Որոշել եմ շարունակել գործունեությունս՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անկուսակցական նախագահ. Թագուհի Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ հայտնելով, որ «երկար ծանրութեթև է արել» և որոշել է շարունակել իր գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անկուսակցական, անկախ նախագահ:

«Ստեղծված իրավիճակում համաձայն լինելով ընդդիմադիր գործընկերներիս բարձրաձայնումներին՝ առկա վտանգների, սպառնալիքների և մարտահրավերների վերաբերյալ, որոնց առջև կանգնած է մեր երկիրը, այդ թվում նաև՝ դրանց դիմակայելու անհրաժեշտությունից ելնելով՝Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անկուսակցական, անկախ նախագահ: Մարդու իրավունքների պաշտպանությունը ապակուսակցական առաքելություն է»,- մասնավորապես ասված է Թովմասյանի գրառման մեջ:

Տեղեկացնենք՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադևոս Ավետիսյանն ու Արթուր Խաչատրյանը տեղեկացրել են՝ հրաժարվում են ԱԺ հանձնաժողովների նախագահի տեղակալի պաշտոններից։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն էր հայտարարություն տարածել՝ հայտնելով, որ հրաժարական է ներկայացնում ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովն այսօր որոշեց Իշխան Սաղաթելյանին հետ կանչել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից  և դադարեցնել Վահե Հակոբյանի լիազորությունները որպես տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ: