Թուրքական մասնակցությամբ 139 կազմակերպություն է գրանցվել ՀՀ-ում անկախությունից ի վեր․ ինֆոգրաֆիկա․ FIP.am

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վերջերս կայացած ճեպազրույցում, լրագրողի դիտարկմանն ի պատասխան, թե թուրքերը Հայաստանում կապիտալ երբևէ չեն ձեռք բերել, հակադարձեց, որ նրանք մշտապես մեր երկրում անշարժ գույք են գնել և տնտեսական գործունեություն են ծավալել: 

«Դուք հիմա պնդում եք անում, ձեր պնդումը սխալ է: Եթե ուզում եք ճիշտ թվեր իմանալ, պետք է դիմեք Կադաստր, որպեսզի իմանաք, թե Թուրքիայի քաղաքացիները ինչ ներդրումներ ունեն Հայաստանում»,- պատասխանել է նախարարը լրագրողին: 

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է Հայաստանում գործող, թուրքական կապիտալի մասնակցությամբ ընկերությունների թիվը՝ ՀՀ չորս ղեկավարների օրոք, ինչպես նաև պարզել է Թուրքիայի քաղաքացիներին ՀՀ-ում սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի ծավալները: 

Թուրքիայի քաղաքացիների անշարժ գույքը ՀՀ֊ում

Կադաստրի կոմիտեից FIP.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին, որ Հայաստանում Թուրքիայի քաղաքացիներին (ֆիզիկական անձանց) սեփականության իրավունքով պատկանող 77 միավոր անշարժ գույք կա: Ըստ կոմիտեի՝ այդ թվում առկա են 7176 քմ շինություն և 2.21 հա հողատարածք: 

Թուրքիայի քաղաքացիներին պատկանող անշարժ գույքի պայմանագրային գների հանրագումարը կազմում է մոտ ֏ 1 մլրդ 833 մլն

Թուրքական ընկերությունները Հայաստանում 

Կադաստրի կոմիտեից հայտնում են նաև, որ Թուրքիայում գրանցված իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք ՀՀ-ում առկա չէ: 

Միևնույն ժամանակ, FIP․am-ի հարցմանն ի պատասխան Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ պետական միասնական գրանցամատյանի տվյալների համաձայն՝ մեր երկրում գրանցված է 72 ՍՊԸ, որոնց հիմնադիր կամ մասնակից են Թուրքիայի քաղաքացիները: 

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների ուսումնասիրությունից պարզ դարձավ նաև, որ Թուրքիայի քաղաքացիները 1991-2022 թթ․ մասնակցություն են ունեցել ՀՀ-ում գործող 139 կազմակերպությունում։ Ընկերությունների մի մասը դադարեցրել է գործունեությունը: Մնացած 91-ը շարունակում են գործել, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանց մի մասից թուրքական կապիտալը հեռացել է, և այժմ ՀՀ-ում թուրքական կապիտալի մասնակցությամբ գործող 72 ընկերություն է մնացել:

Ընդհանուր առմամբ, այս տարիների ընթացքում Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ ՀՀ-ում ամենաշատ ընկերություններ բացվել են Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին՝ 54-ը, և նույն տարիներին էլ ամենաշատ թվով դադարել են գործել՝ 30։    

Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ներկայացված են Հայաստանի չորս ղեկավարների կառավարման տարիներին ՀՀ֊ում գործունեություն սկսած, թուրքական կապիտալի մասնակցությամբ ընկերությունների թվերը՝ ըստ կարգավիճակի: 

Փաստերի ստուգման հարթակ