ԱԱԽ-ը ՄԱՀՀԻ-ում. քննարկում Հայաստանի անվտանգային միջավայրի, համակարգի ու քաղաքականությունների շուրջ

ԱԱԽ-ը ՄԱՀՀԻ-ում. քննարկում Հայաստանի անվտանգային միջավայրի, համակարգի ու քաղաքականությունների շուրջ
ԱԱԽ-ը ՄԱՀՀԻ-ում. քննարկում Հայաստանի անվտանգային միջավայրի, համակարգի ու քաղաքականությունների շուրջ

23 նոյեմբերի, 2019թ, Երևան։  Նոյեմբերի 22-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) տեղի ունեցավ փորձագիտական փակ հանդիպում-քննարկում Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Հայաստանի անվտանգության ներկայիս միջավայրի համատեքստում ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարը հանդես եկավ համապարփակ ելույթով, որում անդրադարձավ ազգային անվտանգությանը սպառնացող ներքին ու արտաքին վտանգների և մարտահրավերների բնույթին, տարբեր ոլորտներում ՀՀ կողմից վարվող քաղաքականությունների անվտանգային բաղադրիչներին, ինչպես նաև ներկայացրեց դրանց դիմագրավելու ողղությամբ ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերն ու տարեսկզբից մշակման փուլում գտնվող ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության համար առաջադրված պահանջներն ու սահմանված ուղենիշները: Հընթացս Ա․Գրիգորյանը հակիրճ ամփոփեց նաև այն ծավալուն աշխատանքը, որն իր գլխավորած կառույցն իրականացրել է Թավշյա հեղափոխությունից հետո՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում, որոնք արդեն իսկ նախադրյալներ են ստեղծել ինստիտուցիոնալ ու համակարգային հիմքերի վրա անվտանգային քաղաքականություններ վարելու համար։ 

Հաջորդիվ ՄԱՀՀԻ փորձագետներն Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ուղղեցին Հայաստանի ռազմական, տնտեսական, էներգետիկ, ժողովրդագրական, տեղեկատվական և բնապահպանական անվտանգությանը վերաբերող հարցեր՝ ոչ միայն սեփական դիտանկյունները ներկայացնելով քննարկվող խնդիրների ու հարցերի վերաբերյալ, այլ հանդես գալով Հայաստանի անվտանգության ոլորտի և ԱԽ գրասենյակի կողմից տարվող քաղաքականության հետ կապված փորձագիտական առաջարկություններով: 

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուստեք կարևորեցին նման հանդիպումները, որոնք հավասարապես օգնում են թե՛ անվտանգության հարցերով զբաղվող փորձագիտական հանրույթին ավելի լավ հասկանալ երկրի վարած անվտանգային քաղաքականությունները, թե՛ լիազոր պետական մարմիններին, որոնք դրա շնորհիվ այլընտրանքային դիտարկումներ ու առաջարկություններ են ստանում հետադարձ կապի միջոցով։ Քննարկման մասնակիցները նման հանդիպումները պարբերական դարձնելու շահագրգռություն և պատրաստակամություն հայտնեցին։   

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի լրատվական ծառայություն