Սևանա լճի մակարդակը 5 սմ-ով ավելի բարձր է, քան նախորդ տարվա այս օրը. Նախարար

Սևանա լճի մակարդակը 5 սմ-ով ավելի բարձր է, քան նախորդ տարվա այս օրը. Նախարար
Սևանա լճի մակարդակը 5 սմ-ով ավելի բարձր է, քան նախորդ տարվա այս օրը. Նախարար

Այսօր Սևանա լճի մակարդակը 5 սմ-ով ավելի բարձր է, քան նախորդ տարի այս օրը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Պատգամավոր Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց՝ ո՞րն է կառավարության ռազմավարությունը Սևանի հարցում:

Նախարարը պատասխանեց, որ լճի հետ կապված բոլոր գործողությունները միտված են լճի մակարդակի բարձրացմանը, կեղտաջրերի և օրգանական նյութերի ներհոսքի նվազեցմանը:

«Կա ծրագիր, կա հաստատված Սևանի մասին օրենք, որով մինչև 2030 թվականը նախատեսվում է, որ լճի մակարդակը պետք է բարձրանա 1903.5 մետր, որպեսզի ապահովվի հավասարակշռությունը, և անդառնալի կորուստներ չլինեն: Բայց այդ հաշվարկներն իրականացվել են այլ ելակետային պայմանների ժամանակահատվածում, այսինքն՝ և կեղտաջրերի ներհոսքն է քիչ եղել, և բնակլիմայական փոփոխություններն այսքան ավելի խոցելի չեն եղել»,- նշեց նախարարը:

Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ Գերմանիայի կրթության նախարարությունը մի քանի օր առաջ մոտ կես միլիոն եվրոյի չափ դրմաշանորհ է տրամադրել գերմանական ինստիտուտին, որպեսզի Սևանի մասով հետազոտություններն իրականացնեն:

Նա հավելեց, որ լճի ափամերձ տարածքների մաքրման համար 2020 թվականի բյուջեով նախատեսված է մոտ երեք անգամ ավելի գումար, քան մինչև հիմա նախատեսված է եղել:

Մյուս միջոցառումն այն է, որ կեղտաջրերի մաքրման կենսաբանական կայաններ պետք է տեղադրվեն մարզի երեք խոշոր քաղաքներում: