Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա

Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին: Այդ մասին տեղեկացնում են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից:

«Սա հայկական ամենախորհրդանշական կենտրոններից մեկն է: Սրահում շաբաթական սովորում են ավելի քան 250 երեխա: Անհանգստությունս անսահման է: Վստահ եմ՝ Ֆրանսիայի կառավարությունը կերաշխավորի հետագա անվտանգ գործունեությունն ապահովելու համար: Մենք անկոտրում ենք», – «Հայերն այսօրի» հետ զրույցում ասել է «Աբովյան» վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը: Տեղի ունեցածից հետո ոստիկանությունը այցելել և ուսումնասիրել է դեպքի վայրը:

Հրազենը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ դաշնամուրի դաս էր
անցկացվում: Տուժածներ չկան: Դեպքի առնչությամբ Մշակույթի կենտրոնի նախագահը բողոք է ներկայացրել ոստիկանություն:

Մշակույթի կենտրոնը Հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է: Արցախյան պատերազմի ժամանակ այն համակարգում էր Մարսելից և երկրի հարավից դեպի Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը:

Մինչև այս նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, երբ վանդալիզմի էր ենթարկվել Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը:

Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրք ծայրահեղ ազգայնական խմբավորումը, որը լուծարվեց Ֆրանսիայում: