Հոկտեմբերի 6-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ հրավիրվել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներում առկա հիմնախնդիրներին:
Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: Խորհրդակցության ժամանակ Բակո Սահակյանը «ընդգծել է, որ գյուղատնտեսության եւ առհասարակ տնտեսության մյուս բոլոր ճյուղերի զարգացման գործում անհրաժեշտ է հաշվի առնել բնության պահպանության հիմնախնդիրները՝ հատկապես հրդեհների եւ բնական այլ աղետների դեմ պայքարը կազմակերպելիս»:
«Այս համատեքստում Նախագահ Սահակյանը կարեւորել է ԿԱ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նշելով, որ ոլորտում առկա հիմնախնդիրները եւ իրականացվող աշխատանքները պետք է լայնորեն լուսաբանվեն զանգվածային լրատվամիջոցների կողմից»,- նշված է ԼՂՀ նախագահականի տարածած հայտարարության մեջ:
© Medialab.am