առնվազն հետևյալ հանգուցային նպատակներն են հետապնդում.

1. Արցախում անվտանգային իրավիճակի պարբերական սրացմամբ ոչ միայն խոչընդոտել հայ ազգաբնակչության վերադարձի շարունակական միտումները, այլև առհասարակ նպաստել նրա հայաթափման գործընթացին՝ արցախցիների շրջանում վերջնականապես սասանելով խաղաղության հնարավորության հանդեպ հավատը և առարկայական դարձնելով արտագաղթի խնդիրը։

2. Տարաբնույթ խնդրահարույց քայլերով բացասաբար ազդել ինչպես ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեության, հեղինակության վրա, այնպես էլ արցախցիների շրջանում խաղաղապահների հանդեպ վստահության, Մոսկվայի աշխարհաքաղաքական հնարավորությունների վրա։

3. Ռազմական սրացումներին զուգահեռ քաղաքական շանտաժի ճանապարհով հասնել ՊԲ զինաթափմանն ու զորացրմանը։

4. Նպատակային քաղաքականության միջոցով որոշակի ժամանակահատվածում հասնել Արցախի հայաթափմանը։ Քանի որ, վստահաբար, Արցախն Ադրբեջանին պետք է և Ադրբեջանինը կարող է դառնալ բացառապես առանց տեղաբնիկ հայ ազգաբնակչության։ Իսկ Արցախի՝ աներկբայորեն հայկական մնալու հեռանկարի պարագայում երաշխավորվում է նաև տարաբնույթ գործառութային ձևափափով ՌԴ ներկայության շարունակական ապահովումը տարածաշրջանում, եթե միայն Մոսկվան ինքնուրույն չորոշի լքել այն։

Վերոնշյալի համատեքստում, պարզորոշ ուրվագծվում է նաև հայկական կողմի անելիքները՝ հնարավոր բոլոր ուղղություններում ձախողել ադրբեջանաթուրքական տանդեմի ծրագիրը։ Նպատակային քայլերի տրամաբանությունը ենթադրում է ռազմաքաղաքական, տնտեսական հարթություններում առավելագույնս ամրապնդել Արցախը, տեղում լավագույնս համագործակցել ռուս խաղաղապահների հետ, միջազգային կառույցներում աշխուժացնել Արցախի կարգավիճակի առնչությամբ քննարկումները և այլն։